ԿարևորՀասարակություն

Անձրևը 25000 դոլարի վնաս է հասցրել․ էլեկտրոնիկայի խանութում պատասխանատուներին են փնտրում

Արմենը կնոջ հետ խանութից լողալով է դուրս եկել, պատուհանից։ Մտահոգ, բարկացած, բայց կես կատակ ասում է՝ էլեկտրոնիկայի խանութի փոխարեն նույն հասցեում լողավազան են բացելու։ Խոսքը այն խանութի մասին է, որտեղից, ԱԻՆ հաղորդագրության համաձայն, հորդարատ անձրևից հետո փրկարարները 10 տոննա ջուր են հեռացրել։ Արմեն Վաղարշակյանը խանութի սեփականատերն է, հորդառատ անձրևի ժամանակ կնոջ հետ խանութում է եղել, ջուրն այնքան արագ է լցվել խանութ, որ չեն հասցրել տեխնիկան ու գույքը դուրս բերել։

«Խանութում ենք եղել, դուռը փակվել էր, հնարավոր չէր բացել։ Այդ պահին ունեինք և՛ հոսանքահարվելու, և՛ խեղդվելու խնդիր։ Մի կերպ օգնության են հասել ընկերներս, մեզ պատուհանից դուրս են հանել, պատուհանն էլ չէր բացվում, ստիպված կոտրել ենք»,– պատմում է խանութի սեփականատեր Արմեն Վաղարշակյանը։

Խանութի պատին՝ հատակից մոտ 1.5 մետր բարձրությամբ, տեսանելի է անձրևի ու ցեխի հետքը, վաճառվող համակարգիչների վրա ջրի բերած տերևներն են, ծանր խոնավության հոտ կա։ Խանութի սեփականատերերը դեռ ոչինչ չեն տեղաշարժել, դիմել են թաղապետարան, սպասում են պատկան մարմինների հետ գան, գույքագրում անեն։ Իրենց հաշվարկով՝ անձրևը 20000-25000 դոլարի վնաս է հասցրել։

«Թաղապետարանից մեզ գրեթե ոչինչ չասեցին, հասկացանք, որ էլի ոչինչ չեն անելու, պատճառաբանում են, որ իրենց իրավասության տիրույթում չի հարցը»։

Խանութի և վարձակալված տարածքի սեփականատերերը անորոշ, իրարամերժ պատասխաններ են ստացել նաև քաղաքապետարանից ու «Վեոլա ջուր» ընկերությունից։

«Քաղաքապետարանից պատասխանը եղել է, որ պատասխանատվությունը կրում է «Վեոլա ջուր»-ը։ Երեկոյան 10–ին մոտ զանգահարել ենք, ասացին, որ գիշերային հերթապահող մարդ չունեն, որ այս պահին մոտենա արձանագրի։ Դրանից հետո միայն ԱԻՆ աշխատակիցներն են մոտեցել ու հատուկ տեխնիկայով ջուրը հանել են։ Այս պահին մեզ բոլորն ասում են՝ էսօր-վաղը»,- ասում է խանութի սեփականատերը։

Զրուցակիցներս մտահոգություններ ունեն՝ առաջիկա օրերին էլի անձրև է սպասվում։ Տարածքը Վաղարշյան-Գրիգոր Արծրունի փողոցների խաչմերուկում է։ Հովհաննիսյանն պատմում է՝ Վաղարշյան, Փափազյան, Կոմիտաս, Քոչար փողոցներից ջուրը ջրվեժի նման հոսում էր, տարածքում ջրատարի 3 անցք կա, որոնք պարզապես ջուրը կլանել չեն հասցրել։ Տարածքի սեփականատեր Հրաչ Հովհաննիսյանը պատմում է՝ նման դեպքեր էլի են եղել․

«Մեկ տարի առաջ նմանատիպ իրավիճակ եղավ, դիմեցինք պատկան մարմիններին՝ քաղաքապետարանին, թաղապետարանին, ջրմուղին, բոլորն ասացին, որ հարցը մեր տիրույթում չէ, իսկ «Վեոլա ջուր»-ն ասաց՝ մենք նայել ենք՝ ջրատարը նորմալ քաշում է, ոչ մի խնդիր չկա»։

Նախորդ տարվա դեպքից հետո սեփականատերն իր միջոցներով տարածքում փոփոխություններ է արել, պատնեշներն է բարձրացրել, բայց նախորդ օրվա անձրևը ցույց տվեց, որ աշխատանքն անօգուտ է եղել։ Հիմա սպասելու են թաղապետարանի պաշտոնական պատասխանին, պատրաստվում են խնդիրը լուծել նաև իրավական ճանապարհով։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ժ/պ Արթուր Վարդանյանն ասում է՝ հուլիսի 13-14 օդերևութաբանական խնդիրներին առնչվող շուրջ  40 ահազանգ են ստացել։  29-ը անձրևատարների, ջրահեռացման համակարգերի խցանման վերաբերյալ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից էլ հայտնում են, որ հուլիսի 15-ի երեկոյան և 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Անձրևն իր հետևանքներով կհեռանա միայն հուլիսի 17-ից հետո։ Էլեկտրոնիկայի խանութում կատակում են՝ ամեն դեպքում լողազգեստերը պատրաստ պահում են։

Կարդացեք նաև

Back to top button