ԿարևորՔաղաքական

Վարչապետի 16 թեկնածու․ մինչև մայիսի 26-ը ցանկը կարող է ընդլայնվել

Քաղաքական ուժերն  ընդամենը երկու օր ունեն ընտրապայքարին վերաբերող վերջնական որոշումներ կայացնելու ու հստակեցումներ անելու  համար։  Մայիսի 26–ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։ Գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 31-ը՝ ժամը 18-ը։ ԿԸՀ-ն  գրանցման փաստաթղթեր կստանա առնվազն 16 քաղաքական ուժից․ այդքան կուսակցություն կամ դաշինք արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Հաշվի առնելով  հիմնադիր համագումարների շարունակվող շքերթը՝  ցանկի ընդլայնումը չի բացառվում։

ԿԸՀ–ն ընտրության որևէ մասնակցի  առայժմ չի գրանցել, քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց առնվազն 3 քաղաքական ուժ արդեն հայտարարել է՝ հաղթանակի դեպքում բացառում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հետընտրական կոալիցիան: Այդպիսի հայտարարություններ արել են Հանրապետական-«Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը, «Արդար Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը և «Լուսավոր Հայաստանը»: 

Նախընտրական վերադասավորումների և համագործակցության տարբեր հուշագրերի ստորագրումից հետո ընթացող քաղաքական պրոցեսները հուշում են, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրողի ձեռքին առնվազն 16 քվեաթերթիկ կլինի: Այս պահին այդքան քաղաքական միավոր արդեն հայտարարել է ընտրապայքարի մեջ մտնելու մտադրության մասին, ինչն  իր հերթին նշանակում է, որ վարչապետի 16 թեկնածու ունենք:  Եթե հաշվի առնենք, որ կուսակցությունների հիմնադիր համագումարների մարաթոնը դեռ շարունակվում է, ապա ցանկի ընդլայնումը չի բացառվում:

Անունների մեծամասնությունը, սակայն, ընտրողների համար նոր չէ՝ նախկիններ, շատ նախկիններ, գործողներ, ընտրությունների մշտական մասնակիցներ, որոնք անցողիկ շեմը երբեք չեն հաղթահարել: Նախընտրական շրջանում ու դրանից ավելի վաղ քաղաքական դաշտը «նոր դեմքերի» էր սպասում: Այդպիսի գործիչներից էր համարվում «Դվին» կոնցեռնի հիմնադիր, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Թովմասյանը: Դիտարկվում էր ընտրություններին նրա մասնակցությունը առանձին կամ որևէ դաշինքով: Բայց Թովմասյանի անունը որևէ ցուցակում իրականում չի լինի: Գործիչը խոսում է ոչ միայն քաղաքական ինտրիգների, այլև՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ռիսկերի մասին՝ արտաքին վտանգներից մինչև քաղաքացիական բախումների հնարավորություն։

 «Չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների: Այսօր մենք պետք է մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծենք, ոչ թե ինտրիգներ հյուսենք մեկս մյուսի հանդեպ ու կրկին բաժանվենք այս կամ այն գաղափարական թիմերի: Չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ խրախճանքի»:

Թովմասյանը միակ գործիչը չէ, որ ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալելով՝ ցանկանում է մուտք գործել հայաստանյան քաղաքական դաշտ:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միջոցով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նույնպես փորձում է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ: Նրա անունը, սակայն, ընտրական որևէ ցուցակում չի լինի՝ Հայաստանում պարտադիր բնակության պահանջից ելնելով: Հավանական դաշնակից համարվում էր  անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունը։ Ռուսաստանաբնակ այս գործարարը ևս վերապահումներ ունի արտահերթ ընտրությունների առնչությամբ.

 «10-12 օր արդեն Հայաստանում եմ և տեսնում եմ, որ ճգնաժամը շատ խորն է, և այս պայմաններում փորձում ենք անցկացնել ընտրություններ, ինչն իմիտացիա է: Եթե որևէ մեկդ ծրագիր ունի, դնենք սեղանին, ճանապարհային քարտեզ գծենք:  Պատկերացնո՞ւմ եք՝ այս պայմաններում 20-ից ավելի կուսակցություններ ուզում են ընտրությունների գնալ: Անառողջ մոտեցում: Այս ճգնաժամային վիճակին հասցրել են մեր բոլոր իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր- Պետրոսյանից վերջացրած այսօրվա իշխանություններով»:

Ռուսական որոշակի կապիտալ ընտրություններին  կօգտագործվի նաև «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի մասնակցությամբ: Այս անգամ նա համագործակցում է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ: Արզաքանցյանի հավակնություններն ավելին են, քան խորհրդարան վերադառնալը․  նա ցուցակի առաջին համարն է, այսինքն՝ դաշինքի վարչապետի թեկնածուն:

Վարչապետի մեկ այլ թեկնածու՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը,  ընտրություններում  ֆինանսական թաքնված վտանգների մասին խոսում է արդեն այսօրվանից: Խոսքը տարատեսակ հարցումների և հանրության գիտակցության մեջ  վարկանիշերի և «ֆավորիտների» ձևավորման մասին է.

 «Ես ձեզ վստահեցնում եմ՝ փողով արվում են հարցումներ: Ուրիշ բան ասեմ. փողոցում իբր հարցում է արվում , և հարցման մեջ մարդիկ ասում են ընտրում ենք «Լուսավոր Հայաստան»: Այդ հատվածը կտրում են, տակը մնում է՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան: Իբր թե երկբևեռ է, ոչ մեկը չկա․ չես ուզում Նիկոլին, ընտիր Քոչարյանին, չես ուզում Քոչարյանին, ընտրիր Նիկոլին, լավ, այդ երկուսին էլ չես ուզում, ընտրի Սերժին: Այսինքն՝ սարքած բան է: Հունիսի 20-ի գիշերը կտեսնենք, թե «ֆավորիտն»  ով է:

Բոլոր մտադրություններով և հայտարարություններով հանդերձ՝ քաղաքական միավորները չեն շտապում «գաղտնազերծել» իրենց ընտրական ցուցակները: Ըստ ժամանակացույցի՝ մայիսի 26–ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։ Գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 31–ը՝ ժամը 18–ը։

Կարդացեք նաև

Back to top button