ԿարևորՀասարակություն

Պաշտոնապես մեկնարկեց Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեությունը

Հունիսի 17-րդ օրը մի հարկի տակ էր համախմբել պետական պաշտոնյաներին, բարերարներին, սևանցիներին, հյուրերին և մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծման ակունքներում կանգնած ու ծրագիրը կյանքի կոչած մարդկանց:

Դեռևս երկու տարի առաջ պարզ դարձավ, որ Սևան քաղաքում գործելու է մանկական վերականգնողական կենտրոն` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: Սևանի տարածաշրջանի 100-ից ավելի երեխաների համար ստեղծվելու էին հնարավորություն և պայմաններ իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում ստանալու համար:

«Երեխաների կարիքներին համապարփակ արձագանքման ապահովումը կախված է առողջապահական, կրթական, սոցիալական ծառայությունների կարողություններից: Հիմնադրամը, հաշվի առնելով առկա իրավիճակը, աշխատում է վերաբացել ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոն, որը սպասարկելու է հաշմանդամության և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին: Նման կենտրոնի ստեղծմամբ երեխաները հնարավորություն կստանան բարելավել իրենց ֆիզիկական և հոգեբանական պայմանները, դառնալ հասարակությանը լավ ինտեգրված անդամներ»,- հանդիպման ընթացքում նշել էին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչները:

Լավագույն ու անհրաժեշտ գաղափարի կողքին կանգնեցին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, Սևանի համայնքապետարանը, կենտրոնի բացման անհրաժեշտությունը կարևորող ու իրենց բարեսիրական աշխատանքով նպաստող մարդիկ: Տարիներ անց լավագույն գաղափարը դարձել է գործ վերականգնողական կենտրոնի տեսքով:

Սևան համայնքի կողմից կենտրոնի գործունեության համար Դեմիրճյան 17 հասցեում գործող մանկապարտեզի մասնաշենքից տրամադրվել է համապատասխան տարածք, որը վերանորոգվել է, կահավորվել և արդեն գործում է լիարժեք:Շուրջ 50 երեխա արդեն կենտրոնի շահառուներն են, ևս 100-ը հերթագրված է:

Պաշտոնական արարողակարգի մասնակիցները` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, կենտրոնի բացման ակունքներում կանգնած Արա Բաբլոյանը, բարերար և իրեն լիարժեք սևանցի համարող Զաբել Վասիլյանը, կարևորել են նման ձեռնարկի անհրաժեշտությունը, ողջունել հերթական ծրագրի իրագործումը, շնորհավորել և շնորհակալություն են հայտնել այն անձանց, կազմակերպություններին, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ հնարավոր է դարձել այս նախաձեռնությունը դարձնել իրողություն:

Կենտրոնի հիմնական գործառույթներն են հաշմանդամություն և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն բարելավվելու է նրանց կյանքի որակը:

Ներկայումս կենտրոնում աշխատում է 16 հոգի, որոնցից 13-ն իրականացնում է նեղ մասնագիտական գործունեություն: Սևան համայնքի կողմից կենտրոնին տրամադրվել է ևս մեկ տարածք, այս անգամ մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով:

Նյութի աղբյուրը՝ Սևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջ:

Կարդացեք նաև

Back to top button