ԿարևորՀասարակություն

Տեղափոխվելու դեպքում դերասանների 5%-ը հազիվ աշխատի․ թատրոնները դեմ են միավորմանը

ԿԳՄՍ–ն ցանկանում է միավորել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները․ այս հարցի շուրջ քննարկումները չեն դադարում։ Փոխնախարար Արա Խզմալյանը ներկայացրել է թատրոնները միավորելու պատճառները, որոնք, սակայն, անհիմն են համարում թատրոններում։ Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ասում է՝ իրենց դիրքորոշումը հստակ է․ թատրոնում չկա մեկը, որ կողմ լինի միավորմանը։

«Բոլորը դեմ են։ Սա ոչ թե միավորում է, այլ պարզապես ոչնչացնում են մեր անունը։ Կարծես թե մեր կառույցը գոյություն չունի, որպես Երևանի պետական երաժշտական կամերային թատրոն, և գոյություն ունի մի ամբողջ խումբ, որին միավորում են Պարոնյանի թատրոնի հետ»,– ասում է Սամսոն Ստեփանյանը։

Ըստ փոխնախարար Արա Խզմալյանի՝ թատրոնների միավորումը շատ ավելի լավ պայմաններ կստեղծի կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի համար. «Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և մենք ասում ենք՝ եկե՛ք, Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործեք»,-ասում է Արա Խզմալյանը։ Փոխնախարարի այս հիմնավորմանը հակադարձում է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյան

«Սա շատ գեղեցիկ ձևակերպված «շիրմա» է պարզապես, որի տակ ուզում են իրենց «սև գործն» անել։ Այդ գեղեցիկ «շիրմա», որը նախարարությունը դեմ է տալիս հասարակությանը, այստեղ որևէ ռեալ բան չունի, սա ընդամենը ձևակերպում է»,- կարծում է ռեժիսորը։

Թատրոնի դերասանները մտահոգված են, որ միավորումից հետո մասսայական կրճատումներ կլինեն․ սրան ի պատասխան ԿԳՄՍ–ից վստահեցրել էին՝ կրճատումներ հնարավոր են միայն վարչական մասում, իսկ ստեղծագործական կազմն ամբողջությամբ պահպանվելու է։

«Թատրոնից տեղափոխված անձնակազմի 5%-ը հազիվ մնա այնտեղ․ եթե նույնիսկ այդքանն էլ մնա։ Սա վաղ թե ուշ լինելու է։ Կառավարությունը Պարոնյանի թատրոնի ձեռքերով կանի այն «սև գործը», որը ինքը պիտի աներ։ Այսինքն մի խմբով ծանրաբեռնում են մեկ այլ ծանրաբեռնված խմբի, արդյունքում այդ կառույցը ուզի, թե չուզի պիտի կրճատումներ անի, այլապես կոլապսի կենթարկի իր ամբողջ աշխատանքը»,-ասում է Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան

«Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը»,– վստահ են նախարարությունում։ Թատրոնների համատեղ աշխատանքն անհավանական է համարում նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։

«Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է պատկերացնել մի ստեղծագործական խմբի «պատվաստումը», ձուլումը մեկ ուրիշին։ Պատկերացրեք․ 40 դերասան մենք ունենք, 25-30 իրենք, ինչպե՞ս եք պատկերացնում՝ այդ 25-30 դերասանը գան ու միանան 40-ին»,-ասում է Հակոբ Ղազանչյանը և պնդում՝ առաջնային պետք է համարել ոչ թե միավորման, այլ թատերական միավոր կորցնելու հարցը․ կոչ է անում պայքարել հենց դրա դեմ։

«Կառավարության որոշման նախագիծ այս պահին չկա, ես կարծում եմ, որ այս հարցազրույցները, քննարկումները կստիպեն, որ առողջ միտքը հաղթի, և այդ փորձարկումը տեղի չունենա»։

Այսօր Պետական կամերային երաժշտական թատրոնում ակտիվ աշխատանքային մթնոլորտ է։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ասում է՝ մինչև տարվեվերջ նախատեսում են երկու նոր ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին։

Կարդացեք նաև

Back to top button