
Սահմանամերձ Չինարի գյուղում մեկ ձեռքով կռվում են, մյուսով՝ կրթվում։ Երեխաների ձեռքին վերջերս հայտնված զենքը մշակութային է։ «Մշակութամետ» նախաձեռնության անդամները հանգստյան օրեր չունեն։ Շաբաթ-կիրակի չորս ժամ ճանապարհ են կտրում, Երևանից հասնում Տավուշ՝ երեխաներին դաշնամուր, ֆլեյտա, ազգային երգ ու պար, դերասանական արվեստ ու գորգագործություն դասավանդելու։ Այսպես, արդեն 40 «շրջիկ ուսուցիչներ» շուրջ կես տարի ապակենտրոն մշակույթի հիմքն են դնում։ 44-օրյա պատերազմի մասնակից Զարեհ Գասպարյանը նախագծի կիթառի ուսուցիչն է։ Որոշել է մշակութային ճակատում ամրաշինական աշխատանքներ սկսել։
«Երկրի սկիզբը սահմանն է, ուրեմն, հենց սահմանում պետք է սկիզբը դրվեր։ Որոշեցի միանալ նախաձեռնությանը, որոհետև սկսեցի անհանգստանալ ու մտածել մեր երկրի ապագայի մասին։ Շատ եմ ուսումնասիրել Կոմիտաս վարդապետին, ու ինքը մի խոսք է ասել, որ դաջվել է իմ մեջ։ Ասել է՝ «Սխալ դաստիարակության արդյունք է, որ շատեր, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր»։ Ես հասկացա՝ երկրի ապագայի կառուցման միակ տարբերակը մեր երկրում ապագա հանճաներին շատացնելն է»։
Ծրագրի համահիմնադիր Աննա Դանիելյանը պատմում է, որ պատերազմից հետո ընկերներով իրար գլուխ են հավաքվել ու փորձել են հասկանալ՝ որտեղ է սխալը։ Շատ երկար չեն մտորել, որոշել են՝ որտեղ էլ որ սխալը լինի, փոփոխությունների մեկնարկը պետք է տալ հենց այսօր ու հենց սահմանից։ Նախաձեռնության անդամները սկսեցին Չինարի և Այգեձոր սահմանամերձ գյուղերից։ Աննա Դանիելյան․
«Կրթության առումով շատերը էստեղ գիտեին, թե դուդուկը փողային գործիք է, որովհետև դրանով փող են աշխատում։ Այսինքն՝ շատ բաներ, որ ցույց էինք տալիս, հասկանում էինք՝ բացեր կան, ու այդ բացերը լրացնելով երեխաների մոտ նաև աշխարհայցք էինք փոխում։ Հաճախ ասում էին՝ ինչ լավ է, որ տղամարդ ուսուցիչ ունեք, որը կիթառ է նվագում, որովհետև հաճախ երեխաները, բացի զինվորականից ու գյուղացուց, այլ տղամարդու կերպար չեն տեսնում։ Այսինքն՝ մարդը, որը մշակույթով է զբաղվում ու տղա է, ինչ տարօրինակ է, չէ՞»։
40 ուսուցիչների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը ապահովում է նախաձեռնությունը։ Նախաձեռնության ամփոփիչ համերգին նաև դերասան Վարդան Պետրոսյանն է ներկա, մարտական ընկերներն են հրավիրել։ Ասում է՝ սահմանամերձ մարզերում ներկայացումներով շրջելու միտք ուներ, իսկ երիտասարդների հետ ծանոթանալուց հետո կարող է մասնակցել նաև կրթական ծրագրերին։ Դերասանի գնահատմամաբ մշակութամետներն ահռելի աշխատանք են անում, և կարևորը՝ նրանք հասկացել են, որ վաղվա մեծագույն հաղթանակնեը կերտելու են այսօրվա երեխաները․
«Սա շատ մեծ մշակութային արդյունք է տալու․ այս երեխաները ամուսնանալու են, այս երեխաները երեխաներ են ունենալու, այս երեխաները ընկերանում են իրար հետ, այս երեխաները սկսում են ձևավորել միասնական ռիթմի զգացում, աղջիկներն արդեն կիթառի խումբ ունեն, նրանք ամուսնանալու են, նրանց ամուսինները տեսնելու են, որ կիթառահար կին ունեն, նրանց երեխաներն ասելու են՝ մամաս կիթառ է նվագում, հասկանու՞մ եք, սա շատ կարևոր է։ Պարտությունից հետո մարդիկ սկսում են փնտրել՝ որտե՞ղ է ելքը, ի՞նչ անել, սկսում են քաղաքական ինչ-որ հանդիպումներ անել և, բնազդաբար, մի քանի կարգին, շատ խորն ու շատ լուսավոր մարդիկ ասում էին՝ ամենակարևորը պետք է այսօր քշտել թևերն ու երեխաներին կրթել։ Ճիշտ է սրա արդյունքը վաղը չէ, կոպիտ ասած, վաղը չէ մյուս օրն է երևալու, վայրկենական արդյունք չես տա, սա զենքի արտադրություն չէ, բայց սա ուրիշ զենքի արտադրություն է։ Սա երեխա դաստիարակել ու վաղվա մարդուն կրթելն է, նա տալու է էսօրվա մեր անպատասխան հարցերի բոլոր պատասխանները»։
