
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդունելի են, ընտրական օրն ամփոփելով արձանագրել են միզագային դիտորդական խմբերը։ Չնայած քաղաքական բևեռացմանը՝ Հայաստանում, ըստ նրանց, անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ։
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքերի վրա էապես ազդող խախտումներ չեն արձանագրվել՝ ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։ Դիտորդները Հայաստանում այցելել են շուրջ 700 ընտրատեղամաս։
«Ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և նյարդայնության: Պատրաստվել է կոլեգիալ վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Տեղի է ունեցել պատշաճ կազմակերպված գործընթաց»:
Անդրադառնալով մի քանի մարզերում էլեկտրաէներգիայի անջատման դեպքերին՝ Նեմատովն ասել է․
«Հայտնի իմաստուն ասացվածք կա՝ լուսինն էլ անթերի չէ։ Էլեկտրաէներգիայի անջատումը տեխնիկական խնդիր էր և չի ազդել ընտրության արդյունքների վրա»:
Կար ընտրություն կատարելու մեծ հնարավորություն, հարգվել են հիմնարար ազատություններն ու իրավունքները, և մրցակիցները կարողացել են ընտրարշավը կազմակերպել հավասար պայմաններում,-ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսը։ Չնայած դժվար ու կարճ ժամանակահատվածին, բևեռացված քաղաքական միջավայրին, Հայաստանում կազմակերպվել են ժողովրդավարական ընտրություններ, -ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը։
«Մենք տեսել ենք որոշ չնչին տեխնիկական խախտումներ որոշ տեղամասերում։ Որոշ տեղամասերում ծանրաբեռնվածություն է եղել, որոշ տեղամասերում հաշմանդամների համար պայմաններ չեն եղել, բայց սա որևէ կերպ հարցի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը»։
Եղել են իշխանության չարաշահումների վերաբերյալ արձանագրումներ։ Մասնավորապես, զինվորներին խմբերով ընտրատեղամաս տանելու դեպքերի վերաբերյալ, -ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը ու հավելել, որ բոլոր մեղադրանքները պետք է արժանանան համապատասխան քննության։
«Եղել են մեղադրանքներ ընտրական օրենսգրքից խախտումների վերաբերյալ։ Մենք դրանք արձանագրել ենք և հետևելու ենք գործընթացին տեսնելու, թե ինչ է տեղի ունենալու, և պատրաստ ենք սկսելու հետընտրական գործընթացների գնահատում»։
Թեկնածուների համար եղել են հավասար մրցակցային պայմաններ․ սա էլ ագրել է ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յոգան Մերֆինի գնահատականն է․
«Ընտրողներին տրամադրվել է մեծ բազմազանություն՝ ընտրություն իրականացնելու համար, թեև ագրեսիվ, անձնավորված և որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը, միգուցե, խաթարել է կառուցողականությունը»։
ԵԱՀԿ ԽՎ առաքելության 11 փորձագետները և 26 երկարաժամկետ դիտորդները մի քանի շաբաթ շրջել են հանրապետությունում։





