ԿարևորՔաղաքական

Արևմուտքը թարմացնում է «խաղի կանոնները» ՝ առանց վտանգելու Ռուսաստանի շահերը

Վերջին ամիսներին էապես ավելացել են արևմտյան բարձրաստիճան այցերը Հայաստանի Հանրապետություն: ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերին հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան:

Այստեղ նա մնալու է երկու օր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եվրոպացի պաշտոնյան երկու հիմնական նպատակով է եկել՝ վերահաստատել Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակականությանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Եվրոպական խորհրդի նախագահն առաջին անգամ չէ, որ գալիս է Հայաստան։ Շառլ Միշելից առաջ նույն պաշտոնում Դոնալդ Տուսկն էր այցելել։ 2019–ի հուլիսի 10–ին Երևանում հայտարարում էր, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: 

44-օրյա պատերազմից առաջ եվրոպացի պաշտոնյան խոսում էր քաղաքական հանգուցալուծման անհրաժեշտության մասին, երկու կողմերին զսպվածության կոչ էր անում՝ վերականգնելու միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության իրական բանակցությունների համար։ Տուսկն աջակցում էր ԵԱՀԿ ՄԽ միջնորդների ջանքերին։

Հայաստանը կրկին ընդունում է Եվրոպական խորհրդի նախագահին՝ Տուսկին փոխարինած Շառլ Միշելին։ Արդեն պատերազմից հետո եվրոպացի գործչի այցի պաշտոնապես ձևակերպված նպատակներից է նպաստել տարածաշրջանային կայունությանը։

Շառլ Միշելը «բրյուսելյան» հարթակներում արդեն մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի ղեկավարների՝ նախագահ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ։ Նույն մակարդակով հանդիպումներ նախատեսված են նաև երևանյան այցի ժամանակ։ Պատերազմից հետո  տեղի ունեցած հանդիպումներում Եվրոպական խորհրդի նախագահն ակնարկել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան: Անցյալ տարի հոկտեմբերի 21-ին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահն արձագանքել էր․ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»:

Ուշագրավ է, որ Շառլ Միշելն այն պաշտոնյան է, որը դիվանագիտական սկանդալի կենտրոնում հայտնվեց այս տարվա ապրիլին՝ Անկարա կատարած այցի ժամանակ։ Աթոռների հետ կապված հայտնի պատմությունն էր։  Եվրոպացի 2 պաշտոնյայի և Թուրքիայի նախագահի համար պատրաստվել էր ընդամենը 2 աթոռ․ նստեցին տղամարդիկ, կանգնած մնաց կինը՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Ավելի ուշ Եվրոպական խորհրդի ղեկավարը խոստովանել է՝ վախեցել է, որ եթե ինչ-որ ձևով արձագանքի, ապա առավել կսրի իրավիճակը։

Ի՞նչ խնդիրներ է արդեն Հայաստանում փորձում լուծել Շառլ Միշելը։ Մեջբերում  պաշտոնական հաղորդագրությունից․ «Վերահաստատել Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակականությանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և նպաստել տարածաշրջանային կայունությանը»։ Հետպատերազմյան շրջանում սա դիտարկվում է որպես տարածաշրջանում արևմուտքի ակտիվացման փորձ, որին ուղղված որոշակի քայլ արվել է նաև Հայաստանի իշխանությունների կողմից՝ Հանրային ռադիոյին  ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը․

«Նիկոլ Փաշինյանի ելույթը ես լսեցի, շատ հաջող ելույթ էր։ Փորձում է մանևրել, փորձում է աշխատել նաև արևմուտքի հետ, որ այս հարցը չմնա միայն Ռուսաստանի ու Թուրքիայի վրա»։

Եվրոպական խորհրդի նախագահի հայաստանյան այցի կարևորագույն հարցերից է ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ 2 միլիարդ 600 միլիոն եվրո․ այս գումարը գերազանցում է վերջին 25 տարում ԵՄ–ից ստացված ողջ գումարը։ Գնահատական կա, որ սա բավարար է անգամ զրոյից հիմնվող պետության ենթակառուցվածքների ձևավորման համար։ 

Մինչդեռ այսպես ասած «դավադրության տեսության» կողմնակիցները ֆինանսական այդ աջակցությունն ընկալում են որպես որոշակի փոխհատուցում Ռուսաստանից հեռանալու համար։ Իրականում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այդ ընկալումները ճիշտ չի համարում, նաև կարծում է, որ Ռուսաստանը ցավագին չի ընդունի ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։   

«ԵՄ քաղաքականությունն այդպիսին է։ Նրանք ցանկանում են, որ բոլոր «հարևան» երկրներում կայունություն լինի։ Հարավային Կովկասը նրանք «հարևանների» թվում են դիտարկում, «հարևանների» մեջ են նաև Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան, «հարևանների» մեջ է նաև Հյուսիսային Աֆրիկան։ Իրենք չեն ցանկանում, ասենք, Հայաստանից փախստականների, ոչ լեգալ միգրանտների մեծ հոսք լինի, դա իրենք չեն էլ թաքցնում, դա պաշտոնական դիրքորոշում է։ Դա է պատճառը, որ իրենք հասկանում են՝ ավելի լավ է մեզ այստեղ աջակցեն, այլ ոչ թե հետո ընդունեն փախստականների։ Կասկածներն անիմաստ են։ Ավելին ասեմ, քանի որ ԵՄ–ն չունի ուժային գործիքակազմ, չունի բանակ, չունի ռազմատեխնիկական համագործակցություն, ուրեմն Ռուսաստանի համար, եթե այս համատեքստում ենք նայում, ոչ մի վտանգ չկա»։

Վերլուծական շրջանակները ուշադրություն են հրավիրում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունների օրինաչափությանը։ Նկատում են՝ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախակի չեն, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն եւ ծրագիր: Այս տարի նման այցեր եղել են Վրաստան եւ Թուրքիա հստակ օրակարգով՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական առանձին թեմաներով: Հայաստանյան այցի օրակարգում բարիդրացիական հարաբերությունների սերտացման ամենատարբեր ձեւակերպումներ են։ Քաղաքագիտական շրջանակներում սա դիտարկում են որպես Արեւմուտքի ներկայության ամրապնդման փորձ, առավել եւս հիմա, երբ ղարաբաղյան խնդրին քաղաքական լուծում գտնելու հարցը ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով նորովի է շեշտադրվում։

Կարդացեք նաև

Back to top button