
3 օրում՝ 4 համերգ։ Համերգներ, որոնք տեղի ունեցան Արցախում։ Պատերազմից հետո միջոցառումներ գրեթե չեն կազմակերպվում, պետք էր սառույցը կոտրել , ինչը, իհարկե, շատ դժվար է։ Այնտեղ ապրողների ականջներում դեռ լսելի են արկերի ձայները։ Վերքերը թարմ են ու անգամ հիշողություն չեն դարձել։ Այս օրերին համերգներ կազմակերպելու համար վիրաբույժի ճշգրտությամբ պետք է բառերը հավաքես, հանկարծ որեւէ մեկի նուրբ լարին չդիպչես։
Պատերազմից հետո տևական ժամանակ չէի կարողանում ոչ մի երգ լսել, հատկապես՝ հայրենիքին վերաբերող: Մոտ մեկ ամիս էր անցել, առավոտյան արթնացա ու շատ ծարավ մարդու պես մի քանի անգամ լսեցի Արթուր Գրիգորյանի «Ւմ Արցախ» ստեղծագործությունը։
Պատերազմից 7 ամիս անց՝ Երգի պետական թատրոնում։ Ներս մտավ ու միանգամից․ «Դե, դու գիտես՝ կյանքիս գլխավորն էր ու կարեւորը»․ նկատի ունի Արցախը։ Ու միանգամից հավելեց գիտե՞ս՝ այս ռոյալը որտեղից. Աղդամի երաժշտական ուսումնարանից։ Սա առաջին պատերազմից հետո են ինձ նվիրել»:

Մենք զրուցեինք շատ երկար։ Ասաց , որ դեռ ուժ չունի Արցախ մեկնելու, չի կարող Շուշիի կողքով այնպես անցնել, որ չտեսնի թշնամու դրոշները։ Ասաց, որ ոչ թե դեպրեսիայի մեջ է, այլ դատարկ է։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Մեր զրույցից անցել էր երկու ամիս։ Հերթական անգամ մեկնում եմ Արցախ։ Ու էլի մտքումս «Իմ Արցախ» երգն է։ Ու հատկապես այս տողերը՝ «Մոտ ենք իրար, չենք զատվի երբեք, հավերժ չի խախտվի կապը մեր։ Արցախ, Արցախ, լույս ես ինձ համար»։ Ստեփանակերտում շատ պատահաբար տեղեկանում եմ, որ Երգի պետական թատրոնն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ Արցախում է։ Եվ նախատեսվում է եռօրյա համերգային ծրագիր։ Պատերազմից հետո Արցախում միջոցառումներ գրեթե չեն կազմակերպվել, ու պետք էր այդ «սառույցը» կոտրել։ Մարդկանց վերքերը շատ թարմ են ու անգամ հիշողության չեն վերածվել։ Երկու ամիս առաջ Արցախի Սարուշեն գյուղում ապրող Վաչե Վարդանյանը և Մանե Գրիգորյանը որոշեցին կազմակերպել այս շրջագայությունը։
«Խնդիր էր դրված, որ անպայման համերգ պետք է լիներ նաև զորամասում։ Այն զորմասում, որտեղ ծառայություն են անցնում «9-րդ պաշտպանականի տղաները՝ հրաշքով փրկված զինվորները: Առաջին օրը արտիստները հյուրընկալվեցին Պատարա ամառային Ճամբարում։ Երկրորդ օրը «Վալլեքս» ընկերության հետ համատեղ իրականացրին «Հիշատակի երեկո»,–պատմեց Մանե Գևորգյանը։
3 օրում վարեց 4 համերգ։ Այս համերգներին վիրաբույժի ճշգրտությամբ պետք է բառերը հավաքես, հանկարծ որեւէ մեկի նուրբ լարին չդիպչես՝ ասում է Անիտա Հախվերդյանը
«Ամեն մեկն ունի իր ցավոտ կետը, բայց եւ ոչ մի կերպ չես կարող խաբել ու ասել` օ՜, ինչ լավ է։ Չէ՛, դու պիտի ասես, որ մենք կարող ենք, մենք փորձելու ենք։ Իմ ծանոթները, ընկերները չէին խոսում անգամ, իրար աչքերի մեջ չէին կարողանում նայել, բայց այս համերգների ընթացքում, անընդհատ ցավոտ կետին խփելով, թե՛ երաժշտության միջոցով, եւ թե՛ խոսքերով զրույցի էինք հրավիրում բոլորին։ Իսկ այս համերգները ցույց տվեցին, թե որքան անհրաժեշտ են նման հանդիպումները՝ առանց պաթոսի, սրտից բխած խոսքերը»,-նշեց Անիտան:

