
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններին զուգընթաց՝ մարտեր են նաև տեղեկատվական դաշտում։ Տեղեկատվական պատերազմներն էլ իրենց դերն են խաղում, և հասարակության աչալուրջ վերաբերմունքից է կախված՝ ապատեղեկատվությունը կտարածվի՞, թե՞ ոչ՝ նկատում է հանրային կապերի և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։ Ասում է՝ ճիշտ կողմնորոշվելու համար կարևոր է, որ պաշտոնական տեղեկատվությունը իրականությունից հեռու չլինի․
«Մարդիկ, որոնք չեն կարող և հստակ չեն հասկանում տեղեկատվության իսկությունը, պետք չէ տարածեն այն և խուճապ առաջացնեն։ Նման իրավիճակում գլխավորն այն է, որ մարդիկ հասկանան, թե որտեղից վերցնեն այդ տեղեկատվությունը»։
Վերջին զարգացումների վերաբերյալ ինֆորացիա տարածում են և՛ հայաստանյան, և՛ ադրբեջանական պետական մարմինները։ Ակտիվորեն արձագանքում են նաև ռուսաստանյան և միջազգային կառույցները, նկատում է Աստղիկ Ավետիսյանը։ Առաջնահերթորեն նա հետևում է Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տեղեկատվությանը․
«Հաշվի առնելով, որ պետական գերատեսչությունները, որոշակի առումով, հաղորդակցությունը գրագետ ձևով չեն իրականացնում, վստահել-չվստահելու խնդիր է առաջանում։ Ինձ համար, որպես փորձագետ, վստահելիության տեսանկյունից առաջնային աղբյուր է ՄԻՊ–ի տարածած տեղեկատվությունը»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը դժվարանում է կողմնորոշվել ինֆորմացիոն դաշտում։ Օբյեկտիվ տեղեկատվության աղբյուրի բացակայությամբ պայմանավորված` մեդիափորձագետն առաջարկում է հիմնվել ոչ թե արագ տարածվող ինֆորմացիայի վրա, այլ սպասել, մինչև պատկերը դառնա առավել ամբողջական, իսկ տեղեկատվությունը՝ ճշգրիտ։
«Ադրբեջանական աղբյուրներին չի կարելի հավատալ ուղղակի սկզբունքորեն, ռուսաստանյան աղբյուրներն ինչ-որ դիվանագիտական բնույթ ունեն։ Նոյեմբերի 9-ից հետո, բնականաբար, այնպես չէ, որ կարող եմ խորհուրդ տալ մեր՝ հայասատանյան պաշտոնական տեղեկատվության վրա հիմնվել։ Պաշտոնականի հանդեպ վստահությունը պետք է վերականգնեն հենց պաշտոնական մարմինները, իսկ ես դեռ լուրջ քայլեր այդ ուղղությամբ չեմ տեսնում»։
Մեդիափորձագետը դժվարանում է այս իրավիճակում վստահելի աղբյուրները նշել, բայց որ մեծ զգուշությամբ պետք է վերաբերվել հատկապես սոցկայքերին, 2-րդ կարծիք լինել չի կարող։ Խորհուրդ է տալիս գոնե որևէ վստահելի անձ կամ կազմակերպություն գտնել, որը հենց իրադարձությունների վայրից կարող է տեղեկատվություն փոխանցել։
«Ինչ կարելի է անել այս պահին՝ առնվազն չվստահել այն աղբյուրներին, մարդկանց, որոնք կարծիք են կազմում կամ իրենց ծանոթներին հղում կատարում, որովհետև երբեք չգիտես՝ որքանով է ճիշտ այդ աղբյուրը»։
Վստահելի աղբյուր չկա, իսկ հստակ տեղեկատվության բացակայությունը կարող է խուճապ առաջացնել՝ բացասական հետևանքներով, նկատում է Սամվել Մարտիրոսյանը։ Աստղիկ Ավետիսյանի կարծիքով՝ հատկապես վերջին պատերազմից հետո լուրջ խնդիր է հասարակության մեդիագրագիտությունը․
«Ֆեյք օգտատերերը ավելի շատ են։ Պատերազմից հետո հայկական անուններով ադրբեջանցի, թուրք օգտատերեր կան, որոնք շատ հանգիստ հայերեն լեզվով տեղեկատվություն են տարածում, և մեր հասարակության մեծ մասը այդ տեղեկատվությունը ի գիտություն է ընդունում ու տարածում։ Մենք այսօր չունենք հետազոտություն, թե մեդիագրագետ հասարակության որ հատվածը ինչպիսի ընկալում ունի։ Բայց նույնիսկ շատ գրագետ մարդիկ հայտնվում են տեղեկատվական ծուղակում»։
Հաշվի առնելով այս ամենը՝ տեղեկատվական անվտանգության փորձագետները հորդորում են չկորցնել զգոնությունը ինչպես մարտի, այնպես էլ՝ տեղեկատվության դաշտում:




