
«Հայաստան» դաշինքը ԱԺ նախագահողից պահանջում է ազատ արձակել դաշինքի կալանավորված երկու պատգամավորներին։ Պահանջին միացավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։
ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ խորհրդարանում նման իրավիճակ երբեք չի եղել, երբ դաշինքի անդամ պատգամավորներից երկուսը չեն կարողանում իրականացնել իրենց լիազորությունները և չեն կարողանում մասնակցել նիստերին։
«Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ, ամենաթողություն է մեր աչքի առաջ տեղի ունեցել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Կնյազ Հասանովը հայտնեց, որ հարցը իր իրավասության տիրույթում չէ։
«Քաղաքացիական պայմանաագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդում հայատարարվել է մինչև պատգամավորական մանդատի ստանալը և պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ կողմից։
Նա հորդորեց հետևել Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի կոչերին` ձևավորել ԱԺ մարմիններն ու անցնել բնականոն գործունեությանը և հարգել դատարանների որոշումները։
«Հայաստան» դաշինքի բոլոր անդամները ԱԺ նիստին ներկայացել էին կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով։ Կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի անունները հրապարակելու ժամանակ դաշինքի անդամները հոտնկայս ծափահարեցին։




