ԿարևորՔաղաքական

Ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ․ Հայաստանի հետագա քայլերը

Մինչ ՀԱՊԿ–ը քարտուղարության մակարդակով հրաժարվել է միջամտել Ադրբեջանի ԶՈՒ–րի կողմից 3 ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքի խախտմանը՝ դա որակելով  սահմանային միջադեպ և դիտարկում անելով, որ սրում չկա։  Մինչդեռ այսօր Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում։

Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի փոխանցմամբ՝ հայկական կողմն ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: ՀԱՊԿ-ի պատասխանից, սակայն, բխում է՝ Հայաստանը դեռ նաև այլ քայլերի հնարավորություն ունի։ Խնդիրը, հավանաբար, կքննարկվի նաև վաղը մոսկովյան հանդիպման ժամանակ։  

Հայաստանը չընդունեց ՀԱՊԿ–ի հիմնավորումը և օգտագործվող ձևակերպումները։ Ավելին՝ զսպվածության կոչ արեց ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Հայաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպիսի բովանդակությամբ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ փոխանցում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հայկական կողմը փաստացի շարունակում է պնդել իր մոտեցումը՝ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը տեղավորվում է ՀԱՊԿ-ի կանոնադրական պարտավորությունների շրջանակում՝ ըստ կոնկրետ հոդվածների։ Նաև նպատակահարմար է  համարում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այցը:

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չի բացառում սահմանային անվտանգության հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելը։ Միաժամանակ ողջախոհության կոչ է անում հատկապես նրանց, ովքեր ՀԱՊԿ-ի նմանօրինակ պատասխանը տվյալ կառույցից դուրս գալու շատ լուրջ պատճառ են համարում։ Իշխանական պատգամավորը ենթադրում է, թե ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը կկարգավորվի այլ գործիքակազմով՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան կամ Բելառուս-Հայաստան, Բելառուս-Ադրբեջան և նման այլ երկկողմ բանակցություններով։

Միջազգային այլ հարթակների դիմելու միջոցով հարցերը կարգավորելու կոչով իշխանություններին դիմում են մի շարք հասարակական կազմակերպություններ։ 1996-99 թթ. ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանի համար կազմակերպության արձագանքը սպասելի էր։ Քաղաքագետի հիմնավորմամբ՝ ՀԱՊԿ-ի մաս կազմող բոլոր պետություններն ավտորիտար են, և այդ պետությունների ղեկավարները հոգեբանորեն պատրաստ չեն աջակցել ժողովրդավար Հայաստանին:

«Ժամանակը ցույց տվեց, որ մեր կողմից նախկինում ընտրված անվտանգային համակարգը չի աշխատում։ Ես կարող եմ այլ օրինակներ բերել ՀԱՊԿ-ի հայտարարություններից, որտեղ պարզ երևում է, որ այստեղ մեր անվտանգությունը չի ապահովվում։ Մենք ինչ ենք առաջարկում՝ մոտ ժամանակներում տակտիկական քայլերի մասին է խոսքը։ Առաջարկում ենք կառավարությանը դիմել միջազգային այլ կառույցների՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ՝ տարածաշրջան մշտադիտարկման առաքելություն ուղարկելու առաջարկով»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավարը շեշտում է սահմանամերձ բնակիչների տեսանկյունից մարդու միջազգային իրավունքների պաշտպանությունը։ Խոսքը միջազգային այն նորմի խախտման մասին է, համաձայն որի՝ արգելվում է բնակելի վայրերին մոտ տեղակայել ռազմական ԶՈՒ ստորաբաժանումներ։

Ուշագրավ է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանին գրեթե նույնանման խնդրի դեպքում ՀԱՊԿ-ը Տաջիկստանին խոստացել է անհրաժեշտ օգնությունը։ Արդյո՞ք սա նույն կառույցի կողմից երկակի ստանդարտների կիրառում է՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը չի շտապում գնահատականներ տալ, բայց նաև հիմնավորում է, թե ինչու Հայաստանի դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները չեն շտապում օգնության ձեռք մեկնել։

«Ես չեմ ուզում դա անվանել հիմա երկակի կամ ինչ-որ մի այլ ստանդարտ, ուղղակի խնդիրը, որը երևում է Տաջիկստանում գուցե ՀԱՊԿ-ի այլ պետությունների համար, այդ թվում նաև Միջին Ասիական պետությունների համար ավելի հասկանալի է։ Իրենք հաշվի են առնում նաև իրենց հարաբերություններն այդ թվում նաև Ադրբեջանի հետ, ոչ մեկի համար դա գաղտնիք չէ։ Այդ դեպքում անհրաժեշտ է հստակ հարց դնել ՀԱՊԿ-ի գործառնության կանոնների արդիականացման և upgrade–ի մասին։ Նպատակահարմար է, ցանկալի է և անհրաժեշտ է, որ ինքը հետևի այն կանոնադրական նպատակներին, որը ներկայացնում է և հռչակում է։ Եթե չի ստացվում, ուրեմն կազմակերպությունը իր գործունեության վերանայման կարիք ունի, իսկ այդպիսի առաջարկներ կարող է ներկայացնել նաև Հայաստանը։ Բացի այս ամենը, ենթադրում եմ, կարևոր է այդ կազմակերպության կողմից վճռականության դրսևորման անհրաժեշտությունը և դրա պատրաստակամությունը հանդես գալ ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործողություններով։ Եթե   ի վիճակի չէ, ուրեմն կազմակերպությունն ունի համապատասխան թերություն»։

Անգամ այս դեպքում Մարկարովը չի շտապում խոսել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Առաջարկում է նախ դիմել մի քանի առաջնային քայլի․

«Հստակեցնել մեր նպատակները, ըստ մեր նպատակների գտնել համապատասխան կանոնադրական կետը և եթե կարիք կա նորից դիմել համապատասխան կանոնադրական կետով, համապատասխան հստակեցված խնդրով։ Երկրորդ՝ եթե մենք գտնում ենք, որ այդ անդամակցությունը նպատակահարմար չէ, տվյալ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է դրա այլընտրանքը։ Եթե այլընտրանքի պատասխանը դեռևս անորոշ է համապատասխան առաջին քայլերի հարցը ավելի որոշակիացված է»։

Այս հարցերը թերևս կդառնան առանցքայինը վաղվա մոսկովյան հանդիպման ժամանակ։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ծրագրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են կառավարությունից։ Նրանք կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button