ԿարևորՀասարակություն

Իշխող ուժը Վանաձորի քաղաքապետի թեկնածու դեռ չունի. ապավինելու է պողպատե մանդատին

Աշնանը հանրապետության 3-րդ քաղաքում` Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են: Իշխող ուժը հավանական թեկնածու դեռ չունի, իսկ կոալիցիոն գործընկերներ, Վանաձորի գործող ՀՀԿ-ական քաղաքապետն ու նրա առաջին տեղակալն առաջիկա ընտրարշավին հանդես կգան որպես մրցակիցներ: Լոռու մարզային իշխանությունները վստահեցնում են՝ ժողովուրդը կորոշի, թե ով կղեկավարի Վանաձոր համայնքը առաջիկա 5 տարիներին, բայց որ պողպատե մանդատը գործի կդրվի, անկասկած է. վատ ղեկավարի վերարտադրություն թույլ չեն տալու: 

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններից օրեր անց հրապարակումներ եղան Լոռու մարզպետի և Օձունի համայնքապետի միջև  միջադեպի մասին: Լրատվամիջոցները գրեցին, թե իբր ծեծկռտուք է եղել Արամ Խաչատրյանի և Արսեն Տիտանյանի միջև՝ ընտրություններին Օձունում «Քաղաքացիական պայմանագրի»՝ քիչ ձայներ հավաքելու պատճառով: Տիտանյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու պահանջով, մինչդեռ մարզպետը հերքում է ծեծկռտուքի մասին լուրերը:

 «Մենք՝ որպես իշխանություն, շատերին հնարավորություն ենք տվել, որ այդ մարդիկ նոր էջից սկսեն, բայց մարդիկ չընկալեցին այդ մեսիջը: էնպես չի, որ ձեր նշած համայնքներում նեղել եմ, Վանաձորը չեմ նեղել, ոչ մեկին էլ չեմ նեղել: Ինչ վերաբերում է պողպատյա մանդատին, այո, խոսքը օրենքի դիկտատուրայի մասին է: Ով օրենք է խախտել կամ պաշտոնեական դիրք  չարաշահել, պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ»:

 Վանաձորում աշնանը ՏԻՄ ընտրություններ են սպասվում. պողպատե մանդատի զորությունը կզգան բոլորը: Վանաձորի համայնքային իշխանություններին ուղղված քննադատությունն ու դժգոհությունները պարբերական են, հատկապես՝ սոցիալական ցանցերով: Արդյո՞ք համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին էլ կհասնի պողպատե մանդատի «զնգոցը». Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը իրավական գնահատականներ տալ չի շտապում, բայց և նկատում է.

«Գործընթացներ են սկսվել: Տարածքներ կան, որոնք այս պահին կալանքի տակ են, և այս գործընթացը շարունակական է լինելու: Հավաստիացնում եմ՝ անկախ կարգավիճակից ու պաշտոնեական դիրքից՝ ով ինչ չարաշահումներ արել է, լինի ներկա, թե նախկին պաշտոնյա, պետք է վերադարձնի համայնքին մինչև վերջին կոպեկը»: 

Հիշեցնենք՝ 2016 թ.-ին Մամիկոն Ասլանյանին  4 ձայն էր պակասում՝ համայնքի ղեկավարի աթոռը լիարժեք զբաղեցնելու համար, ինչը հաջողվեց քաղաքական գաղտնի գործարքի արդյունքում: 1 տարուց ավելի՝ ավագանու 3 ընդդիմադիր խմբակցություններ բոյկոտում էին նիստերը: Փրկեց կոալիցիոն հուշագիրը Ասլանյանի ու արդեն գոյություն չունեցող «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի միջև, ինչի դիմաց նա ստացավ  փոխքաղաքապետի պաշտոնը։  2018թ.-ից  հետո շատերն էին համոզված, որ կասկածելի գործարքի արդյունքում իշխանության եկած Մամիկոն Ասլանյանի լեգիտիմության հարցն օրակարգ կբերվի: Ընդդիմադիր ՀՀԿ-ական քաղաքապետ Ասլանյանը, սակայն, կարծես լեզու գտավ նոր իշխանությունների հետ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այսպես կոչված, նախկիններից կազմված ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին սատարած Մամիկոն Ասլանյանը չի թաքցնում՝ կրկին առաջադրվելու է, թե ինչ ձևաչափով, դեռ չի որոշել:

«Մտորումների մեջ ենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու ընտրություններին»:

Մեծ համայնքի ղեկավարները պիտի ապաքաղաքական լինեն, հակառակ դեպքում ինչ-որ պահի հանգում են նեղ կուսակցական կամ խմբային շահերի բախման. Մամիկոն Ասլանյանի դիրքորոշումն է: Սկզբունքորեն խնդիր չի տեսնում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, կարևորը համայնքի շահն է՝ ասում է: Մարզպետ Խաչատրյանի հետ աշխատանքային լավ հարաբերություններ ունի: Առաջին տեղակալ Արկադի Փելեշյանին՝ որպես պոտենցիալ մրցակից տեսնելու հեռանկարը չի մեկնաբանում: Ընտրության գնում են 5 տարվա կատարած աշխատանքի արդյունքով, ինչը տեսանելի է։

«5 տարվա քաղաքապետ եմ, և որևէ մութ գործարքի, սուտ գործընթացի, չգիտեմ՝ ինչ-որ սխեմայի մեջ իմ անունը չի շոշափվել, որ մտավախություն ունենամ: Կատարված աշխատանքը, անցած ճանապարհն ի մի բերելով է, որ մտածում եմ՝ կարելի է առաջադրվել և ժողովրդի դատին ներկայանալ: Ամեն դեպքում՝ մեր տված  խոստումների 90 %-ից ավելին կատարվել է»:

Արդյո՞ք ունեն քաղաքական որոշում հանրապետության 3-րդ քաղաքի քաղաքապետի հավանական թեկնածուի ընտրության հարցում․ Արամ Խաչատրյանը չի շտապում փակագծեր բացել. «Քննարկումներն ընթացքի մեջ են, ոչինչ չենք որոշել, երբ թեկնածու կունենանք, կիմանաք: Ընտրություններն ամեն ինչ կդնեն իրենց տեղը»,- նկատում է։

«Ժողովուրդը կորոշի՝  որ քաղաքական ուժը  կստանձնի այդ պատասխանատվությունը: Կան մարդիկ, որ արդեն իրենք էլ գիտեն, թե ինչ է իրենց սպասվում, բայց թույլ տվեք փակագծերը շատ չբացել»:

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Վանաձորում սկսել են ակտիվորեն շրջանառվել համայնքի ղեկավարի հավանական թեկնածուների անուններ: Հիշատակվում է նաև Վանաձորի քաղաքապետի 1-ին տեղակալ Արկադի Փելեշյանի անունը: Թեմային վերաբերող մեր հարցերին ի պատասխան՝Փելեշյանն անհարգալից տոնով հորդորեց անջատել ձայնագրիչն ու հրաժարվեց հարցազրույցից: Միակ հարցին՝ «Արդյո՞ք առաջադրվելու է  սպասվող ՏԻՄ ընտրություններում  համայնքի ղեկավարի պաշտոնում» , հետևեց կարճ պատասխան․ «Այո, առաջադրվելու եմ, բայց դեռ չեմ որոշել որ ուժի հետ»:   

Կարդացեք նաև

Back to top button