
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Օգոստոսին հարապետության որոշ հատվածներում, ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի, կդիտվի կարկուտ, սակայն ոչ այն քանակությամբ, որը եղավ գարնանային ամսիներին: Օդերևութաբանի կանխատեսումներով` այս ամառը կշարունակի մնալ նորմայի սահմաններում:
Ամփոփելով հուլիս ամիսը` ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններից ավելի, իսկ կենտրոնական և հարավային շրջաններում նորմայի սահմաններում: Հուլիսին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38 աստիճան, իսկ օգոստոսին, կանխատեսումների համաձայն, հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կլնի նորմայից մեկ աստիճանով ցածր, տեղումների քանակը կենտրոնական և հարավային շրջաններում` նորմայի սահմաններում, հյուսիսիային շրջաններում՝ նորմային մոտ դրական շեղումով. «Մայրաքաղաքում օգոստոսին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 36-37 աստիճան, իսկ գիշերը` ջերմաստիճանի նվազում մինչև 12-13 աստիճան»:
Օգոստոսին 4-ից 5 օր երեկոյան ժամերին կլինեն կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ: Առաջիկա օրերին մինչև օգոստոսի երկուսը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ 2-ին 3-ին հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին կնկատվեն կարճատև ամպրոպային բնույթի տեղումներ: Ըստ օդերևութաբանի` առաջիկա օրերին շրջաններից մեծ մասում կեսօրից հետո կդիտվեն կարճատև անձրևներ և ամպրոպ:
Ըստ Գագիկ Սուրենյանի` նման ամառներ մենք շատ ենք ունեցել և որևէ վտանգավոր շեղումներ չկան և ավելացնում է, որ վտանգավոր են այն ամառները, երբ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կամ ցածր է 5 աստիճանով: Սուրենյանի խոսքով` ՀՀ –ում մի փոքր ավելացել է վտանգավոր երևույթների թիվը . այս տարի գարնանային ամիսներին գրանցվեցին կարկտահարության շատ մեծ դեպքեր: Օգոստոսին կարկուտ կդիտվի առանձին հատվածներում` հիմնականում Շիրակում, Լոռիում և Տավուշում, և միաժամանակ հանգստացնում, որ ոչ այն քանակությամբ, ինչը դիտվեց մայիս- հունիս ամիսներին:




