ԿարևորՏնտեսական

ԿԲ-ում վարկերի տոկոսադրույքների բարձրացում չեն կանխատեսում, խստացումներ ակնկալում են

ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր  որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ այն սահմանելով 7%: Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը պարզաբանել  է՝  այսօրվա բարձրացման ազդեցությունը նկատելի կլինի մի քանի ամիս հետո միայն։ Կենտրոնական բանկում վարկերի տոկոսադրույքների բարձրացում չեն կանխատեսում, բայց վարկերի տրամադրման պայմանների խստացում ակնկալում են։ Կանխատեսումները փոքր-ինչ այլ են փորձագիտական շրջանակներում։

Հայաստանի Կենտրոնական բանկում արձանագրում են՝ հետընտրական հարաբերական կայունությունը տնտեսության վրա դրական է ազդել։ Սակայն անորոշությունն ակնհայտ է՝ հատկապես գնաճով ու սահմանային միջադեպերով պայմանավորված։ Գնաճի 12-ամսյա ցուցանիշը 6․5 տոկոս է, այս պահին լավատեսական չեն   նաև համաշխարհային հումքային ու պարենային  շուկաներից եկող ազդակները։ Հայաստանի  գործընկեր երկրներում նույնպես գնաճային ճնշումներ են սպասվում։ Այդուհանդերձ, տնտեսության երկու՝ գյուղատնտեսության ու  ծառայությունների  ճյուղերում աճն ակնհայտ է, շինարարության ոլորտում  անկումը շարունակվում է։ Արտաքին ու ներքին զարգացումները վերլուծելով՝  Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է դարձյալ  0․5 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7 տոկոս։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պարզաբանում է՝  բարձրացման ազդեցությունը նկատելի կլինի մի քանի ամիս հետո միայն։

 «Հայաստանում առաջին անգամ մենք տոկոսադրույքը  բարձրացրեցինք  2020-ի դեկտեմբերին, երբ դեռ գնաճը  1․4 տոկոս էր։  Մեր բարձրացման նպատակը կանխատեսվող գնաճը զսպելն էր։ Այդ ժամանակ մենք հանրությանը ասացինք, որ ԿԲ գնահատականների համաձայն՝ գնաճը թիրախայինից բարձր է լինելու»։

Կենտրոնական բանկում վարկերի տոկոսադրույքների բարձրացում չեն կանխատեսում,  բայց  վարկեր տրամադրելիս որոշակի խստացումներ ակնկալում են։ Փորձագիտական դաշտում, սակայն,  վարկերի տոկոսադրույքներին վերաբերող կանխատեսումները նույնքան լավատեսական չեն․ բարձրացում այստեղ կանխատեսում են։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը տարբեր պատճառներ է մատնանշում․ թիրախը գնաճն է՝ պայմանավորված արտաքին ու ներքին գործոններով՝ համավարակով, պատերազմով, տնտեսական քաղաքականությամբ։

«Երբ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, դա նշանակում է, որ վարկերն արհեստականորեն թանկանում են։ Սա էլ իր հերթին վարկերի տրամադրման սահմանափակումներ է ենթադրում»։

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է՝ քանի որ ԿԲ տոկոսադրույքը ֆինանսական շուկայի հիմնական ուղենիշներից է, բանկերն ու կազմակերպություններն իրենց  ճշգրտումներն անում  են՝ ելնելով հենց այդ ուղենիշից։

«Եթե տոկոսադրույքը բարձրացրել է, ապա ֆինանսական կազմակերպություններն էլ որոշ չափով բարձրացնելու են իրենց գործիքների՝ վարկերի, տոկոսադրույքները։ Վարկառուները պետք է լավ մտածեն նոր վարկ վերցնելիս կամ եղածներն օգտագործելիս»։

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան արձանագրում է՝ որոշ վարկատեսակների  տոկոսադրույքներն արդեն բարձրացել են։ Նա  առաջիկայում նոր նկատելի բարձրացում չի կանխատեսում։    

«Ըստ վարկավորման տեսակների՝  համավարակով պայմանավորված  բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում,  վարկերի տոկոսադրույքները բարձրացել են, քանի որ այդ ոլորտներում անորոշությունն է մեծացել։ Իսկ այն ոլորտներում, որտեղ  այդ խնդիրը չկա, վարկավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ»։

Համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ խստացվել են ոչ միայն վարկերի տրամադրման պայմանները, այլև նվազել են դրանց ծավալները։ Սպառողական վարկերի ծավալը ընդհանուր վարկային պորտֆելում  նվազել է շուրջ 4 տոկոսով։ Հայաստանում վարկային ամբողջ պորտֆելի շուրջ 49 տոկոսը տրամադրվել է տնտեսությանը,  41 տոկոսը՝ ֆիզիկական անձանց։  10 տոկոսն էլ  միջբանկային վարկերն ու ավանդներն են։ Կենտրոնական բանկի նախագահը կարծում է, որ տնտեսության վարկավորումը՝ պետական ծրագրերի տեսքով, կշարունակվի, բայց՝ ոչ նույն ծավալով։ ԿԲ-ի ուսումնասիրությունը պարզել է՝  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը դրական են ազդել կազմակերպությունների վրա։

Կարդացեք նաև

Back to top button