
«Սևան երիտասարդական ակումբ»–ի անդամների գլխում UPDATE ծրագրի գաղափարը ծնվել էր դեռ անցած տարի։ Շրջել էին մարզի շուրջ 6 համայքներում, լսել ու հավաքել ժողովրդական անհայտ երգերը, պայմանավորվել երաժշտական բենդերի հետ, կազմակերպել բացօթյա համերգ սեպտեմբերի 26-ին, որտեղ մարզի տատիկի-պապիկների շուրթերից լսած երգերը պիտի հնչեին նորովի՝ արդեն գործիքավորված տարբերակով։
Այդ օրը երգերի պրեմիերաներին խանգարեց վատ եղանակը, իսկ հաջորդ օրն սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Բայց երգերը մարզի տարեցների շուրթերին չմնացին։ ՀԿ անդամ, ծրագրի համակարգող Օֆելյա Սարգսյանն է պատմում․

«Կան երգեր, որոնք ծագումով Ապարանից են կամ Թալինից, իսկ ինչու՞ Գեղարքունիքից հայտնի երգեր չունենք։ Թիմով գաղափար առաջացավ, որ կարող ենք մի նախագիծ սկսել, որի շրջանակում կբացահայտենք մեր մարզի ժողովրդական երգերն ու կհանրայնացնենք դրանք։ Քանի որ աշխատանքը արվել էր ու պետք է իր տրամաբանական ավարտը ունենար, որոշեցինք էլեկտրոնային գրքույկներ թողարկել, որոնք, ի դեպ, հասանելի են։ Այն կոչվեց «10 երգ Գեղարքունիքի մարզից»,- ՀԿ անդամ, ծրագրի համակարգող Օֆելյա Սարգսյանն է պատմում»։

Այս տարի որոշել են շարունակել նախորդ տարի կիսատ թողած ծրագիրը՝ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ։ Կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Մերի Սեդրակյանի խոսքով՝ արդեն 2 ամիս Գեղարքունիքի տարբեր համայնքներ են այցելում, երգեր լսում ու հավաքում դրանք։

«Եթե նախորդ ծրագրի ընթացքում ընդամենը 6 համայքնում ենք եղել, այս անգամ հասցրել ենք 12 համայնքում լինել։ Վարդենիսի, Գավառի, Մարտունու, Սևանի շրջաններում ենք եղել, մեր տեղեկություններով՝ Լճաշենն ամենաերգառատն է լինելու, նախատեսում ենք առաջիկայում այցելել»,-պատմում է Մերի Սեդրակյանը։

Երգերը բազմաժանր են, հետաքրքիր, տեղ-տեղ անսպասելի ու տարօրինակ։ Կատակերգերից մինչև թաղման երգեր, խորհրդային գյուղը նկարագրող, հնձվորի մասին պատմող և անգամ կաթի գողության մասին երգեր են լսել աղջիկները մարզի տարեցներից․

«Մի երգ լսեցինք, որը մեծ ՝ 17 տուն ունեցող երգ էր, կաթ գողանալու, անասնաբույժի, կովերի ու էսպես պատմությունների հետաքրքիր շարան է»,-պատմում են Մերի Սեդրակյանն ու Օֆելյա Սարգսյանը»։

Զրուցակիցներիս հանդիպած ամենատարեց երգասացը 90-ամյա պապիկ էր՝ Երանոս համայնքից, թեպետ ասում են՝ հին երգերն ավելի շատ տատիկների շուրթերից են լսել։ Ծրագրի ավարտին՝ սեպտեմբերին, դարձյալ նախատեսում են լավագույն 10 երգերը գրքույկում ամփոփել։ Այս անգամ ընտրությունն ավելի դժվար է լինելու՝ 20-ից ավելի երգ արդեն հավաքագրել են, կան համայնքներ էլ, որտեղ չեն այցելել։ Նախապատվությունը տալու են ոչ հայտնի կամ հենց հենց մարզի բնակիչների ստեղծած երգերին։ Ծրագիրն այլ նպատակ էլ ունի՝ այս երգերը դրանք ոչ միայն լսելի, այլև սիրելի դարձնել։

«UPDATE ինքնին նշանակում է թարմացում, արդիականացում։ Ուզում ենք, որ UPDATE սերնդի համար այս երգերը լինեն հասանելի, լսելի։ Մտածում ենք, նաև հետագայում հարթակներ ստեղծել, որտեղ երգերը ապրելու հնարավորություն կունենան»,-ասում է Օֆելյա Սարգսյանը։

«Սևան երիտասարդական ակումբ»-ի անդամները հույս ունեն, որ մի օր իրենց մարզի երիտասարդները կլսեն արդեն մշակված ժողովրդական երգերն ու կփոխանցեն հաջորդ սերունդներին, որովհետև գիտեն՝ երգն ապրում է այնքան, որքան այն հիշում ու երգում են։




