
Հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներից «Ռադիոլուրին» հասած դժգոհությունների համաձայն՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում իրենք չեն կարողանում ստանալ համավճարով իրենց հասանելիք քիմիոպրեպարատները։ Բուժումը նշանակվում է, սակայն դեղորայքը կենտրոնի դեղատանը չկա։ Հիվանդանոցից խնդիրը բացատրում են պետգնումների օբյեկտիվ խնդիրներով, ինչի հետևանքով իրենք քիմիայի որոշ դեղեր չեն ստանում։
Ստացվում է, որ առողջապահական համակարգային խնդրի հետևանքով քաղցկեղ ունեցող հիվանդները կամ դեղ չեն ստանում, կամ սեփական ծախսով են ձեռք բերում։ Ու սա ուռուցքաբանականից ստացված միակ դժգոհությունը չէ։
Զրուցակցիս 61-ամյա կինն արդեն երկրորդ տարին է՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում բուժման ընթացքում համավճարով իրեն հասանելիք դեղերի մեծ մասն այդպես էլ չի ստանում։ Նախորդ տարի պետության կողմից քիմիոթերապիայի միայն 1 կուրսի դեղն է ստացել՝ 60 հազար դրամի։ Մինչդեռ հաշմանդամության կարգ ունեցողը կարող է մինչև 300 հազար դրամի դեղ ձեռք բերել համավճարով, այսինքն՝ դեղի արժեքի մի մասը ստանձնում է պետությունը։ Զրուցակիցս սրտնեղում է՝ խոստումն ու պետական ծրագիրը կան, միայն թե դեղը չի հասնում հիվանդին։ Հիվանդությունը չի սպասում, մինչ նախարարությունում խնդիր կարգավորեն ։ Ստիպված ձեռքը սեփական գրպանն են տանում։ Դեղերը թանկ, ծախսերն անվերջ՝ ասում է զրուցակիցս։
«Բժշկուհուն հարցրի, ասաց՝ պետք է սպասեք գնումով ձեռք բերվի։ Բայց հիվանդին դեղը շուտ է պետք, ինչպե՞ս սպասեմ։ Հիվանդությունը զարգանում է»։
«Վինոռելբին», «Կապեցիտաբին» քիմիոպրեպարատները զրուցակցիս կինը չի ստացել դեռ նախորդ տարի։ Հիվանդանոցի դեղատունն այն չուներ։ Նույն խնդիրն է այս տարի․ «Կարբոպլատին» և « Գեմցիտաբին» դեղերը, որոնց մեկ սրվակն արժե 30-36.000 դրամ, պետք է ձեռք բերեն իրենց միջոցներով։ «Ռադիոլուրին» այս խնդիրների առկայությունը ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը բացատրում է դեղերի պետգնումների խնդիրներով։ Բացատրում է՝ դրանք ձեռք են բերվում մցույթով։ Այո, ասում է, կան դեպքեր, երբ մրցույթը հայտարարվում է, սակայն դեղագործական ընկերություններին հայաստանյան շուկան գրավիչ չէ, չեն դիմում կամ էլ մատակարարման խնդիրներ են ծագում։
«Մեր հիմնարկը չի կարող դեղերն ուղիղ գնել, այսինքն՝ տենդերների միջոցով է անում։ Եվ եթե որոշակի դեղորայք չի լինում, ուրեմն կա՛մ տենդերը չի կայացել, կամ մատակարարման խնդիր կա։ Ինչ դեղորայք այդ պահին դեղատանը կա, անպայման տրամադրվում է հիվանդներին»։
Որ քաղցկեղով հիվանդներին պետպատվերով հասանելիք դեղերը հաճախ տեղ չեն հասնում, ու սա կարող է պացիենտի կյանք արժենալ՝ Մանուկյանի համար նորություն չէ։ Բայց նաև բացատրում է՝ իրենք ուղիղ գնումների միջոցով դեղ ձեռք բերել չեն կարող․ օրենքը թույլ չի տալիս՝ բացառելու կոռուպցիոն ռիսկերը։ Բայց իրենք նաև ուղիղ գնման կարիք չեն տեսնում։
«Գնումների գործընթացը ըստ պատշաճի կազմակերպվում է։ Ասեցի, որ լինում է հայտարարում ենք, մասնակից չի լինում, կամ էլ մատակարարումն է խնդիրը»։
Ո՞րն է այստեղ հիվանդի մեղքը, որ իրեն չեն հասնում քիմիայի դեղերը։ Մանուկյանը հարցին այլ կողմից է մոտենում, սլաքն ուղղում է դեպի այլ՝ պետգնումների դաշտ․ դրանք անցկացվում են, սակայն մասնակցող չի լինում, կամ էլ մատակարարման խնդիր է ծագում։
