ԿարևորՔաղաքական

Որ հանձնաժողովները կղեկավարեն ընդդիմադիրները․ ԱԺ-ում նախնական քննարկում չի եղել

Տարբեր գումարումների խորհրդարաններում մշտական հանձնաժողովների թիվը տարբեր է եղել՝   6-ից մինչև 12։ Նախորդ գումարման Ազգային ժողովում  մշտական հանձնաժողովների թիվը 11 էր։ Գործող խորհրդարանում հանձնաժողովների բաշխումը ՝ ըստ  ոլորտների, կփոխվի։ Թե ինչպես, իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են պատկերացնում։

ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծմամբ և դրանց նախագահների ընտրությամբ կավարտվի խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորումը։ Առաջին նստաշրջանի գլխավոր անելիքներից մեկը նաև կառավարության ծրագրի հաստատումն է։

Գործող ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը նախորդի համեմատ կավելանա՝ 11-ի փոխարեն կգործի 12 մշտական հանձնաժողով։ Խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է գործողներից մեկը տարանջատել, ընդդիմությունը պայքարում է բոլորովին նոր հանձնաժողով ստեղծելու համար։ Երկուսն էլ նշում են՝ առանցքում Արցախի հարցն է։ Իշխանական առաջարկով առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ ստեղծվելու է երկու տարբեր հանձնաժողով։

Հիմնավորումը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը․  

«Մեր առաջարկած նախագծով սոցիալական և առողջապահության ոլորտները տրոհված են։ Առաջինը Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք համապարփակ ապահովագրության ենք գնում առողջապահական ոլորտում, ինչը  ենթադրում է օրենսդրական ավելի մեծ բազային մշակում։ Սոցիալական ոլորտը առանձնացրել ենք, որովհետև հատկապես հետպատերազմյան շրջանում սոցիալական ուղղվածության շատ ու շատ ծրագրեր կապված են վերականգնողական ծրագրերի, Արցախի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների հետ, և սա էր պատճառը, որ տրոհել ենք։ Եթե հետևեք նաև մեր նախընտրական ծրագրին,  կտեսնեք նաև Արցախի հետ կապված խնդիրը զետեղված է սոցիալական բլոկում։ Սա այդպես է, «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը կա, կարող եք հետևել»։

Արցախի հարցում խորհրդարանական դիվանագիտությանն այլ ազդակներ հաղորդելու կողմնակից է ընդդիմությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մինչև խորհրդարան մտնելն էր ծրագրել հանդես գալ այդպիսի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ Նախաձեռնությանը միացել է նաև «Հայաստան» խմբակցությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյան․ «Այս կամ այն հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը շատ ուժեղ մեսիջ է ամբողջ աշխարհին։ Դրանով կարելի է բացատրել, թե Եվրասիական և թե Եվրաինտեգրման հանձնաժողովների ստեղծումը։ Կարծում եմ, որ աշխարհն ունի կարիք լսելու ՀՀ–ից այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ–ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որի գործունեության տիրույթում է գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման, միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը։ Արցախի հանձնաժողովի ստեղծումը ցույց կտա, որ Հայաստանի ԱԺ–ն և մեր երկիրը՝ որպես պառլամենտական երկիր, առաջնային մանդատը կրող կառույցի մակարդակով կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին»։  

Խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները չեն թաքցնում՝ քվեարկելու են իրենց նախագծի օգտին, հատկապես, երբ տարբեր այլ հանձնաժողովներ և միջխորհրդարանական կառույցներ իրավասու են զբաղվել Արցախին առնչվող տարբեր հարցերով։ Սա ընդդիմությանը կասկածելու առիթ է տալիս, ենթադրում են, թե Հայաստանը փորձում է «հետ քաշվել» Արցախից։ Ընդդիմադիր և իշխանական մոտեցումներն ու հակափաստարկները «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի և «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանի ներկայացմամբ․

Արմեն Ռուստամյան. «Այո, ողջամիտ կասկած է առաջանում, որ դուք պարզապես չեք ուզում Արցախի հարցով հանկարծ միջազգային հանրությանը հայտարարեք, որ մենք ունենք առանձնակի, հստակ դիրքորոշում Արցախի խնդրի վերաբերյալ։ Հատկապես այն պարագայում, երբ Ալիևը ամեն օր հայտարարում է, որ Արցախի հարցը կարգավորված է, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունն այլևս չօգտագործեք»։

Գևորգ Պապոյան. «Այո, ՀՀ կառավարության համար և մեծամասնության համար Արցախի հարցը առաջնահերթ է։ Եվ օրինակ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և միջոցներով Արցախում հենց հիմա կառուցվում է 4 հազար բնակարան և ևս 2 հազարը ըստ անհրաժեշտության կկառուցվի։ Հենց այս պահին Արցախում 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիր է իրականացվում; ֆորմալ առումով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, բայց հիմնադրամը միայն 58 միլիարդ դրամն է իր միջոցներից տալիս, մնացածը՝ ՀՀ պետբյուջեից ՀՀ կառավարությունը փոխանցել է, որպեսզի այդ բնակարանները կառուցվեն»։

Մշտական հանձնաժողովների ձևավորումից առաջ ընդդիմությունն ու իշխանությունը նախնական քննարկում չեն ունեցել  և նախապես չեն փորձել բաշխել մշտական հանձնաժողովները։ Գեղամ Մանուկյանն ընդդիմության անունից շարունակում է պնդել․

«Որևէ վայրկյան ընկրկում, որևէ վայրկյան համաձայնություն գաղտնի կամ հրապարակային չի լինելու»։

Առանցքային հանձնաժողովներից մեկը, որը ցանկանում է ղեկավարել և իշխանությունը, և ընդդիմությունը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն է։ Եթե առաջին փուլով մեծամասնությունը չընտրի այդ հանձնաժողովը, ապա ընդդիմությունն անկասկած այն միանգամից կընտրի, ասում է Մանուկյանը։ «Դոնթի բանաձևով» նախ իշխանությունն է ընտրելու  երկու հանձնաժողով, հետո ընդդիմությունը՝ մեկը, հետո ընտրելու իրավունքը դարձյալ փոխանցվելու է իշխանությանն ու այդպես շարունակ։ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է չթաքցնել իրենց համար առանցքային երկու հանձնաժողովի ընտրությունը․

«Գաղտնիք չէ, այս թեման արծարծվել է նաև մամուլում։ Առաջնահերթությունը մեզ համար պաշտպանության և անվտանգության  ոլորտն է և պետաիրավական հանձնաժողովը, որը առավելապես՝ նախորդ գումարման ԱԺ-ում, գլխադասային է եղել  նախագծերի շուրջ 1/3-ի համար»։

Այս խորհրդարանում ընդդիմությունը 3 մշտական հանձնաժողով ղեկավարելու է իրավունք է ստացել՝ ըստ «Դոնթի բանաձևի»։ Ընտրություններում  ստացած ձայները բավարար չեն, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ մշտական հանձնաժողովի նախագահություն ստանձնի։ Այս խմբակցությունը կարող է ընդամենը մեկ մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն ստանալ։ ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն արդեն հաստատել է, որ ընդդիմադիրները համաձայնության են եկել և  չի բացառվում, որ «Հայաստան» խմբակցությանը հասանելիք 3 հանձնաժողովներից մեկի ղեկավարումը զիջեն «Պատիվ ունեմ»-ին։

Կարդացեք նաև

Back to top button