ԿարևորՀասարակություն

Գնում ենք կորցրածը հետ բերելու․ ամառային զորակոչը շարունակվում է

ՀՀ զինված ուժերը մինչև հուլիսի 30-ը ներառյալ կհամալրվեն նորակոչիկներով․ պաշտպանության  նախարարության Կենտրոնական հավաքակայանում շարունակվում է հունիսի 21-ից մեկնարկած ամառային զորակոչը։  Հավաքակայանի անձնակազմն այսօր  բանակ մեկնող տղաների հերթական խմբին  է ներկայացրել   2021 թվականի ամառային զորակոչի ընթացակարգը՝ վիճակահանությունից մինչև բուժզննում։ Իսկ տղաներն այս անգամ բանակ են գնում ավելի հասունացած ու մեծացած։

«Խաչատրյան Սլավա, Կարապետյան Տիգրան. բարի ծառայություն»․ ԶՈւ դասակարգման խմբի ղեկավար Նվեր Մանգասարյանն ընթերցում է նորակոչիկների անուններն ու բարի ծառայություն մաղթում նրանց։ Համալրման պլանի համաձայն՝ կատարվում է զորակոչիկների վիճակահանություն և զորամասերի համալրում: Արդեն  երկրորդ տարին կորոնովիրուսով  պայմանավորված՝   նորակոչիկների ծնողներն այդ ամենին հետևում են ոչ թե հավաքակայանում, այլ  առցանց։ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակյան։

«Յուրաքանչյուր թմբուկ նախատեսված է մեկ ուղղության համար: Վիճակահանությունը հեռարձակվում է, ծնողները տարածքային ստորաբաժանումներից հետևում են վիճակահանության ընթացքին։ Չեմ կարող ասել, թե որ զորամասերն են համալրվում, որովհետև բացարձակ գաղտնի տեղեկություն է»։

Թմբուկներից մեկի վրա գրված էր Ռուսական սահմանապահ զորքեր։ Գնդապետ Սահակյանն ասում է՝ սա նորություն չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ, 1994 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրի համաձայն, ժամկետային զինծառայողների որոշակի քանակ է նախատեսվում նաև Ռուսաստանի սահմանապահ զորքերում:

«Ռուսական կողմը զորակոչի ամբողջ ընթացքում Կենտրոնական հավաքակայանում ունենում է հանձնաժողով, ընտրում իր չափորոշիչներին համապատասխան զորակոչիկներ, որոնք Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով անպայմանորեն անցնում են վիճակահանություն, որ ամեն ինչ լինի արդար»,- ասաց գնդապետ Սահակյանը:

Երբ նորակոչիկներն արդեն գիտեն, թե որ զորամասում են ծառայություն անցնելու, կենտրոնական հավաքակայանի դասակարգման խմբի ղեկավար, քաղաքացիական ծառայող Նվեր Մանգասարյանը սկսում է զրուցել զորակոչիկների հետ։ Պարզում է նրանց ընտանեկան դրությունը, սոցիալական վիճակը։

«Եթե զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ է, ապա օգտվում է մարտական հերթապահության մեջ  չընդգրկվելու իրավունքից: Եթե զորակոչիկի ծնողներից մեկը մահացած է և ընտանիքում ունեն անչափահաս երեխա, օգտվում է մարտական հերթապահություն չիրականացնելու արտոնությունից, ինչպես նաև 6 ամիսը մեկ նրան տրվում է արձակուրդ»,- ասաց Մանգասարյանը:

Տղաները ծառայության մեկնելուց առաջ վերջին բուժզննում են անցնում։ Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Մկրտչյանը տեղեկացնում է, որ նախորդ տարվանից հատուկ միջոցառումներ են իրականացնում՝ կորոնովիրուսի մուտքը զորամասեր կանխարգելելու համար։

Արդեն հավաքակայանի  բակում զրուցում եմ տղաների հետ։ Նախորդ տարիներին նորակոչիկները  բոլորովին այլ նպատակներ էին դնում իրենց առջև։ Շատերն ուղղակի նշում էին, որ գնում են իրենց պարտքը կատարելու։ Այսօրվա  զրուցակիցներս կարծես մի քանի տարով մեծացել են։ Այսօր նրանք այլ նպատակներ ունեն։

Համլետ Խաչատրյան «Մեր թուլանալու հիմնական խնդիրը սխալ գաղափարախոսությունն է։Ես  պայքարելու եմ   «գնանք, զոհվենք հայրենիքի համար» գաղափարախոսության դեմ։  Նապոլեոն Բոնապարտը մի այսպիսի հիանալի խոսք ուներ՝ ոչ թե մենք պետք է զոհվենք հայրենիքի համար, այլ այնպես անենք,  որ թշնամին զոհվի իր հայրենիքի համար։ Ամեն կյանքը մեզ համար թանկ է,մենք գնում ենք, որպեսզի նրանց փոխարեն ապրենք, կանգնենք նրանց  դիրքերում։ Մենք ոչ միայն  Արցախը պետք է հետ բերենք, այլ նաև  այն, ինչ 100 առաջ մեզնից խլել են»։

Սարգիս Պետրոսյան «Գնում եմ պաշտպանելու հայրենիքս։ Մեր ընկերները  ընկան հանուն մեզ, մենք  ոչ միայն  պիտի պաշտպանենք մեր, այլև ընկած տղաների ընտանիքները։  Գնում ենք հետ բերելու էն ամեն ինչը, որի համար ընկան տղաները, որ իրենց թափած արյունը իզուր չլինի»։

ՀՀ զինված ուժերը մինչև հուլիսի 30-ը ներառյալ կհամալրվեն նորակոչիկներով:

Կարդացեք նաև

Back to top button