ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզ է այցելել ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հունիսի 9-ին հերթական այցով մարզ են ժամանել ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի առողջապահության առանցքի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն և համագործակցության շրջանակներում ֆրանսախոսության առանցքի պատասխանատու Լիլյա Շալունցը:

Գեղարքունիքի մարզպետարանում նրանց ընդունել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Նարեկ Մանուկյանը: Խոսելով այցի նպատակների մասին` Ժան-Կլոդ Ռոսսեն մարզպետի տեղակալին ներկայացրել է այն աշխատանքները, որոնք նախորդ տարվա ընթացքում իրենց կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում և Վարդենիկի առողջության կենտրոնում:

Ինչպես նշվել է, կողմերի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտանենտալ խորհուրդը 2020 թվականի նախատեսված բյուջեի շրջանակներում մասնակի վերանորոգման աշխատանքներ է իրականացրել Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում: Ամբողջովին փոխվել է շենքի տանիքը, տեղադրվել են ջրհորդաններ, վերանորոգվել է 2 աշխատասենյակ: Բուժամբուլատորիային տրամադրվել է 1 նոր շարժական էլեկտրասրտագրման սարք և 1 ճնշում չափող գործիք: Հիմնանորոգմանն աշխատանքներ են իրականացվել նաև Վարդենիսի առողջության կենտրոնում:

«Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում դեռևս շատ անելիքներ կան, որոնք որոշել ենք ավարտին հասցնել փուլ առ փուլ: Այստեղ առաջիկա օրերի ընթացքում նախատեսել ենք առաջին հարկում ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները, իսկ երկրորդ հարկում փոխել պատուհաններ և անցկացնել ջեռուցման համակարգ: Վարդենիկի առողջության կենտրոնում աշխատանքներն ամբողջությամբ ավարտին ենք հասցրել: Իրականացրել ենք ներքին հարդարման աշխատանքներ, թարմացրել ենք էլեկտրամատակարարման,վերանորոգել ջեռուցման համակարգերը և իրականացրել շենքի երեսպատման աշխատանքներ: 2021 թվականի բյուջեով նախատեսում ենք նաև վերանորոգման աշխատանքներ իրականացնել Գանձակ համայնքի բուժամբուլատորիայում, որով էլ կեզրափակենք Գավառի տարածաշրջանի բուժամբուլատորիաներում մեր կողմից իրականացվող ծրագրերը»,- նշել է Ժան-Կլոդ Ռոսսեն:

Մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը ողջունել է հյուրերին՝ մարզ այցելելու համար և շնորհակալություն հայտնել Իզերի դեպարտամենտալ խորհրդին՝ «Բժշկական օգնություն և զարգացում» առողջապահական կազմակերպության միջոցով Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում բարեգործական աշխատանքներ իրականացնելու համար:

«Շնորհակալ ենք ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» առողջապահական կազմակերպությանը՝ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար: Գեղարքունիքի մարզը այս համագործակցության շրջանակներում, միշտ էլ զգացել է ֆրանսիական կողմի աջակցությունը մարզի ամենատարբեր ոլորտներում: Ֆրանսիան միշտ էլ և հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերել է և՛ մարդասիրական և՛ նյութական աջակցություն, իր ուշադրության կենտրոնում է պահել մեր երկրի, Գեղարքունիքի մարզի և ազգաբնակչության խնդիրները, որի համար կրկին անգամ շնորհակալ ենք: Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեզ ցանկացած հարցում»,- նշել է Նարեկ Մանուկյանը:

Մարզպետի տեղակալի հետ ունեցած հանդիպման ընթացքում ֆրանսախոսության առանցքի պատասխանատու Լիլյա Շալունցը խոսել է նաև առաջիկայում մարզում ֆրանսերեն լեզվի ամենամյա դասընթացների մեկնարկի և դասընթացների ձևաչափի մասին:

Այնուհետ հյուրերը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերի ուղեկցությամբ այցելել են Կարմիրգյուղի և Վարդենիկի բուժամբուլատորիաներ, դիտարկել իրականացված աշխատանքները, զրուցել են բուժանձնակազմերի հետ, հույս հայտնելով, որ իրականացված աշխատանքները կբարձրացնեն բնակչությանը մատուցվող բուժսպասարկման որակը: Բուժհիմնարկների տնօրեններն իրենց հերթին երախտագիտության խոսքեր են հղել Իզերի դեպարտամենտալ խորհրդին, «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրին՝ ի դեմս Ժան-Կլոդ Ռոսսեի, նշելով, որ կատարված աշխատանքները նաև պարտավորեցնում են ավելի արդյունավետորեն ծառայել համայնքի բնակիչներին:

Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտալ խորհրդի համագործակցության շրջանակներում օրերս Գեղարքունիքի մարզին է տրամադրվել 8 շարժական էլեկտրասրտագրման սարք և 30 ճնշում չափող գործիք , որոնք Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության կողմից կտրամադրվեն այն բուժհիմնարկներին, որոնք ունեն դրանց անհրաժեշտությունը:

Կարդացեք նաև

Back to top button