
Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում նախատեսվում է նոր հրամանատարությունների օղակ ստեղծել՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի, զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ թեև ուշացած, բայց խիստ անհրաժեշտ ստորաբաժանում է ստեղծվում։
Որոշումն, ըստ փորձագետի, դեռ 1994թ-ին մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի հաստատումից հետո պետք է ընդունվեր։ Ըստ էության՝ նոր ստորաբաժանումը կառավարելու է մարդկային-կազմակերպչական, թիկունքային ապահովման ռեսուրսները, որոնք կարող են ներգրավվել Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում։
«Դա, մեծ հաշվով, թշնամիներով շրջափակված երկրի տոտալ պաշտպանության անցնելն է։ Պաշտպանություն, որն առաջին հերթին կազմակերպչական գործառույթներ է իր մեջ կրում՝ մարդկային և կառուցվածքային ռեսուրսների ներգրավմամբ։ Այդ կառույցը խիստ անհրաժեշտ է։ Ցավոք, մենք պատերազմում պարտությունից հետո փորձեցինք հասկանալ»,- ասում է Նահապետյանը։
Նոր ստորաբաժանումը կպլանավորի տարածքային պաշտպանության կազմակերպումը, պետական ռազմական համակարգի մարմինների հետ գործակցությունը, կցագրված պահեստազորային ռեսուրսների կառավարման, աշխարհազորային ստորաբաժանումների պատրաստության և ներդաշնակման կազմակերպումը եւ համակարգումը։ Նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումը լրացուցիչ ծախսեր չի պահանջում, զինված ուժերի թվակազմի ավելացում չի պլանավորվել, կարվի այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման և պաշտպանության նախարարության բյուջեի հաշվին: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան․
«Այո, զինված ուժերի թվակազմ չի ավելացնում, բայց երբ «Ազգ-բանակ» կոնցեպտը իրականում կյանքի է կոչվում, ապա զորակոչի, պատերազմի ժամանակ այդ ամբողջ ռեսուրսը արագ և կազմակերպված ներգրավվում է հայրենիքի պաշտպանությանը։ Այդպիսի երկրների լավագույն օրինակներ են Իսրայելը և Շվեյցարիան։ Այդ երկու պետությունները ստեղծել են կառույցներ, որ 48 ժամվա ընթացքում մեծ թվաքանակով զորակոչ են իրականացնում, պետական ինստիտուտներն ամբողջովին դրվում են երկրի պաշտպանության խնդիրը լուծելու, և կառավարում է Գլխավոր շտաբը»,- նշում է Նահապետյանը։
Խաղաղ պայմաններում զինված ուժերի թիվ մեկ պաշտոնյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է։ Զինված ուժեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն բանակը, այլև Ազգային անվտանգության ծառայության զինված ստորաբաժանումները։ Երբ անհրաժեշտություն է առաջանում աշխարհազոր ստեղծել, այն ենթարկվում է ԳՇ պետին։ Ուստի փորձագետը տրամաբանական է համարում, որ կառույցը Զինված ուժերի Գլխավոր շտաբն է ստեղծում։ Ըստ փորձագետի՝ սա «Ազգ-բանակ» կոնցեպտի մաս է․
««Ազգ-բանակ» կոնցեպտն է, երբ կա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանող, իր գործառույթներով Զինված ուժեր, որի կարևորագույն հենասյունը բանակն է, դրան զուգահեռ՝ քաղաքացիական բնակչությունը և կառույցները պետք է ներգրավված լինեն երկրի պաշտպանվածությանը և ամրապնդմանը։ Գլխավոր շտաբում ստեղծվող կառավարման կենտրոնը կոչված է օժանդակել Զինված ուժերի առջև դրված խնդիրը առավել արդյունավետ լուծելու համար»,- ասում է Նահապետյանը։
Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը դեռ նախագիծ է, ուժի մեջ կմտնի կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։




