Հանքավանի «Պոլիտեխնիկ» ռազմամարզական ճամբարում օգոստոսի 2-ից մեկնարկել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը, որն այս տարի նվիրված էր 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած հերոսների հիշատակին։

Հավաքն անցնում է «Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով։
Ավելի քան 170 երիտասարդ 6 օր շարունակ մրցել, պայքարել ու մարզվել է՝ հանուն միասնության ու հաղթանակի ։
Կոտայքի մարզ, Հանքավան, օր 5-րդ։ «Պոլիտեխնիկ» ռազմամարզական ճամբարում շարունակվում է «Միասնության ուժը» ուսանողական հավաքը: Ճամբարը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի բուհերի ակտիվ ու շնորհալի ուսանողներին։ Պետական դրոշի խորհրդանշական գույներով մասնակիցները բաժանվել են երեք ճակատների, որոնք կրում են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անունները, իսկ ջոկատները, որոնցից կազմված են ճակատները, պոլիտեխնիկցի 27 զոհված հերոսների անուններով են։ Մասնակիցների շապիկներին անմահացած հերոսների դիմանկարներն են։

«Ես առաջարկում եմ ծափերով ողջունել այն հերոսներին, որոնց անուններով շապիկները մենք կրում ենք, ևս մեկ անգամ լսենք այն կարգախոսները, որոնք դուք նվիրել եք ձեր ճակատի, ձեր զինվորների գաղափարին»։
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքն անցնում է «Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով։
Ավելի քան 170 երիտասարդ Հայաստանից և Արցախից հանուն միասնության հաղթանակի մրցում է 15 մարզաձևերում, ինտելեկտուալ խաղերում, նաև մշակութային միջոցառումներում ։

Ճամբարային օրերը հագեցած են հանդիպումներով, խաղերով ու մրցումներով։ Օրակարգը՝ 24–ժամյա՝ «Ռադիոլուրին» ասում է Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչ Աիդա Կիրակոյանը։
«Առավոտյան արթնանում ենք տողանով, հետո՝ նախաճաշ, հետո, ըստ օրակարգի, ինչ–որ սպորտային կամ ինտելեկտուալ մրցույթ է լինում, եթե հյուր ենք ունենում, նրանց ենք դիմավորում։ Դասընթացներ ենք ունեցել, օրինակ՝ ԱԻՆ-ի հետ մի քանի ժամ գետանցման վարժանքներ ենք արել, առաջին բուժօգնություն, հրդեհի մարում։ ՊՆ–ի հետ էլ տեղագրության, քարտեզագրություն, քիմիական պաշտպանության դասընթացներ են եղել։ Ազատ ժամանակ հիմնականում ուշ գիշերին ենք ունենում, իսկ այդ ազատ ժամանակն էլ մասնակիցներն օգտագործում են՝ պատրաստվելով գալա համերգին»։

Մասնակիցներին ճամբարում կարելի է տեսնել ամենատարբեր մրցույթներին պատրաստվելիս․ նկարում են, երգում, խաղում կամ մարզվում։
«Մենք շատ մարտական ենք տրամադրված, մշակութային միջոցառումներ ենք պատրաստում գալա համերգի համար։ Մենք Կարապետ Անտոնյանի ճակատն ենք ներկայացնում։ Ես էլ Դավիթների ջոկատից եմ։ Նկարում ենք հայրենասիրական թեմայով։ Ես Ալինան եմ Ժորժերի ճակատի Աշոտների ջոկատից։ Թեման՝ ազգ, կրոն, բայակ։ Դեռ գաղտնիք է՝ ինչ ենք նկարում»։

Սպորտային, ինտելեկտուալ, մշակութային միջոցառումների պակաս ճամբարում չկա, մասնակիցների ոգևորության՝ նույնպես․ հաղթում են, պարտվում են , մարզվում ու պայքարում։ Իսկ պայքարը միջթիմային է ու ժամանակավոր։ Գիտեն՝ վերջում հաղթելու է միասնության ուժը։




