ԿարևորՀասարակություն

Վայոց ձորի Հորս գյուղում ավելի քան 400 մարդ կունենա ոռոգման մատակարարման հնարավորություն

Վայոց ձորի Հորս գյուղում տեղի է ունեցել «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն:

Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Բեզոար» բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից «Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի» համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում:

Արարողությանը ներկա են եղել  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և այլոք:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանին և Ճապոնիայի Կառավարությանը, ինչպես նաև նախաձեռնության բոլոր մասնակիցներին, ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, որը ոչ միայն համայնքի բնակիչներին չոր եղանակային պայմաններում ապահովելու է ոռոգման ջրով, այլև նպաստելու է շրջակա միջավայրի էկոհամակարգերի և էկոլոգիական կայունության պահպանմանը:

Մարզպետը նաև շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր բացառիկ նպաստը կունենա հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում, և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել բարեկամական հարաբերությունները և համագործակցության օրակարգը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով։

Իր խոսքում դեսպան Մասանորի Ֆուկուշիման երախտագիտություն է հայտնել բոլոր ներգրավված կողմերին և շնորհավորել է ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ: «Ուրախ եմ տեսնել, որ Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակության շնորհիվ ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման միջոցով Հորս գյուղում ավելի քան 400 մարդ չոր եղանակային պայմաններում ունի ոռոգման մատակարարման հնարավորություն»:

Դեսպանը հույս է հայտնե, որ այս ծրագիրը, որը համահունչ է Հայաստանի Կառավարության գերակայություններին, էլ ավելի կամրապնդի բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են Ճապոնիայի և Հայաստանի միջև:

Կարդացեք նաև

Back to top button