
Այսօր Բելգիայի մայրաքաղաքում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տանն արդեն նշել են, որ ԱՄՆ նախագահը «վերահաստատելու է ԱՄՆ նվիրվածությունը դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանը և կոլեկտիվ պաշտպանությանը»:
Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հայտարարելով առաջնորդների հանդիպումը, նշել է, որ գագաթնաժողովն ուղղված է անդրատլանտյան համագործակցության ամրապնդմանը և «այսօրվա և վաղվա մարտահրավերների» քննարկմանը:
Գագաթնաժողովը կտեւի ընդամենը մեկ օր: Այդ պատճառով, ինչպես ասել է գլխավոր քարտուղարը, դրանում չի նախատեսվում գործընկեր երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությունը:
Ստոլտենբերգը նշել է, թե ակնկալում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կհանձնարարեն կազմակերպել դաշինքի համար նոր ռազմավարական հայեցակարգի մշակման գործընթացը: Գործող հայեցակարգը հաստատվել է դեռ 2010 թվականին, և, ըստ նրա, չի ներառում ժամանակակից իրողությունները:
«Մեր ներկայիս ռազմավարական հայեցակարգը մշակվել է 2010 թ. Լիսաբոնի գագաթնաժողովում, սակայն դրանից հետո աշխարհը փոխվել է», — ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք սկսեցինք բախվել անվտանգության նոր մարտահրավերների (…): Եվ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների առումով սառը պատերազմից ի վեր այժմ գտնվում ենք ամենացածր մակարդակում», — հավելել է Ստոլտենբերգը: Նա նկատել է, որ Չինաստանի մասին ընդհանրապես չի նշվում, մինչդեռ ներկայումս դաշինքը չի կարող ուշադրություն չդարձնել այս երկրի հզորացմանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՝ «քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ», — նշել է Սպիտակ տունը:
Այնուհետև, հունիսի 15-ին, Բայդենը կմասնակցի ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը կընդունեն Բայդենին: Ըստ ամերիկյան առաջնորդի վարչակազմի, առաջնորդները կքննարկեն «առողջապահության անվտանգության ապահովումը, համաշխարհային տնտեսության վերականգնման խթանումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, թվային և առևտրային համագործակցության ընդլայնումը, ժողովրդավարության ամրապնդումը և արտաքին քաղաքականությանն առնչվող ընդհանուր խնդիրները»:




