
Միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գներն աճում են, սակայն մեր երկրի բյուջեն այդ աճը «իր մաշկի վրա չի զգում»։ Կառավարությունում կարծում են, որ Հայաստանում ընդերք շահագործողները օգտվում են գների բարձրացումից և գերշահույթ են ստանում՝ դրա համար պատշաճ հարկեր չվճարելով։ Իրավիճակը փոխելու համար կառավարությունը որոշել է, որ Հայաստանից պղնձի և մոլիբդենի խտանյութ արտահանելու համար հանքարդյունաբերողները շուկայական գների 15%-ի չափով հարկ կվճարեն։
Հայաստանի Հանրապետության ընդերքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եթե դրա շուկայական արժեքը բարձրացել է, ապա առաջին հերթին պետք է օգտվի հենց քաղաքացին․նաև այս հիմնավորմամբ է կառավարությունը որոշել պղնձի և մոլիբդենի արտահանման համար սահմանել տուրք` դրանց շուկայական գների 15%-ի չափով: Մյուս հիմնավորումները ներկայացնում է էկոնոմիկայի նախարարի ժ/պ Վահան Քերոբյանը․
«2021–ին միջազգային շուկաներում այս երկու մետաղների գները կտրուկ աճել են, մոտ 50 %-ով․պղինձը 6000–ից բարձրացել է 9230 դոլար, իսկ մոլիբդենը 24.000–ից մինչև 41.000 դոլար մի տոննայի համար, որի արդյունքում հանքարդյունաբերող ընկերությունները գերշահույթ են ստանում։ Դա այնքան էլ լավ արտացոլված չէ ռոալթիի մեր այսօրվա ունեցած բանաձևերում և, ըստ էության, շատ քիչ չափով է փոփոխվում բյուջեի մուտքերը գների էսպիսի կտրուկ բարձրացումներից»։
Վահան Քերոբյանը նշում է՝ տարվա սկզբից հանքարդյունաբերող ընկերությունները, այսպես ասած, «գերշահույթ են վայելում», այժմ այն կոմպենսացնելու ժամանակն է․
Որոշումը կառավարությունն ընդունել է արտահերթ կարգով, օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի։ «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» ներկայացուցիչ Մանվել Եղիազարյանը նշում է՝ իրենց համար այս հրատապությունը զարմանալի է, հատկապես, որ որոշումը խնդրահարույց է․
«Մենք չունենք նավթ, ունենք այլ օգտակար հանածոներ, բայց նավթ ունեցող երկրների պես հարուստ չենք։ Մեր ստացած օգտակար հանածոների առյուծի բաժինը գնում է ոչ թե պետական բյուջե, այլ մասնավոր ընկերություններին»։
«Հասկանում ենք, որ կա բյուջեն համալրելու անհրաժեշտություն, հասկանում ենք, որ սա բյուջեն համալրելու միջոց է, բայց չենք հասկանում մի բան՝ ինչու՞ հենց 15%, ինչու՞ հենց իրացումից։ Արդյո՞ք ճյուղն ունի 15 % շահութաբերություն, կատարվե՞լ է նման վերլուծություն։ Եթե մենք գնում ենք հարկային բեռի ավելացման, ցանակալի է դա վերցնել եկամուտից։ Եկեք նայենք․ եթե ճյուղում կա 30 % շահույթ, վերցնենք 20-ը, եթե կա 50 % շահույթ, վերցնենք էդ 50-ի 80-ը»։
Ոլորտի ներկայացուցիչները հարկերի ավելացմանը քննադատորեն են վերաբերվում, իսկ տնտեսագետ Հայկազ Ֆանյանը օրինակ է բերում այլ երկրների հարկային քաղաքականությունը։ Հարավային Աֆրիկայում, օրինակ, ընդերքը շահագործողները վճարում են գրեթե 45% հարկ, Չիլիում ՝ 40%, բայց պատրաստվում են կրկնակի ավելացնել՝ հասցնելով 82 %-ի։ Ֆանյանն ասում է՝ վիճարկելի է ոչ թե հարկի չափը, այլ որոշման հրատապությունը։ Ասում է՝ ներդրումների ավելացմանը, ճյուղի զարգացմանը խթանելու փոխարեն հարկային բեռի ավելացումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ․
«Սա ներդրումային գրավչության տեսնանկյունից ռիսկեր է առաջացնում։ Կարող է վաղը-մյուս օր պարզվի, որ ՏՏ ոլորտը գերշահույթ է գեներացնում։ Ես կարծում եմ՝ լավ կլիներ, որ պետությունը ոչ թե հրատապ մոտենա, այլ ավելի երկարաժամկետ, մտածված, փաստերի վրա հիմնաված մոտեցումներով»։
2021թ․ 3 ամսվա ընթացքում Հայաստանի 100 խոշոր հարկատուները միասին վճարել են 150 միլիարդ դրամից ավելի հարկ։ Դրա շուրջ 14.5 %-ը՝ ավելի քան 22 միլիարդը, վճարել են միայն հանքարդյունաբերող ընկերությունները։
Չնայած հարկային եկամուտներում հանքարդյունաբերության ծանրակշիռ մասնաբաժնին, ոլորտի տված» ու ոլորտից վերցվածը համարժեք չեն համարվում։
Մինչ այս որոշումը կքննարկվի Ազգային ժողովում և կարժանանա հավանության՝ հանքարդյունաբերող ընկերությունները կշարունակեն վճարել ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտահարկ։ Բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի դիմաց կվճարեն նաև բնօգտագործման վճար և բնապահպանական հարկ։






