
ՀՀ ՄԻ պաշտպանն առաջարկում է Զինծառայողների բժշկական հետազոտությունները կատարել առաջնահերթ և փոխել օրենքը, ասված է ՄԻՊ Տարեկան հաղորդման մեջ։
«Ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:
Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում»,- ասված է ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:
Առաջարկվում է՝
1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում,
2. մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:




