
Խորհրդարանական ու արտախորհրդարանական մի շարք ուժեր կարծում են, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հանգուցալուծելու նպատակով պետք է դիտարկել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորությունը։ Իշխանության ներկայացուցիչներն այս քայլը տեսականորեն չեն բացառում, բայց դեռ սպասում են ՀԱՊԿ-ի արձագանքին
Ավելին՝ չեն բացառում, որ Հայաստանը նորից կդիմի ՀԱՊԿ–ին, բայց արդեն պայմանագրի 4-րդ հոդվածով, այսինքն՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով։
Թեման այսօր խորհրդարանում ավելի սուր շեշտադրումներով է քննարկվել՝ հաշվի առնելով Վերին Շորժայում թշնամու կրակոցից երեկ հայ պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստը։:
Հայաստանի սուվերեն տարածքում սահմանախախտ ադրբեջանցիների գործողությունների հետևանքով իրավիճակ է փոխվում: Հայ զինծառայող է զոհվել, հայկական կողմը ՀԱՊԿ գործընկերներին տեղեկացրել է՝ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ՀԱՊԿ-ը դեռ չի արձագանքել Հայաստանի առաջին դիմումին, իշխանությունը չի բացառում այլ հոդվածով կառույցին դիմելու հավանականությունը՝ հաստատում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, կաջակցեն մեզ այս գործընթացում: Հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները ես չեմ բացառում, որ մենք կհասնենք 4-րդ հոդվածի և ոչ միայն»:
ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է կազմակերպության անդամ պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը, այդ դիմումի դեպքում այդ պետությանն անհապաղ, համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում ՝ ռազմական։
Հայաստանյան քաղաքական ուժերը, սակայն, տարբեր մոտեցումներ ունեն: Խորհրդարանական ու նաև արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ կոչ են անում իշխանությանը դիմել ոչ թե դարձյալ ՀԱՊԿ-ին դիմել, այլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: «Հանրապետություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունն այս քայլի կողմնակիցներն են:
«Այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ջանքեր ձեռնարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու և այս իրավիճակին հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Ակնհայտորեն թիրախը Հայաստանի արտահերթ ընտրություններն են, Հայաստանում քաոս ստեղծելն է և այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ կորզելն ու ստանալը: Եվ սա միայն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ որոշումը չէ: Մենք ակնհայտորեն տեսնում ենք այս հարցում շահագրգիռ այլ երկրներ, և այստեղ լուրջ մտածելու առիթներ կան»:
Ռուսաստանը պատշաճ է կատարում դաշնակցային բոլոր պարտավորությունները՝ հայտարարում է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հորդորում է ազնիվ խոսել և խոստովանել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը պրակտիկ օգնություն ցույց տվեց Հայաստանին պատերազմը դադարեցնելու ժամանակ: Նաև հետո՝ ասում է դեսպանը և թվարկում ռուսական 102-րդ ռազմաբազայի, ռուս սահմանապահների ու խաղաղապահների ջանքերը Սյունիքում և Ղարաբաղում բնականոն խաղաղ կյանքը ապահովելու ուղղությամբ:
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն՝ ելնելով մեր ժողովուրդների շահերից»,- ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն այն արագությամբ չի ընթանում, որով ակնկալում էր՝ հաստատում է արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: Ռուբինյանը խոսում է ՀԱՊԿ-ի պատասխանին սպասելու ողջամիտ ժամկետների մասին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու տարբերակը դեռ զինանոցում է.
«Դա հնարավոր քայլերից մեկն է, բայց դրանք ունեն իրենց տեղը, ժամանակը և նպատակահարմարությունը: Ես չեմ բացառում, որ դրան նույնպես կարող է հասնել գործը: Բնականաբար, գոյություն ունի ողջամտություն, և այդ ողջամտության սահմաններում մենք նախ՝ փորձելու ենք խնդիրը լուծել դիվանագիտական-քաղաքական ճանապարհով՝ ակնկալելով, որ մեր դաշնակիցները կկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները, և եթե սա չհաջողվի, Հայաստանը իրեն իրավունք կվերապահի խնդիրը լուծել այլ ճանապարհով»:
ԲՀԿ-ում կարծում են, որ ՀԱՊԿ-ը կհասկանա Թուրքիայի և Ադրբեջանի միասնական նպատակը, այն է՝ կառույցը դուրս մղել տարածաշրջանից: Գործող իշխանություններից պահանջում են անհապաղ քայլեր: Թեկուզ և ոչ հրապարակային՝ ասում է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը.
«Միջազգային ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործվի, և հարց է ծագում, թե ինչու այդ հարցում էֆեկտիվ չէ աշխատանքը: Իշխանությունները պարտավոր են շտապ ներկայացնել քայլերի համակարգ, որը թույլ կտա առաջին հերթին տեռորիստական ուժերին, խոսքը ադրբեջանական բանակի մասին է, դուրս հանել մեր տարածքից, որովհետև ամեն վայրկյան վտանգված է թե մեր զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը: Հորդորում եմ շտապ այդ քայլերը ներկայացնեք, կարող եք նույնիսկ հանրությանը չծանոթացնել՝ ամենակարևորը այս ամենը կանգնեցվի»:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հիշեցնում են միջազգային կոշտ արձագանքը և Ադրբեջանի քննադատությունը, որը, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ձևակերպմամբ, «օդից եկող երևույթ չէ»: Ասել է թե՝ օգտագործվում են բոլոր հնարավորությունները, աշխատանք տարվում է բոլոր ուղղություններով, երբեմն նաև՝ չերևացող:







