ԿարևորՀասարակություն

400-ից ավելի աշխատող ուսանող դիմել է ուսման վարձի փոխհատուցման համար

Հայաստանում  հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկից։ Օրենսդրական փոփոխությունը կատարվել է 2020–ի մարտին, սկսել է գործել այս ուսումնական տարվանից։  Ավելի քան 400 շահառու արդեն դիմել է ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար։

Լուսինե Խաչատրյանը սովորում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի  2-րդ կուրսում ։ Ուսմանը զուգահեռ  նաև աշխատում է, բայց՝  ոչ մասնագիտությամբ․ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում զանգերի կենտրոնի օպերատոր է։ Ուսումն  ու աշխատանքը համատեղում է արդեն մի քանի տարի։ Կուրսում շատերն են միաժամանակ աշխատում և սովորում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Լուսինեն։

«Քանի որ մագիստրատուրա ենք ընդունվել, այս տարի  մեծամասնությունը սկսել է աշխատել։ 2.5 տարի «Ինգո Արմենիայում» եմ աշխատում, բայց դրանից առաջ էլ աշխատել եմ։ Արդեն շուրջ 6 տարի է աշխատում եմ»։

Աշխատավարձն ուսմանը հատկացնելը կուրսում ընդունված  պրակտիկա է, բայց գումարն էլ փոքր չէ։ Լավ է՝ շուտով  ֆինանսական բեռը կթեթևանա։  «Վարձը շուրջ 500 հազար է։ Մոտ 350 հազարը կփոխհատուցվի»։

Լուսինեն առաջիններից  է, ում ուսման վարձը կփոխհատուցվի  եկամտային հարկի վերադարձի միջոցով։  Ավելի քան 400 շահառու արդեն դիմել է այդ փոխհատուցումը ստանալու համար։  Նրանց մեծ մասն արդեն փոխհատուցվել է, մյուսները սպասում են փոխհատուցման իրենց հերթին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնի պետ Իննա Հախումյանը

«Քանի որ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո, ուսանողներն առաջին անգամ դիմումները սկսել են ներկայացնել 2021 թվականի հունիսի 1-ից սկսած»։

Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտին կատարված փոփոխությամբ` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:

«Մանկավարժություն, բժշկության ոլորտում մի շարք մասնագիտություններ, ցանկը բավականին մեծ է։ Կառավարության որոշմամբ՝ սահմանվել է  այն մասնագիտությունների ցանկը, որոնց ուսանողները կարող են օգտվել ծրագրից»։

Եկամտահարկի վերադարձի մեխանիզմը 2015-ից գործում է հիփոթեքային վարկավորման շրջանակում․ պետությանը վճարված եկամտային հարկի գումարներն ուղղվում են  հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ 6 տարվա ընթացքում  վերադարձված գումարի ծավալը աճել է շուրջ 20 անգամ։

Նոր ծրագրով  այս մեխանիզմին նոր բաղադրիչ է ավելանում։ Շահառուն, սակայն, կարող է օգտվել բաղադրիչներից միայն մեկից․ պետք է ընտրություն կատարի  հիփոթեքի և ուսման վարձի փոխհատուցման միջև։ «Որ ծրագրի համար առաջինը դիմում ներկայացնի, դա էլ կբավարարվի։

Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից աշխատող ուսանողը կամ ասպիրանտը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Թեև ծրագիրը կոչված  է փոխհատուցել  հենց ուսման վարձը, բայց  շահառուն ազատ է պետությունից հետ ստացած գումարը տնօրինելու հարցում։

Կարդացեք նաև

Back to top button