ԿարևորՏնտեսական

Աշխատատեղերի ավելացում․ ո՞ւմն է ձեռքբերումը՝ կառավարությա՞նը, թե՞ մասնավորինը

Հայաստանյան աշխատաշուկայում հունիս ամսին նոր ռեկորդ է գրանցվել․ Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ գրանցված աշխատատեղերի թիվը հունիսին կազմել է շուրջ 643 000։ Վարչապետի պաշտոնակատարն էլ հույս է հայտնել, որ սեպտեմբերին, ինչպես լինում է սովորաբար, նոր  աշխատատեղերի ավելի բարձր ցուցանիշ կգրանցվի։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, սակայն, հորդորում է Կառավարության անդամներին ավելի զուսպ լինել և այլոց կատարած աշխատանքը չվերագրել իրենց թիմին։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նախօրեին կոչ էր արել   խոպան  գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝  երկիրն ամրացնելու ու զարգացնելու համար։ Բացատրել էր՝ Հայաստանում  աշխատատեղեր կան, աշխատող՝ չկա։ Այսօր, սակայն, պարզվեց՝ Քերոբյանը հումոր էր արել՝  բերման  ենթարկելու մասով, աշխատատեղերի պահով` ոչ․

«Իհարկե, դա կատակ է եղել, բայց իմ կոչով  փորձել եմ ընդգծել, որ ՀՀ–ում կան բազմաթիվ աշխատատեղեր, և մարդիկ, որոնք իրենց բախտը դրսում են փորձում, կարող են այստեղ լավ  աշխատատեղ  ճարել:  Ես գիտեմ, որ այսօր գյուղական բնակավայրերում կա հովվի խնդիր, ու  ստիպված այլ երկրներից հովվիվ են բերում:  Օրինակ, Սևանում կա ոչխարաբուծարան, «Նավասարդ Ագրո» է անունը։ Իրենք չեն կարողանում հովիվ ճարել ամիսը` 200000 դրամով։ Եվ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, որոնք իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա «Ագրոհոլդինգ» ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ գյուղացիները չեն աշխատում»,–ասում է Քերոբյանը։

Նոր գրանցված աշխատատեղերի աննախադեպ ցուցանիշի մասին Կառավարության նիստում խոսել էր վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը․

«Մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվը աճում է, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունիսին նույնպես ունենք վճարվող և գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»։

ՊԵԿ  նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ռեկորդային ցուցանիշը կոնկրետ թվով է նշում․ ասում է՝ գրանցված  վարձատրվող աշխատատեղերի քանակը հատել է 643 հազարը․

«Սա նախադեպը չունեցող ցուցանիշ է,  և համեմատության համար պետք է ընդգծել, որ այն  34 հազարով ավելին է 2020 թ–ից, շուրջ 38 հազարով՝ 2019թվից և 80 հազարով՝ 2018թվից։  Հունիս ամսում վճարած եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ։ Սա, 2020թ–ի համեմատ, ավել է 19 մլրդ դրամով, 2019 –ի նկատմամբ 26 մլրդ դրամով, իսկ 2018 թ–ի նկատմամբ 40 մլրդ դրամով»։ 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում  հորդորում է  Կառավարության անդամներին լինել պարկեշտ ու սեփական անձին կամ թիմին չվերագրել ձեռքբերումներ, որոնք մասնավոր սեկտորինն են։ Նշում է՝ շոգ ամառը գյուղատնտեսության համար բարենպաստ վիճակ է ստեղծել, դրանից եկող պլյուսները թող իրենց չվերագրեն․

«Բերքը այս տարի, նախորդի համեմատ, ավելի շատ է։ Հետևաբար, վերամշակող ընկերությունները աշխատատեղեր են ստեղծում։ Որպեսզի ավելի զուսպ կոչեր հնչեն, պետք է հիշեցնեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում  ՀՆԱ-ան նվազել է   34 տոկոսով։ Այսպիսի փաստեր, որոնք ձեռնտու չեն, չեն  հրապարակվում։ Եվ եթե կառավարությունը, Էկնոմիկայի նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը   կարողանան լրջամիտ փաստարկներ ներկայացնել, թե ո՞ր մշակված քաղաքականության շնորհիվ են ստացել նման ցուցանիշներ, ես, որպես տնտեսագետ, շատ բավարարված կզգամ ինձ»։

Թաթուլ Մանասերյանը նաև ընդգծում է՝ այս  կառավարությունը հակված չէ որևէ  մասնագիտական, փորձագիտական  կարծիք հաշվի առնելու։

Կարդացեք նաև

Back to top button