ԿարևորՀասարակություն

Երկու ժամանակավոր պաշտոնակատար՝ երեք տարում․ ե՞րբ ԵՊՀ-ն ռեկտոր կունենա

ԵՊՀ–ն ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ արդեն երկրորդը 3 տարվա ընթացքում։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին։ Հովհաննիսյանը Արդարադատության նախարարի ձևավորած՝ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհրդի թեկնածուն է․ Օգոստոսի 6-ից Հովհաննիսյանը կանցնի աշխատանքի։ Ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և արդեն նախկին ժ/պ Գեղամ Գևորգյանին և խոստացավ, որ իր առաջնային խնդիրը լինելու է ԵՊՀ–ում հանգիստ ու առողջ միջավայրի վերականգնումը։

«Կարծում եմ՝ առաջին հերթին մենք պետք է հանգիստ մթնոլորտը ապահովենք, առանց որևէ վայրիվերումների, և այդ մթնոլորտում հնարավոր կլինի տանել ուսանողներին կրթության որակին միտված աշխատանք։ Մեր բոլորի նպատակը լավ կրթություն տալն է, լավ բուհ ունենալը։ Եվ այդ տեսանկյունից մենք շատ գործ ունենք անելու»,-ասում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը 2018-2019թթ եղել է Կրթության և գիտության փոխնախարար, նաև ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Արդեն ԵՊՀ ռեկտորի ժ/պ պաշտոնում շեշտում է՝ բուհ եկել է որպես անկուսակցական ու ապաքաղաքական մարդ։

«Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն՝ զերծ քաղաքական կուսակցական բոլոր շահարկումներից, ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, ապաքաղաքական մարդ»,-շեշտում է Հովհաննիսյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ բարեփոխումների ճանապարհին իրեն կօգնի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, չնայած հանրապետության նախագահը այն չի ստորագրել ու վիճարկել է Սահմանադրական դատարանում, իսկ ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական է ճանաչել։  Օրենքը սահմանում էր բուհի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը և համամասնությանը վերաբերող դրույթները։ Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը դառնալու էր 9, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասում է՝ բնականաբար, իրենք հաշվի են նստելու ՍԴ որոշման հետ և պատրաստ են վերախմբագրել օրենքի նախագիծը։

«Խնդիր չէ, օրենքը հակասահմանադրական կճանաչվի, մենք կվերախմբագրենք այն,  կհարմարացնենք։ Ամենակարևոր հարցը ռեկտոր նշանակել-չնշանակելը չէ, կրթության որակի բարձրացումն է։ Մենք պատրաստ ենք, մենք պետք է ենթարկվենք բարձր դատարանին։ Իհարկե, միակ պահը այդ 5-4-ն է, այսինքն, ռեկտոր ինչպես նշանակել։ Այս թեման այնքան շահարկվեց, որ կտրվեցինք օրենքի բովանդակությունից»,-ասում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը հիշեցնում է՝ ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ օրենքը հակասում է բուհերի ինքնավարության կարևոր դրույթին․ ստացվում է, որ, օրինակ, Հայաստանի մասնավոր բուհերի մեծ մասը կամ Մոսկվայի պետական համալսարանը ինքնավարության խնդիր ունեն։ Վահրամ Դումանյանը հորդորում է՝ ռեկտորների նշանակման մեխանիզմի փոխարեն քննարկման առարկա դարձնել օրենքի բովանդակությունը։

«Մեզ համար միևնույն է՝ ժամանակավոր խորհուրդ կլինի հոգաբարձուների խորհուրդը թե ոչ։ Ռեկտորը այսպե՞ս կընտրվի, թե՞ այնպես։ Մենք կրթության  բովանդակության պատասխանատուն ենք, մեզ պետք է կրթական արդյունք, պետք է գիտություն։ Սա է մեր գերխնդիրը»։

Նախարարության առաջնահերթություններից է նաև օր առաջ ռեկտորի մրցույթ հայտարարելը և, ի վերջո, ԵՊՀ ռեկտոր ընտրելը։ 2019թ․ մայիսին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, ռեկտորի ժ/պ ընտրվեց Գեղամ Գևորգյանը, վերջինս էլ 2021թ․ ապրիլինի հրաժարականի դիմում ներկայացրեց, արդյունքում ԵՊՀ-ն վերջին ամիսներին ռեկտոր և ռեկտորի ժ/պ փաստացի չուներ։ Վահրամ Դումանյանն ասում է՝ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ամեն ինչ արել է ԵՊՀ-ում ստեղծված ճգնաժամը լուծելու համար։

«Ձգձգման խնդիրը այս պահին նախարարության հետ որևէ առնչություն չունի։ Նախարարությունը ամեն ինչ անում է, որ հաղթահարվեն խոչընդոտներն այդ ճանապարհին, իսկ խոչընդոտները կախված են իրավական դաշտի մատուցած անակնկալներից»,-նշում է նախարարը։

Խոսքը վերաբերում է հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու մասին Կառավարության որոշմանը, որը ՍԴ-ն կասեցրել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելուն։ Նախարարը մտահոգված է՝ այս պահին էլ դեռ «խոչընդոտները» հաղթահարված չեն։

Կարդացեք նաև

Back to top button