
Մարդու իրավունքների պաշտպանը ժամը 17-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Աշխատակազմի թեժ գծի ստացած ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին, քվեարկության կարգի խախտմանը , նաև՝ ընտրացուցակների անճշտություններին։
Շերամի փողոց 77 շենք, բն․7 հասցեում 35 տարվա գրանցում ունեցող Սուսաննա Սմբատյանն ընտրատեղամասում անակնկալի է եկել։ Տան բոլոր անդամների անուններն ընտրացուցակում եղել են, իրենը՝ ոչ։
«Նոր եմ եկել ընտրատեղամասից։ Ինձ համար անակնկալ էր, որ անունս չկար։ Ասացին, թե անձնագրային բաժնից պետք է ճշտենք որն է պատճառը։ Դա իրենց թերությունն է եղել։ Առանց ընտրելու եկել եմ տուն։ Եթե հարթվի հարցը, կարող եմ կրկնակի գնալ։ Նույնիսկ աղջիկս գրանցված է և 12 տարի է այստեղ չի ապրում, բայց իր անունը կար»։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/10 ընտրատեղամասում եղանք։ Հանձնաժողովի նախագահ Հրանտ Մինասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց՝ միջադեպեր ու խախտումներ չեն արձանագրվել։ Մեր դիտարկմանը, թե ցուցակներում անճշտության հետքերով ենք այս ընտրատեղամասում, զարմանքով արձագանքեց։ Միասին մոտեցանք մատյանին՝ նորից ճշտելու քաղաքացու տվյալները։
« Մի հատ Շերամի 77, բն․7 հասցեի գրանցումները նայեք։ Այս հասցեում Սմբատյան Սուսաննա Արարատի չկա գրանցված։
—Ինչու՞։
—Այդ հարցն ուղղեք անձնագրային վարչությանը»։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից պարզաբանեցին՝ քաղաքացու քվեարկության վայրը փոխվել է բուժհաստատության ցուցումով։ Ավելի կոնկրետ՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը ցուցակով տրամադրել է ստացիոնար բուժում ստացող այն քաղաքացիների անունները, որոնք այս ընթացքում բուժում են ստանում և պետք է շրջիկ քվեատուփերով մասնակցեն ընտրությանը։ Կենտրոնը ներկայացրել է, և այդ անձանց քվեարկության վայրը փոխվել է, իրավունք չունեինք չփոխելու՝ բացատրեցին ոստիկանությունից։ Ինչ վերաբերում է այդ փոփոխության մասին քաղաքացուն տեղեկացնելուն, ասացին, որ ծանուցումը պետք է բժշկական կենտրոնն աներ։

Սուսաննա Սմբատյանը շուրջ 9 տարի է՝ քաղցկեղով հիվանդ է, սակայն երբևէ այս կենտրոնում ստացիոնար բուժում չի ստացել։ Ավելին, կենտրոնից որևէ ծանուցում չի ստացել, որ պետք է այնտեղ մասնակցի ընտրություններին։
« 2012 թվականին կնոջս միայն այդ հիվանդանոցում վիրահատել են։ Դրանից հետո միայն քիմիոթերապիաներ է ստացել։ Հիմա ընտրատեղամասը փոխել են ու չեն էլ ծանուցել, որ այդ կենտրոնում պետք է մասնակցի ընտրության»։
Թե ինչու է կենտրոնը ներկայացրել մարդկանց անուններ, որոնք ստացիոնար բուժում երբևէ չեն ստացել, և ինչու՞ նրանք այդ մասին պատշաճ չեն ծանուցվել, ոստիկանությունն առաջարկում է ճշտել ուռուցքաբանականից։ Ուռուցքաբանական կենտրոնից չցանկացան մեր հարցին ձայնագրությամբ պատասխանել։
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Սարգսյանը միայն ասաց, որ մեկ շաբաթ առաջ են ցուցակները ոստիկանություն ներկայացրել, իսկ ծանուցելն իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Քաղաքացին ունի դժգոհություն, կարող է դիմել դատարան և պաշտպանել իր իրավունքները՝ եզրափակեց մեր զրուցակիցը։ Սակայն մինչ այս անհեթեթությունը և հակասական վիճակը կպարզվի, քաղաքացին փաստացի զրկվեց ընտրելու հնարավորությունից։




