ԿարևորՀասարակություն

Հայաստանի վարքագծի կոշտացման պատճառը ՀԱՊԿ-ի վարքագիծն է․ քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը սպառնալիք են  տարածաշրջանի և Հայաստանի անվտանգությանը։  Գնահատականը Հ ԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին է։ Արարատի զորամաս  կատարած այցի ընթացքում Զասը անդրադրաձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներին և լուծման ուղիներին։

Ուղիղ հարց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին՝  Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ․ ինչո՞ւ կազմակերպությունը  հստակ և պարզ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանին՝ շփման գծում միջադեպերին: Ու թերևս այս ընթացքում  առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատասխանը հասցական է։

«Կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի  և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար»,-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

ՀԱՊԿ-ում  համարում են,որ  հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար  քաղաքական և դիվանագիտական հնարավորությունները  սպառված չեն։ Այդ ճանապարհը լավագույն լուծումը կլինի բոլոր կողմերի համար։ Զասի այս հայտարությունը հաջորդում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ձեւակերպումներին՝ «Երևանի համբերությունը անսպառ չէ, և հայկական կողմն իրեն իրավունք  է վերապահում իրավիճակը հանգուցալուծել ուժի կիրառմամբ»։  ՊՆ նախարար  Արշակ  Կարապետյանի շեշտադրումները քաղաքագիըական շրջանակներում գնահատեցին աննախադեպ կոշտ՝ հարցադրում անելով՝ պաշտոնական Երեւանը կոշտացնո՞ւմ է իր դիրքորոշումը։  Կարապետյանի խոսքից մի հատված։

«Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանկական զինված ուժերը երկու ուղղությամբ ներխուժեցին հայկական տարածք: 

Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները»: 

Այս հայտարությունից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ Պն նախարար Արշակ Կարապետյանին հրավիրեց Մոսկվա։ Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ ոչ դիվանագիտական բառապաշարով հայտարությունները խոսում են այն մասին,որ Հայաստանն այսուհետ որդեգրում է հստակ քաղաքականություն՝ պահանջելով նաև հստակ դիրքորոշում։

«Այս հայտարությունների ֆոնին ՀԱՊԿ-ը փորձելու է իր խարխլված հեղինակությունը  վերականգնել, փորձելու է որոշակի կոշտացումներ դրսևորել։ Ու մենք պետք է կարողանանք դիրքորոշումը պահել ու ՌԴ-ում հանդիպումների ժամանակ  ՌԴ  ՊՆ -ին ասել այն, ինչը ասել ենք Զասին»։

Ինչպես Զասի այցը Հայաստան, այնպես էլ հաջորդիվ Հայաստանի պաշտպանության նոր նախարարի այցը ՌԴ հարցերի առիթ դարձան՝ ինչ նպատակ ունեն դրանք։ Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է՝ Կարապետյանի այցը ՌԴ ճանաչողական  է․  ՌԴ-ի համար էլ պետք է հասկանալի ու ընկալելի լինի՝ ով է ղեկավարում ՀՀ ՊՆ-ն։

Սակայն Հայաստանի վարքագծի նման կոշտացման պատճառը,  քաղաքագետ  Հակոբ Բադալյանի  դիտարկմամբ, ՀԱՊԿ-ի վարքագիծն է․ մայիսից  ի վեր Հայաստանն այդ կազմակերպությունից սպասում է համապատասխան արձագանքի։

«Ես չեմ խոսում ռազմական արձագանքի մասին, քաղաքական առումով էլ որևէ  համարժեք արձագանք  չեղավ։ Իսկ Արշակ Կարապետյանի հայտարությունը վկայում էր, որ Երևանը ՀԱՊԿ-ից այլևս չունի որևէ առարկայական սպասում։ Եվ համարում է, որ ՀԱՊԿ-ն այդ իմաստով չի կարող որևէ կերպ արդյունավետ մեխանիզմ լինել Հայաստանի խնդիրների և անվտանգային մարտահրավերների համատեքստում»։

Հակոբ Բադալյանը, սակայն, հորդորում է հեռուն տանող  հետևություններ չանել։ Վաղ է համարում  խոսել Հայաստանի դիրքոշման կոշտացման, վարքագծային փոփոխության մասին։ Ասում է՝ այս հայտարություններն  իրավիճակային են։  Իսկ այս երկու այցերը՝ ՀՀ ՊՆ-ի այցը ՌԴ և Զասի այցը ՀՀ  որոշակիորեն տարբեր  հարթություններում են։ Ըստ վերլուծաբանի՝ եթե ՀԱՊԿ քարտուղարի այցը ունենար առարկայական նշանակություն, անհրաժեշտ չէր լինի ՊՆ-ի  այցը Մոսկվա։

«Իհարկե, կոշտ հայտարությունները  դեռ չեն նշանակում է,որ Հայաստանը շարունակելու է արդեն նախագահող երկրի կարգավիճակով ՀԱՊԿ-ի առաջ դնել անմիջական կոնկրետ հարցադրումներ, բայց Հայաստանի դիրքորոշումն առնվազն հստակ է այս փուլում։ Եվ վկայում էր, որ Երևանը մի կողմից չի հրաժարվելու ՀԱՊԿ-ի առաջ պատասխանատվություն   դնելու մարտավարությունից, մյուս կողմից չի դիտարկում ՀԱՊԿ-ը որպես արդյունավետ մեխանիզմ, որը կարող էր այս իրավիճակում օգտակար լինել Հայաստանին»,-ասաց Բադալյանը։

Կարդացեք նաև

Back to top button