
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է թուրք Մուստաֆա Յիլմազին և մտել 1/32 եզրափակիչ:
Շանթ Սարգսյանն ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ պայքարը կշարունակի հուլիսի 17–ին թայ–բրեյքում՝ արագ խաղի երկու պարտիայում։ Նրանց երկրորդ դասական պարտիան եւս ավարտվել էր ոչ ոքի։
Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը չեն կարողացել հաղթահարել 1/64 եզրափակիչի արգելքը։ Գաբրիել Սարգսյանը 0:2 հաշվով պարտվել է հնդիկ Պրագնանանդային, իսկ Հայաստանի գործող չեմպիոնը 0,5:1,5 հաշվով զիջել է եգիպտացի Բասեմ Ամինին:
Լևոն Արոնյանը մրցաշարից դուրս է եկել հիվանդության պատճառով: Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին մրցաշարն էր, որտեղ Լեւոն Արոնյանը պետք է ներկայացներ Հայաստանը։ Օգոստոսից նա կսկսի ԱՄՆ–ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացը։
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ էլինա Դանիելյանը 2-րդ փուլի պատասխան պարտիայում հաղթել է ռումինուհի Իրինա Բուլմագային և հաշիվը դարձրել 2:0: Հաջորդ փուլում նա կհանդիպի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադվակասովայի հետ:
Աշխարհի գավաթի խաղարկությունն (նոկաուտ մրցակարգ) անցկացվում է 2005 թվականից՝ երկու տարին մեկ։ Տիտղոսը երկու անգամ նվաճել է Լեւոն Արոնյանը (2005, 2017), մեկական անգամ՝ ամերիկացի Գատա Կամսկին, իսրայելցի Բորիս Գելֆանդը, ռուսաստանցիներ Պետր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։




