ԿարևորՀասարակություն

«Մենք շատ ենք սիրում, որ մենք շատ ենք». իր 8 դուստրերով Մարգարյանների ընտանիքը երկրի բացառիկներից է

Հայաստանը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգ դիտարկում  ունի՝  խնդիրը շարունակում է արդիական մնալ, չնայած, դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։ «Ռադիոլուրի» ռեպորտաժը երկրի ամենաբացառիկ ընտանիքներից մեկի մասին է․ այստեղ գերակշիռն աղջիկ երեխաներն են։ 2019 թվականին Մարգարյանների ընտանիքն արժանացել է ծնողական փառքի մեդալի։ 

«Այսքան երեխա՞, այսքան աղջի՞կ» արտահայտությունները Շուշաննան շատ է լսել։ Թերեւս երեխաների ծննդյան շնորհավորանքներից ավելի։ Ռեբեկա, Լիա, Եսթեր, Հռութ, Աննա, Սառա, Մանե, Մարի։  Երգի- պարի համույթ չէ, ոչ էլ սպորտային որևէ հավաքական։ Նրանք 8 քույր են՝ իրարից առավելագույնը1.5 տարվա  տարբերությամբ են ծնվել։ Ավագը 22, կրտսերը՝ 5 տարեկան։ Ընդ որում՝ Մանեն ու Մարին եւ Աննան ու Աբելը երկվորյակներ են։ Ունեն նաեւ 4 եղբայր։ Մարգարյանները 12 երեխա ունեն, երկրի համար՝ բացառիկ ցուցանիշ։

 «Ես բոլոր հղիությունների ժամանակ մեծ սպասումով եմ սպասել, թե այդ երեխան երբ պետք է ծնվի։ Մանավանդ այս զույգ աղջիկներին։ Չեմ մտածել երբևէ, որ աղջիկները շատ են»։

46–ամյա մայրը՝ Շուշաննա Ռստակյանը, առաջին երեխային 23–ում, զույգ աղջիկներին  41-ում է ունեցել։ Սակայն մեծ թվով աղջիկ երեխա ունենալու հարցի հանդեպ հանրային թերի ընկալումից երբեք չի ընկճվել։ Անտեսում է դրանք ու չի երկմտում՝  եթե ստացվի, դեմ չէ նորից մայրանալուն։  Նորից երեխա գրկելու ցանկությունը  դեռ երազանքին հավասար է։ Անկեղծանում է՝ հիմա ավելի շատ գործ է հասցնում, քան երբ դեռ տանն այսքան երեխա չկար։ 

«Թիվն ավելացնելու մտադրություն ունե՞ք։ Եթե Աստված տա՝ դեմ չեմ։  Մեծ սիրով կսպասեմ այդ երեխային։ 13-14–էլ որ լինեն՝ դեմ չեմ։ Առանց աղջկա տունս դատարկ կլիներ։ Որ մեկը տանը չի լինում՝ կարծես թիկունքս դատարկ լինի»։

Զրույցին միջամտում է ամուսինը։

«Ես երկու ձեռքով համաձայն եմ, Շուշա՛նս»։

8 աղջիկների հորը՝ Սեդրակ Մարգարյանին մեծ թվով աղջիկ ունենալու վերաբերյալ զարմացական, հարցական, երբեմն տարօրինակ բազմատեսակ հարցերը հունից չեն հանում։ Նրա համար դրանք վաղուց արդեն դրանք սովորական են ու մտքերը չեն խճճում, միայն թե երբեմն ինքն է խճճվում աղջիկների անունների, ծննդյան օր ու տարիների մեջ։ Բայց դա էլ պատճառ չէ, որ աղջիկների թիվն ավելացնելու հարցում որեւէ վերապահում ունենա։ Ամեն տարի մի նոր երեխա պետք է վազի տանը՝ ասում է՝ առանց երկար մտածելու։ 52-ամյա Սեդրակի համար սա օրինաչափ լինելու չափ նորմալ է։

«-8 աղջիկ ունեք, կուզենա՞ք նրանց թիվն ավելացնել։

-Ինչի՞ չեմ ուզի։ Մենք այնքան մեկ-մեկ ունեցանք, որ Աստված խղճաց, հիմա զույգ– զույգ ենք ունենում։ Դրանում մենակ ուրախ եմ»։

Մեր նկարահանման պահին երեխաներից 8-ն են տանը։ Երկու աղջիկներն ամուսնացել են, մեկը ճամբարում է։ Որդիներից մեկը բանակում է։ Մյուսները տանն են՝ ամեն մեկն իր գործին։ Զրույցի ընթացքում զանգ է։ Ավագ աղջիկն է՝ Ռեբեկան, 7 ամիս առաջ է ամուսնացել, Բերդում է ապրում։ Մեծ քրոջ հոգատարությամբ ամեն օր հետաքրքրվում է փոքր քույրերով՝ ով ինչ կերավ, օրն ինչպես անցկացրեց։ Ժամանակին ինքն էր նաեւ քույրերի հոգս ու հարցերով զբաղվում։

Երեխայի շատը չի լինում։ Երեխան հոգս չէ, ոչ էլ պարտադրանք։ Վայելք է։  Մարգարյանների ընտանիքի բանաձևն է։ Դուստրերից երկուսն արդեն ամուսնացել են, նրանց տեղը որեւէ կերպ լրացնել է պետք՝ ծիծաղով, բայց լուրջ ասում է աղջիկների ամուսնության հետ այնքան էլ չհաշտվող հայրը։  Աղջիկն ուրիշ  պարգեւ է, ուրիշ ջերմություն՝ ասում է Սեդրակ Մարգարյանը։

«Ես ասեմ, որ երբ աղջիկ ես ունենում, նոր հասկանում ես՝ ինչ է աղջիկ երեխան։ Իրականում աղջիկն ուրիշ աշխարհ է»։

Հայաստանում աղջիկ երեխաներին երբեմն ստորադասող, տղաներին նախապատվություն տվող մոտեցումներին Սեդրակը բախվել է ամուսնական ողջ կյանքում։ Իրո՞ք, ութ աղջի՞կ․ այս ու այսօրինակ ձեւակերպումներին նա  հարցով է պատասխանում՝ ի՞նչը կարող է ստիպել մարդասպան դառնալ միայն նրա համար, որ ծնվելու հաղթական հերթը հերթական աղջկանն է։ Արդեն թոռնիկի սպասող Սեդրակի հորդորն է՝  թող ծնվեն ապագա մայրերը։

«Ես հորդորում եմ բոլորին ունենալ շատ երեխաներ։ Ամեն երեխա իր հաջողությունը բերում է»։

Շատ քույրե՞ր․ իսկ ո՞րն է շատը՝ ասում է եղբայրը՝ 23-ամյա Դավիթը։ Հաճախ է լսել այս ձեւակերպումը, միայն թե չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էր քույրերից որեւէ մեկը ծնված չլիներ, կամ ինչպես է որոշվում շատ ու քիչը։ Ինքը հիմա ուղղակի հաստատ գիտի, որ այսպես իրենք երջանիկ են։

«Ես շատ բառը չեմ նկատել մեր տան մեջ։ Նկատում եմ այն ժամանակ, որ կողքից են ասում։ Մենք շատ ենք սիրում, որ մենք շատ ենք։ Ոչ մի երեխա մենակ չի մնում։ Չենք պատկերացնում, որ մեզանից մեկը կարող էր չլինել։ Դեռ իրենք փոքր են, մենք ենք պահում, հենց մեծացան՝ իրենք են պահելու։ Դա զգում ենք մեծ քույրերիս միջոցով»։

Մենք շատ ենք սիրում, որ մենք շատ ենք՝ ընտանիքի որդիներից մեկը՝ Դավիթն է ձեւակերպում։ Նրա կողքին արդեն մեծանում են ընտանիքի թոռները՝ ամեն մեկի հետ  գույներն ավելի շատ ու պայծառ։ Ու սա արտառոց չէ, սա նորմալ է՝ ասում են Մարգարյանները, որոնց ընտանիքը, ըստ  երկրի բազմազավակ ընտանիքների պաշտոնական վիճակագրության, բացառիկների շարքում է։

Կարդացեք նաև

Back to top button