«Մշակութամետ»-ին տեղում օգնության ձեռք է մեկնել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից, կենսաբանության ուսուցչուհի Մարիամ Գրիգորյանը։ Ծրագիրն ավարտին է մոտենում, բայց նա մտադիր է նաև երրորդ տարին մնալ Չինարիիում՝ կիսատ աշխատանքներն ավարտելու։ Ընկեր Մարիամը ոչ միայն օգնում է նախաձեռնությանը համակարգման աշխատանքներում, այլև, որպես աշակերտ, թավջութակ է սովորում, ցույց տալով՝ ուսուցիչը նաև սովորում է։ Միջոցառման ընթացքում հերթը հասում է Չինարիի Մարիամին․ այս անունը տեղացիներն են նրան տվել։ Դահլիճում ծափերի տարափ է։ Մարիամի նախաձեռնությամբ Չինարիի աշակերտները մի քանի բիզնես-նախագիծ են սկսել․ «ChinariArt»-ով էջանշաններ և կավե զարդեր են պատրաստում, «Արեգնահամ»-ի դեպքում գործ ունեն խոտաբույսերի հետ, իսկ «ChiNare» ծրագիրը սովորեցնում է ասեղնագործել։ Մարիամ Գրիգորյան․
«Եթե այն ժամանակ երեխաները չգիտեին՝ ժամանակն ինչպես ծրագրեին, ինչպես լցնեին՝ հիմա գիտեն։ Աշակերտներս նույնիսկ բողոքում են, որ ժամանակ չունեն հանգստանալու, անընդհատ զբաղված են, օրինակ՝ էջանիշ են պատվեր ստացել և պետք է առաքեն։ Փոստային առաքման հմտություններ և ճիշտ նամակագրություն կազմել են սովորել։ Երեխաները հրաժարվում են ստացված եկամուտը անձնավորել և կարողանում են նաև համայնքային փոքրիկ նախաձեռնություններ իրականացնել»։
«Չինարի Արթ» ծրագրի հիմքում գրքերն են։ Երեք՝ իրարից չափազանց տարբեր ընկերուհիները նման են մեկ հարցում․ սիրում են ընթերցել։ Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» իրար փոխանցելով կարդալուց՝ գրքի էջերը խուսափում էին ծալել, էջերի արանքը սովորական թուղթ էին դնում։ Գրքի քննարկման ժամանակ ընկեր Մարիամը նկատում է ու առաջարկում էջանշաններ պատրաստել, հատկապես, որ երեխաները կարողանում էին նկարել։ Նրանցից Հովակիմյան Աննան պատմում է, որ նախ ընկեր Մարիամի խոսքը, ապա գրքի տողերն են ոգեշնչել․
«Բնության մեծագույն հրաշքը ես եմ ու պետք է իմ կյանքը փոխեմ», դա ևս մոտիվացնող միտք էր, որ մեզ ստիպեց մտածել՝ մենք բնության մեծագույն հրաշքներն ենք ու կարող ենք փոխել մեր շրջապատը»։
«Արեգնահամ»-ի մեջ ևս ընկեր Մարիամի մատը խառն է։ Կենասբանության ուսուցչուհին աշակերտներին խորհուրդ է տվել ուսումնասիրել խոտաբույսերը։ Շատ չանցած՝ երեխաներն անգիր գիտեին՝ ինչ օգտակար խոտաբույսեր աճում տարածաշրջանում, ավելին, սկսեցին դրանք փաթեթավորել ու օնլայն վաճառքի հանել։ Աշակերտներից Արաքս Պետրոսյանը բացատրում է՝ ինչու «Արեգնահամ» և ոչ արևահամ․
«Մենք սահմանապահ գյուղ ենք, և մեր սահմանները զինվորներն են պահում, իսկ Արեգը տղայի անուն է, դրա համար որոշեցինք նախաձեռնության անունը «Արեգնահամ» դնել»։
Ոգևորիչ օրինակների կողքին նաև հիասթափության փոքրիկ դրվագներ են եղել՝ ասում էազգային երգ ու պարի, ասեղնագործության ուսուցչուհի Աստղիկ Մախսուդյանը։ Սակայն դրանք մոռացվել են, երբ նշմարվել առաջին հաջողությունները․
«Մեզ հիասթափությունների պահերին հենց այդպիսի փոքրիկ դրվագներն էին պահում, երբ իմանում էինք՝ գյուղից ինչ-որ մեկը Երևանի ծանոթներից փորձում է դաշամուր գնել երեխայի համար ու հասցնել սահման։ Ընթացքում տոներ են եղել, օրինակ՝ Զատիկը կամ Մայիսի 28-ը՝ առանց մեր իմացության նախաձեռնել են ազգային երգ ու պարով դպրոցում տոնել, իսկ մենք այդ մասին իմացել, տեսել ենք ֆեյսբուքյան լայվերի միջոցով, ու դա շատ է ուրախացրել մեզ»,- ասում է Աստղիկը։
Սկզբում նախագծում ընդգրկվել էր շուրջ 300 աշակերտ, այժմ նրանք 150-ն են։ «Մշակութամետ»-ը նպատակ է դրել ծավալվել սահմանից սահման՝ Տավուշից Սյունիք։ Հիմա թիմն ընդլայնվում է, պատրաստվում են ներգրավել նոր կամավորների, որոնք կդասավանդեն հարևան գյուղերում։ «Մշակութամետ»-ից գյուղերում գոհ են․ միջոցառման ավարտին, երբ բացվեց «Անկեղծության արկղը», աշակերտներից մեկը գրել էր․ «Մենք Ձեզ հետ սովորեցինք ապրել»։






















































