
Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ:
«Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:
Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու»,-գրել է Գոռ Աբրահամյանը:
Նա ընտրողներին կոչ է արել չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին:




