
Հուլիսի 1–ից գործարկվել է Եվրասիական տնտեսական միության «Աշխատանք առանց սահմանների» հարթակը։ Դրա գործարկման մասին դեռ փետրվարին խոսվել էր «Թվային Ալմաթի 2021» ֆորումի ժամանակ։ Ռուսաստանի վարչապետը հայտարարել էր, որ 2022-ից կգործի «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը, որը կօգնի օնլայն տարբերակով աշխատանք փնտրել և գտնել միության անդամ 5 երկրներում։
Հայաստանից՝ ԵԱՏՄ երկրներում, իսկ ԵԱՏՄ–ից Հայաստանում մրցունակ և ցանկալի աշխատանք փնտրելու հեռանկար է բացվում միության անդամ 5 երկրների քաղաքացիների համար։
«Աշխատանք առանց սահմանների» կայքէջում առկա գործիքների միջոցով հնարավոր է աշխատանք ընտրել՝ ըստ տարածաշրջանի, ըստ աշխատանքային ժամերի։ Ընձեռվում է նաև հեռահար աշխատանքի հնարավորություն։ Աշխատանքային միասնական հայաստանյան հարթակի նախագիծը մշակվել է «Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական կենտրոնում։ Կառույցի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյան։
«Շատ հանգիստ կարելի ապրել գյուղում, լեռնային հատվածում և հեռավար աշխատել զարգացած տեղեկատվական կենտրոնում։ Փաստորեն, աշխատանք փնտրողն օնլայն կարող է հանդիպել աշխատանք առաջարկողին և թվային գործիքով ակտիվացնել զբաղվածության ոլորտը»։
Ըստ նախարարության տվյալների՝ հարթակում արդեն գրանցվել է կես միլիոն թափուր աշխատատեղ և 4 միլիոն ինքնակենսագրական։ Սա գործատուի համար բացառիկ հնարավորություն է օնլայն, առանց միջնորդների հանդիպելու աշխատանք փնտրողի հետ և հակառակը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարևորում է շուկայի ազատականացման բաղադրիչը և դրա հնարավորությունները։
«Սա շատ կարևոր հարթակ է, որը ԵԱՏՄ անդամ երկրները կարողացան համատեղ ձևավորել։ Իհարկե, հնարավորություններ է ընձեռում աշխատաշուկան ավելի զարգացնելու, առանց այն արգելքների, որոնք առկա էին մինչև այդ։ Աշխատաշուկայի ազատականացումն այն կարևոր բաղադրիչներից մեկն է, որն ընկած է ԵԱՏՄ համագործակցության հիմքում, և Եվրասիական տնտեսական միությունը, այս քայլը կատարելով, հետևյալ ուղերձն է փոխանցում՝ ազատ առևտրային գոտին, ընդհանուր շուկան ձևավորված են, և անցում է կատարվում տնտեսական շուկայի ձևավորմանը՝ այդ թվում աշխատաշուկայի»։
Նախագծի միջոցով կապահովվի «հնգյակի» անդամ երկրների քաղաքացիների զբաղվածությունը՝ թափանցիկ և մրցունակ ընթացակարգով, առանց «անբարեխիղճ միջնորդների» ծառայության։ Իսկ արդյո՞ք անդամ երկրների գործատուները թվային տեխնոլոգիաների միջոցով խտրական մոտեցում չեն ցուցաբերի մասնագետների ընտրության հարցում՝ նախապատվությունը տալով իրենց քաղաքացիներին և կգործեն արդյո՞ք աշխատանքային օրենսդրությամբ ամրագրված այն դրույթները, որոնք սահմանված են անդամ երկրներից յուրաքանչյուրում։ Մանասերյանը չի բացառում խտրական մոտեցումը, քանի որ այսօր միջազգային աշխատաշուկայում բազմաթիվ են նմանօրինակ փաստերը, բայց և արձանագրում է, որ ազատականացումը լայն հնարավորություն է որակյալ մասնագետներ գտնելու համար։
«Կա թե ինստիտուցիոնալ որոշակի խնդիր, թե խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ընդհանուր շուկայի զարգացմանը։ Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ Աշխատանքային օրենսգրքերը տարբերվում են, քիչ թե շատ մոտ է ՀՀ–ն և ՌԴ–ն։ Եվ հետագայում հնարավոր է, որ կառավարությունների որոշումներով էլ կանոնակարգվեն։ Խտրականությունը չեմ բացառում գործատուների կողմից, կան նաև կառավարման բնույթի տարբերություններ՝ օրինակ ՀՀ–ում և Բելառուսում։ Հայաստանը ազատական է, Բելառուսը՝ հակառակը ։ ՀՀ–ն, Ղրղզստանը շուտ անդամակցեցին ԱՀԿ–ին, որտեղ միջազգային չափորոշիչները կիրառման պարտադիր պահանջ էր։ Հնգյակի երկրներում կան նաև մշակութային առանձնահատկություններ․ ոչ միայն լեզուն է, այլև գրված և չգրված օրենքները, որոնք յուրացնելու համար ժամանակ է հարկավոր»։
Թաթուլ Մանասերյանը չի բացառում, որ աշխատանք փնտրելու համար Հայաստանից մասնագետները ոչ միայն գնան, այլև գան ԵԱՏՄ–ից։ Համոզված է՝ մակրո և միկրո մակարդակներում արհեստավարժ կառավարումը մասնագետների ներհոսք կապահովի։





