
Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը անհանգիտ է եղել Հայաստանի հարավում՝ Սյունիքի սահմանում։ Մարզի Տեղ սահմանամերձ համայնքում՝ Արավուսի եւ Խնածախի հատվածներում գիշերվա 2-ից մինչեւ լուսաբաց՝ ժամը 5-ը հակառակորդը անկանոն կրակոցներ է արձակել։
Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունց․ «Անկանոն օդ են կրակել։ Հիմա նորմալ է, նպատակաուղղված կրակոցներ չեն եղել։ Օդ են կրակել ուղղակի, մեկ-երկու հատվածում»։
Ներսես Շադունցը անցած գիշերվա կրակոցները կապում է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնի հետ։ «Երեւի ոգեւորվել են»,–ասում է համայնքապետը:
«Մեկ–մեկ, հատուկենտ կրակոցներ լինում էր, բայց որ նման ինտեսիվությամբ կրակեին, սա նորությունն էր»։
Մեկ օր առաջ միջադեպ էր գրանցվել Տեղ համայնքում։ Համայնքի կոմբայնավարը սխալմամբ հայտնվել էր հակառակորդի տարածքում ու խորացել մոտ 10 մետր։ Նրան, սակայն, կանգնեցրել են արդեն մեր վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անդրադառնալով իրավիճակին՝ հարցրինք Տեղի համայնքապետ Ներսես Շադունցն ասում է․ «Կոմբայանավարին ի՞նչ ա եղել, որ ոնց լինի վիճակը։ Եկել են, մեր տարածքում կանգնեցրել են նրան, հարցրել՝ ինչո՞ւ է հատել սահմանը, մտել, դուրս եկել։ Հետո բանակցությունների արդյունքում ամեն ինչը հարթվեց, թողել գնացել են»։
Շադունցին, մոտ մեկ ամիս առաջ, հաջողվել էր համաձայնության գալ ռուս սահմանապահների հետ, որպեսզի համայնքի բնակիչները հնարավորություն ունենան հնձելու հակառակորդի թիրախում հայտնված արտերը։ Պայմանավորվածությունը դեռ ուժի մեջ է ու գործում է․
«Երկար գնալու է խոտհունձը։ Աշխարհագրական դիրքից ելնելով՝ բարձրանում ենք դեպի սարերը, համարյա սահմանի երկայնքով»։
Հակառակորդը դիրքային առաջխաղացում չունի։ «Ռադիոլուր»-ի զրուցակցի խոսքով՝ ադրբեջանցիները երեկ մեր տարածքում եղել են կոմբայնավարի հետ կապված միջադեպի առիթով․
«Ոչ մի մետր առաջ չեն եկել, ուղղակի երեկ մտել էին մեր տարածք, կոմբայնավարին հարցրել՝ ինչո՞ւ է խախտել, անցել իրենց կողմ»։
Տեղ սահմանամերձ համայնքում գիշերվա կրակոցներից հետո կյանը շարունակվում է՝ ինչպես մինչև կրակոցները․ արտ են հնձում, ձմեռվա խոտ կուտակում։ «Ամեն ինչ նորմալ է»,–վստահեցնում է համայնքապետը։




