ԿարևորՀասարակություն

Սահմանային լարվածության հանգուցալուծման տարբերակներն անսահման չեն և միայն դիվանագիտական տիրույթում են

Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի սցենարը չի կարող կրկնվել՝ Ազգային ժողովում վստահեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից այսօր ԱԺ փոխնախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պատերազմի վերսկսման վտանգի պատճառաբանությամբ այդ տարածքները բանավոր «փոխըմբռնմամբ » հանձնվեցին Ադրբեջանին։  Ռուբինյանի խոսքով՝ Հին Թաղերն ու Խծաբերդը ոչ թե հանձնվել, այլ ապօրինաբար գրավվել են Ադրբեջանի կողմից, և տարբերություն կա, թե որտեղ են ընթանում ռազմական բախումները։

«Միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը միայն գիծ չէ, որոշակի երաշխիք է, որովհետև մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում այն շրջանում, որը դուք նշում եք՝ Կովսականի շրջանում, մի բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին ՀԽՍՀ սահմաններին։ Դա է եղել տրամաբանությունը։ Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք սահմաններին։ Եվ դա, այո, որոշակի երաշխիքներ է ենթադրում, որովհետև դա ոչ միայն ՀՀ–ի,  այլ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանն է», – ասել է  Ռուբինյանը։

«Ձեր հիմնավորմամբ ստացվում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք նրանով, որ չէիք ուզում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,- արձագանքել է Տիգրան Աբրահամյանը։

Ազգային ժողովում պետք է զգույշ հնչեցնել ցանկացած բառ, քանի որ այն հետագայում կարող է Հայաստանի դեմ օգտագործվել արդեն դիվանագիտական հարթակներում։ «Միջազգայնորեն ճանաչված սահման» արտահայտությունը  վտանգավոր ձևակերպում է համարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը։

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ միջազգայնորեն ճանաչված սահման չի ունեցել։ Մի խառնեք Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության հողօգտագործման, այդպես էլ գրվում է, տարածքները պետական սահմաններ հասկացության հետ։ Եթե դա Ձեր համոզմունքն է, ուրեմն բացատրվում է, թե դուք ինչու եք անընդհատ տարածքներ զիջում և համարում եք, որ մենք ընդամենը Ադրբեջանի հետ ապահովում ենք սահմանագծում կամ սահմանաճշտում։ Հենց սա է հիմքերի հիմքը, որ մեր տարածքային ամբողջականությունը բերել, հասցրել եք այս վիճակին»,- ասում է Մինասյանը։

«Ինչո՞ւ ենք մենք ճիշտ և ինչո՞ւ է միջազգային հանրությունը, Ռուսաստանը համաձայն, որ մենք ճիշտ ենք։ Խոսքը մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակի մասին է։ Հենց այն պնդման բերումով, որ կա սահման, որը խախտվել է, որովհետև եթե մենք պնդենք, որ չկա սահման, դա կնշանակի, որ Ադրբեջանի համար էլ չկա սահման, և իրենք չեն խախտել որևէ սահման։ Սա է խնդիրը»,- պատասխանում է Ռուբինյանը։

Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը։ Մինչդեռ իշխող քաղաքական թիմը ցանկանում է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը, և Հայաստանի այս դիրքորոշումը կիսում է Ռուսաստանը՝ ասում է Ռուբինյանը։

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ սահմանային լարվածությունը կշարունակվի, սակայն լայնածավալ պատերազմի հավանականությունը փոքր է, քանի որ մեծ պատերազմը կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ։

«Այդ գործողությունները, որոնք կատարվում են մեր սահմանին, դեռ շարունակվելու են․ սա հիբրիդային պատերազմներին բնորոշ տեխնոլոգիա է։  Այն ահաբեկչության մեջ է պահում  նաև բնակչությանը։ Այսպիսով՝ երկու ուղերձ են հղում․ մեկն ուղղված իշխանությանը՝ միշտ ակտիվ ենք լինելու, հաղթել ենք և պետք է պարտադրենք մեր  պահանջները։ Մյուս կողմից էլ՝  հայ հանրությանն են պարտադրում այն գաղափարը, թե այլընտրանք չկա․ կամ  նոր պատերազմ ենք սկսելու, կամ պետք է հպատակվեք մեր կամքին», — ասում է Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս նաև  նշել էր, որ ՀԱՊԿ-ի շրջանակում սահմանի երկայնքով մոնիտորինգային առաքելություն իրականացնելու անհնարինության դեպքում հայկական կողմի համար ընդունելի կարող են լինել միջազգային այլ ձևաչափերը։ Մինչդեռ, փորձագետի կարծիքով, Արցախում և Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն այլընտրանք չունի։

«Այսօր շատ են խոսում Ֆրանսիայի մասին, ես հարգանքով եմ վերաբերվում  Ֆրանսիայի հայտարարություններին , բայց դրանք որպես հայտարարություններ էլ մնալու են»,- ասում է Հարությունյանը։

Ֆրանսիայի հավանական օգնությանը խորհրդարանական ճեպազրույցում  անդրադարձել է նաևԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Միջազգային գործընկերոջ պատրաստակամությունը գնահատում ենք, բայց չենք պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերություններ կառուցել մեկ այլ երկրի հաշվին՝ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը։

 «Դեսպանին հարցրել են՝ ինչ կանեն, եթե Հայաստանը ռազմական օգնության հարցով դիմի Ֆրանսիային։ Նա  պատասխանել է՝ կդիտարկենք։ Դա  նորմալ պատասխան է, ենթադրում եմ՝ այդպես կպատասխանեին մեր բարեկամ բոլոր երկրների դեսպանները։ Ընդհանուր առմամբ՝ մենք գնահատում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը, այդ թվում՝ Ֆրանսիայի, որը գաղտնիք չէ՝ մեծ աջակցություն է ցուցաբերել, բայց մեր գործողությունները կապված են տարբեր իրավիճակների հետ։ Ընդհանրապես, մեր արտաքին քաղաքականության վարման ոճն այն է, որ մենք չենք պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերություն կառուցել՝  ի հաշիվ մեկ այլ երկրի»,- ասում է Ռուբինյանը։  

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուն,  Ռուբինյանի դիտարկմամբ, ցանկացած երկիր մինչ այդ պետք է համապատասխան մթնոլորտ ապահովի, քանի որ այս կառույցում  որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Հակառակ դեպքում դիմելն անիմաստ է՝ ասում է Ռուբինյանը։   

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արտակարգ և դռնփակ նիստում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին: Քննարկումը նախաձեռնել էր Էստոնիան, որը կառույցի ոչ մշտական անդամ-պետություններից է: ԱԽ-ն որևէ փաստաթուղթ չընդունեց, քանի որ մշտական անդամ երկրներից մեկը կիրառել էր վետոյի իր իրավունքը։

Կարդացեք նաև

Back to top button