
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 2.5 միլիոն մարդ։ Ի դեպ՝ նրանցից 2.5 հազարը կամ 0.09% ընդգրկված է ընտրացուցակներում, ասել է թե, պայքարում է խորհրդարանում մանդատ ունենալու համար։ Ստացվել է այնպես, որ քաղաքական ցուցակներում նաև բազմաթիվ ապաքաղաքական դեմքեր են հայտնվել։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բացատրում է՝ դժվար է փոքրիկ Հայաստանում գտնել շուրջ 2500 քաղաքական գործիչ՝ ցուցակները համալրելու համար։ Արդյունքում «օգնության են գալիս» վարսավիրները, դիմահարդարները, վաճառողներն ու անվտանգության աշխատակիցները․ նրանց, իրոք, կարելի է գտնել ընտրացուցակներում։
Դիմահարդար ու վարսավիր, սուսերամարտի ու գեղասահքի մարզիչ․ մարդիկ են, որոնք այս կամ այն կուսակցության ընտրացուցակով պայքարում են նաև պատգամավոր դառնալու համար։ Օրինակ՝ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի անվտանգության աշխատակիցը ներառված է «Հայ ազգային կոնգրեսի» ընտրացուցակում, Մարտունի քաղաքի մանկապարտեզի բուժքույրը՝ «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակում։ Իսկ «Համահայկական ազգային պետականություն կուսակցության» ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը վստահվել է քաղաքացու, ում անվան կողքին ԿԸՀ ցուցակում պարզապես նշված է «խանութի վաճառող»։
«Վերջիվերջո գիտեք, գոյություն ունի շեմ․ եթե չեմ սխալվում՝ ութսունքանի անձ պիտի լինի ցուցակում, իսկ Հայաստանում այդքան մարդ չկա, առավել ևս՝ այդքան քաղաքական գործիչ չկա։ Բնականաբար, պիտի լցնեին ցուցակները»,– ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները:
Կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած իրենց ընտրացուցակում պետք է ներկայացնեն ընդգրկված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, սեռը, կուսակցական պատկանելությունը և, որ ամենահետաքրքիրն է, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ զբաղմունքը։ Հատկանշական է, որ առաջադրված անձանցից ոմանք վերջին պահանջը մեկնաբանել են որպես մասնագիտություն և, օրինակ, «Արդար Հայաստան» կուսակցության ընտրացուցակում ներկայացել պարզապես որպես դաշնակահարուհի, «Ազատություն» կուսակցության ցուցակում՝ պարզապես որպես վարորդ։ Եվ՝ առանց մեկնաբանության․ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված անձանցից մեկը ներկայացել է որպես անկուսակցական, զբաղմունքը՝ «ֆաբերլիկ»։
«Կարող եմ հստակ ասել, որ ձեր նշած մարդիկ 40-րդ համարից հետո են։ Գիտե՞ք՝ Հայաստանում շատ վաղուց այնպիսի իրավիճակ է, որ, օրինակ, ինժեները, տնտեսագետը կարող են աշխատել խանութի վաճառող»,– ասում է Կարեն Քոչարյանը։
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության ընտրացուցակում ներկայացված է սպասարկման ոլորտի ուղիղ 1 տասնյակ աշխատող․ նրանք հենց այդպես էլ ներկայացել են՝ շինանյութի խանութի վաճառող, կահույքի արտադրամասի վարպետ, գեղեցկության սրահի կոսմետոլոգ, սուպերմարկետի հսկիչ վաճառողուհի․ նրանց կողքին՝ բուհերի ու բանկի անվտանգության աշխատակիցներ։ Նույնն է պայքարի անունը՝ հայտնվել խորհրդարանում։
«Ես կարծում եմ, այնուամենայնիվ, խորհրդարան կանցնեն հիմնական ուժերը։ Նոր ուժերից շատ քչերը շանս ունեն անցնելու։ Բայց անգամ փորձառու ուժերի ցուցակները նայելիս կտեսնեք, որ դրանք բավականին թարմացված են։ Սա խոսում է սերնդափոխության մասին և նորմալ է։ Բայց ինչպես մնացած ամեն ինչը՝ մենք սա էլ նորմալ չենք անում։ Սերնդափոխությունը պիտի տարիների ընթացքում արվեր, բայց եկել հասել ենք նրան, որ միանգամից է արվում»,– մեկնաբանում է քաղտեխնոլոգը։
Քաղաքական ուժերի առաջին համարներ․ ըստ ընտրացուցակի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացված է պարզապես որպես թոշակառու, Տիգրան Արզաքանցյանը՝ պարզապես տնտեսագետ։ Սամվել Բաբայանի ու Վահե Գասպարյանի անվան առաջ նշված է՝ «չեն աշխատում»։ Ի դեպ՝ «Հայոց Արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 86 թեկնածուից 72-ը չի աշխատում։ Իսկ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ցուցակում մեկ անձի անվան դիմաց «աշխատանքի վայր, պաշտոն կամ զբաղմունք» դաշտում անհասկանալիորեն նշված է՝ «թերի բարձրագույն»։ Իսկ նույն ցուցակում մեկ այլ անձի անվան դիմաց կրկին նույն դաշտում գրված է «միջնակարգ կրթություն»։
«Այնպես չէ, որ սա մի խնդրի մասին է խոսում։ Խնդիրները մի քանիսն են, առաջին հերթին՝ պառակտվածությունը, երկրորդը Հայաստանի քաղաքական դաշտի սերնդափոխություն մասին է խոսում, քանի որ, ինչպես տեսնում եք, բավականին նոր քաղաքական ուժեր կան, և սա առիթ է՝ հայտարարել իրենց մասին։ Եվ Երրորդը՝ մարդիկ ընտրություններին նայում են որպես բիզնես՝ գումար են աշխատում»,– ասում է Կարեն Քոչարյանը։
Դպրոցների 3 գրադարանավարուհի, լոգոպետ, «Սփյուռի» խմբագիր, Մատենադարանի նկարիչ–վերականգնող, ֆլորիստ-դիզայներ, մանկապարտեզի ու շտապ օգնության բուժքույր՝ հանդիպել են ընտրացուցակներում։
«Կան ուժեր, որոնք օլիմպիական սկզբունքով են մասնակցում․ կարևորը մասնակցելն է»,– եզրափակում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Խճանկարն այսպիսին է՝ 25 քաղաքական ուժ, 1 խորհրդարան, 2.5 միլիոն ընտրող ու 2500-ից ավելի առաջադրված անձ։ Ինչո՞ւ է այս պատկերը ստացվել ընտրացուցակներում․ շատ պարզ պատճառով՝ Հայաստանում այդքան քաղաքական գործիչ չկա՝ ասում է Կարեն Քոչարյանը։