«Հիշատակի երեկոյին» հիմնականում Արթուր Գրիգորյանի երգերն էին։ Բեմում Երգի թատրոնի սաներն էին ու արդեն մեծ ճանաչում ունեցող արտիստներ։ Երգիչ Արսեն Սաֆարյանը հենց բեմում խոստովանեց, որ խրամատում երգելն ավելի հեշտ է եղել, քան հիմա՝ հատկապես այս հանդիսատեսի առաջ, որի ականջներում պատերազմի արկերի ձայները դեռ լսելի են։ Խոստովանեց, որ աննկարագրելի զգացողություններով է Արցախ եկել։ Ասում է՝ որքան մոտենում էին Արցախին, ինչ-որ բան սկսում էր սեղմել, ճնշել։
«Ես սովոր եմ հաղթանակած Արցախ տեսնելու։ Ամենաաննորմալն, իհարկե, Շուշիի սկիզբն էր։ Դրոշները, իրենց ներկայությունը. որտեղ մեկ հոգի կարող էր կանգնած լինել, բայց մի քանի հոգի էին։ Իսկ Ստեփանակերտում մի տեսակ ուրիշ էր։ Ունենք այն, ինչ ունենք»։

Երգիչներ Ռուսլան Էլյազյանը և Գրիգոր Կյոկչյանը խոստովանում են, որ առաջին օրը հիշողությունները հանգիստ չէին տալիս, ու դժվար էր երգելը։
«Արցախ մտնելիս առավել քան զգացինք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» բառերի իմաստը: Զգացինք, որ հիմա մտել ենք ոչ ազատ Արցախ։ Բայց Արցախ պետք է գալ ու այն էլ շատ»։
«Իսկ նմանատիպ համերգները կարեւոր են, կարելի է ասել՝ շոկից դուրս գալու թերապիա էր։ Իրականում Ստեփանակերտում մարդիկ ժպտում են, բայց ներքին տխրություն կա։ Պետք է պարզապես ընդունել մեր բացթողումը, սխալները ու մեջքներս ուղղել, հասկանանք, թե ինչ քայլեր պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք»։
Հաջորդ օրվա համերգն ավելի զգայուն է։ Արտիստների առջև 9-րդ պաշտպանականի տղաներն են, տղաները, որոնք հաղթել են մահին։ Արսեն Սաֆարյան․

«Ճնշվեցի․․․Դիմացդ հերոս տղերք են, կռվի ճանապարհ անցած տղերք են, բայց ոգեւորությունը, որ ժամանակին կար, հիմա չկա։ Իհարկե, հասկանալի է. այն ժամանակ մենք հաղթած երկրի բանակի ներկայացուցիչ էինք ու ինչքան հպարտ։ Ցավոք, այսօր կան մարդիկ, որ Արցախն իրենցը չեն համարում, գուցե այդ մարդկանց համար Արցախը մեծ հոգս է եղել, չգիտեմ։ Իսկ Արցախ պետք է գան ու միշտ»։
Զորամասում իսկապես զգացմունքների տեղատարափ էր։ Երգել պատերազմի թոհ ու բովով անցած զինվորների համար բավականին դժվար էր։ Այս տղաները անցել են կյանք ու կռվի միջով։

«Ոնց որ փոքր երեխայից գողանաս ամենասիրելի խաղալիքը։ Տես, քո հետ խոսում եմ ու աչքս Շուշիի կողմն է, որ չեմ կարողանում գնալ։ Գալուց էլ ձեռքով փակել եմ աչքերս, որ չտեսնեմ։ Բայց մարդը մի արարած է, որ ամեն ինչի սովորում է։ Գուցե աբսուրդ թվա ասածս, բայց մեղավորության զգացում ունեմ, որ ապրում եմ ու տեսնում եմ այդ ապրող երեխաների արտասուքը։ Ինքս իմ մեջ անծանոթ պայքարների մեջ եմ։ Այդ անցակետերն էին ազդում վրաս. չի՛ կարելի գնալ տուն, ու քեզնից անձնագիր ուզեն, որ ինչու ես գնում տուն։ Ընդունում եմ, ամեն ինչ հասկանում եմ, բայց ինձ համար չի։ Դժվարությունները տանում եմ հոգուս մեջ։ Հոգին պետք է խելքի հետ աշխատի, բայց հիմա հոգին ավելի շատ է սկսել աշխատել, ինչը ճիշտ չէ։ Հիմա պետք է միացնես իրար ու ասես՝ էս ա, պիտի հարմարվես»,–հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասաց Արթուր Գրիգորիչը։
Իհարկե, նոր իրողության հետ հարմարվելը շատ դժվար է,բայց Արցախը մեր կարիքն ունի։ Ու վերադառնալուց էլի ականջներումս նույն երգն էր։ «Մոտ ենք իրար, չենք զատվի երբեք, հավերժ չի խախտվի կապը մեր։ Արցախ, Արցախ, լույս ես ինձ համար»։





