
Ադրբեջանն այսօր կրկին դիմել է սադրանքի, ընդ որում՝ մի քանի ուղղություններով։ Կրկին ունենք զոհ։ Հրադադարի ռեժիմն անընդհատ խախտելուց հետո Ադրբեջանի կողմից այսօր արդեն դիպուկահարներ են գործել։ Եվ սա այն դեպքում, երբ օրերս ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ հետաքննություն է իրականացնում Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ուղղությամբ։
ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրներից ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն է Twitter-ի իր միկրոբլոգում գրել, որ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար:
Վերջին օրերին Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի պայմնավորվածությունը, որը նոյեմբերի 9–ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների հիմքն է։ Այդ ամենն արվում է ցուցադրաբար, ՌԴ խաղաղապահության «տիրույթում», ինչն, ըստ էության, վնասում է հենց խաղաղապահների վարկանիշին։
Բազմաթիվ դեպքերից Ռուսաստանն առանձնացրել է օգոստոսի 11–ի ադրբեջանական սադրանքը և հայտարարել, որ դրա առնչությամբ հետաքննություն է սկսելու։ Հակամարտության պատմության մեջ թերևս առաջին անգամ սահմանային սադրանքի առիթով նշել է կոնկրետ հասցեատիրոջ անուն՝ առանց «կողմերին կոչ անելու» ավանդական ձևակերպման։ Սակայն ավելին սպասել ՝ պատժամիջոցների կամ ինչ–որ քայլերի տեսքով, այս փուլում պետք չէ՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշել է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

«Կարող ենք ֆիքսել, որ խախտվել է հրադադարը, ինչը կոնկրետ հետևանքներ դժվար թե ունենա։ Սովորաբար նման դեպքերում մի քանի խախտումից հետո, այն էլ՝ քաղաքական կամքի առկայության պարագայում, հետևանքներ ունենում են։ Ցավոք, մենք չենք կարող լուրջ հետևանքներ ակնկալել, և սա կլինի ուղղակի հերթական երևույթը»։
Հուլիսի 29–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը։ Հայաստանը միանգամից արձագանքեց դրան պատրաստակամությամբ, իսկ անցած շաբաթ արդեն՝ վարչապետի մակարդակով նոր հստակ առաջարկությամբ՝ միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկելու մասին․

«Կարծում եմ՝ դա պետք է լինի ՀԱՊԿ պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ–ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ նախագահության դիտորդական առաքելությունը։ Սադրիչ գործողություների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Հրադադարի ռեժիմի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»։
Սա առայժմ առաջարկ է, որը դեռ պետք է քննարկվի։ Հետևաբար՝ վերլուծաբան Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ գործնական որևէ քայլ այս ուղղությամբ մոտ ապագայում չի ձեռնարկվի։
«Կարծում եմ՝ առաջարկներից հերթականն է։ Մինչև իրական կյանքում «միս ու արյուն» ստանալը՝ դեռևս շատ ճանապարհ ունի անցնելու։ Չեմ կարծում, որ մոտ ժամանակներս մենք այդ մոնիտորինգի իրական մեխանիզմներն ունենանք»։

Մոնիտորինգի մեխանիզմը գործարկելու վերաբերյալ որոշ փակագծեր բացել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ «Պետք է տեղակայվեն մոնիտորինգային համակարգեր կամ խմբեր սահմանի երկայնքով, որպեսզի շատ հստակ գնահատական տրվի, թե սահմանային բախումները ում կողմից են հրահրվում»,– «Սպուտնիկ–Արմենիա»–ի եթերում ասել է խորհրդարանի փոխխոսնակը։ Նրա խոսքով՝ միջազգային հարթակներում հավանության է արժանացել Հայաստանի՝ ավելի վաղ արած առաջարկներից մեկը․
«Հայաստանի դիրքորոշումը պարզորոշ ներկայացվել է, ի դեպ, մոտեցումները աջակցությունն են գտել ՄԽ համանախագահող երկրների մոտ, որ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց պետք է մեկնարկի, զորքերը պետք է դուրս բերվեն առաջնագծից և ելակետային դիրքեր տարվեն, որը նշանակում է, որ շփման գծում այլևս զինված խմբեր չեն լինելու։ Այլ բան է, որ ադրբեջանական կողմից այս օրակարգը, ըստ էության, չի պաշտպանվում, բայց մենք պնդելու ենք, որ սա տեղի ունենա։ Մենք համարում ենք, որ Հայաստանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը այլընտրանք չունի։ Մենք պետք է հստակ ուրվագծենք հայ–ադրբեջանական սահմանը, և դա պետք է երկկողմանի ճանաչվի, ՄԽ համանախագահ երկրների կողմից նույնպես»։
ԱԺ փոխնախագահը համոզված է, որ դիվանագիտական ճանապարհով կհաջողվի լուծել ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտման հարցը։
«Այդ զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, և քարտեզների համադրմամբ է դա ապացուցվել և մեր միջազգային գործընկերներին են այդ քարտեզները տրամադրվել»։
Ռազմաքաղաքական տեսանկյունից ստեղծված իրավիճակում նոր զարգացումներ հնարավոր են։ Վերլուծաբան Մհեր Հակոբյանն օգտագործում է «շանտաժ» բառը։
«Սա խոսում է Ալիևի դժգոհության մասին։ Վերջին պատերազմից հետո Ալիևը ակնհայտորեն ավելի շատի հույս ուներ, քան փաստացի ստացավ։ Հայկական կողմին համարելով դեմորալիզացված և շշմած վիճակում՝ հույս ուներ ավելին ստանալ, հայկական կողմը համառեց, նաև ռուսական կողմը որոշակիորեն աջակցեց հայկական կողմին այդ համառելու հարցում, արդյունքում՝ Ալիևը արդեն որոշակի նյարդային մոտեցում ունի, որովհետև զգում է, որ չի ստանում իր ուզածը ու գնալով չի էլ ստանալու։ Այս ֆոնին էլ որոշակիորեն սրվում են ռուս–թուրքական և ռուս–ադրբեջանական հարաբերությունները։ Իր ցանկացածին հասնելը Ալիևի համար ավելի ու ավելի դժվար է դառնում ։ Այդ առումով ուղղակի փորձում են շանտաժ անել»։
Քաղաքական սակարկումների և անհայտ ժամկետներում ավարտվող ռուսական հետաքննության արանքում ավելանում է սահմանային սադրանքների ու միջադեպերի քանակը։ Միայն մեկ օրում Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց ապարդյուն, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմը նոր զոհ ունի՝ զինծառայող, որը դարձել է դիպուկահարի թիրախ։