«Պետությունն ապահովում է ուռուցքով հիվանդների հիմնականում ճառագայթի, վիրաբուժության ամբողջ անվճար շղթան։ Քիմիոթերապիայի բուն ծառայությունն անվճար է, դեղորայքի որոշ սահմանափակում կա՝ համավճարի սկզբունքով է»։
Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուրին» հաստատում են՝ անցյալ տարի համավարակի պայմաններում օնկո-դեղերը երկիր հասցնելու խնդիր է եղել։ Դեղորայքային քաղաքականության վարչության մարդասիրական օգնության համակարգման և բժշկական տեխնոլոգիաների բաժնի պետ Մարինե Հարությունյանը կարծում է՝ այս տարի նման խնդիր պետք է արդեն չլիներ։ Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոնների խնդիրները հարթելու համար օրենք են փոփոխել, անգամ արտոնություն տվել երկու կառույցներին՝ մրցույթով նաև ՀՀ–ում չգրանցված դեղերը ձեռք բերել։
«Եթե նախկինում մրցույթը կախված էր Հայաստանում գրանցված մասնակցից, ապա հիմա դրսի արտադրողը ևս կարող է մասնակցել»։
Արդյո՞ք հիվանդանոցը կարող է ուղիղ գնմամբ ձեռք բերել անհրաժեշտ դեղերը , այս խնդիրներից խուսափելու համար «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է․
«Օրենքում փոփոխությունները նաև այդ հարցն են կարգավորում։ Այո՛, ունենք։ Առողջապահության նախարարությունը կենտրոնացված կարգով գնվող բազմաթիվ դեղերի ուղիղ գնում է կատարում»։
Առողջնախի կարգավորումները ինչո՞ւ չեն հասել հիվանդանոց, ու ո՞ր շղթայում են անավարտ մնացել լուծումները՝ հարց է մնում։ Փաստը մեկն է՝ հիվանդն այսօր էլ ուռուցքաբանականում չի ստանում համավճարով իրեն հասանելի դեղերը։ Այս մասին անգամ հիվանդանոցից իր բժիշկն է նախապես զգուշացրել։
«Կինս հենց նոր հիվանդանոցից զանգահարեց ու ասաց, որ հիվանդանոցը ոչ մի դեղ չի կարողանալու տրամադրի, մենք պետք է առնենք»։
Ուռուցքաբանականից դժգոհության շարքը դեղերը չստանալով չի ավարտվում։ Զրուցակիցս վրդովվում է՝ հիվանդն այստեղ քիմիոթերապիա ստանում է երկու տարբերակով՝ հիվանդասենյակում պառկած կամ միջանցքում նստած՝ կախված գրպանի հնարավորությունից։ Սա որևէ կերպ բժշկական էթիկայի շրջանակում չի տեղավորվում՝ ասում է։
«Պառկելու դեպքում վճարում ես 10.000 դրամ, իսկ նստած վիճակում քիմիան ստանալն անվճար է։ բայց քիմիան պետք է պառկած ստանալ, հանգիստ պայմաններում։ Նստած թևը բարձր պահելը հարմար չէ»։
Մինչդեռ Ուռուցքաբանական կենտրոնի տնօրենը ճիշտ հակառակն է պնդում։ Ցերեկային ստացիոնարը նստելու տեղերով է՝ անվճար՝ ասում է։ Իսկ վճարովի են միայն առանձնահատուկ պայմաններով հիվանդասենյակները։ Հիվանդանոցը, սակայն, բոլորին պարտավոր է անվճար տեղ տրամադրել։ Նարեկ Մանուկյան․
«Նման բան չի կարող լինել»։
Ի՞նչ արժե վճարովի պալատը, և որո՞նք են նշված առանձնահատուկ պայմանները՝ Մանուկյանը պատրաստ է պատասխանել գրավոր։ Նաև խոստանում է՝ եթե իրոք նման ստվերային գումար է շրջանառվում, մեղավորը խստագույնս կպատժվի։ Այս ամենով հանդերձ՝ զրուցակցիս կինը շարունակում է ակնկալել, որ պետությունը իր խոստացած աջակցությունը տեղ կհասցնի, ու քիմիայի դեղերի ծախսը կթեթևանա փոքր-ինչ։ Բայց նաև մտահոգություն ունի՝ ինչո՞ւ առողջապահական պետական կառույցներում հարցերին տեղյակ չեն առանց իրենց բարձրաձայնելու։






