ԿարևորՀասարակություն

«Մա՛մ, այստեղ կյանք ու կռիվ է». Արման Բադոյան

Նոր Նորքի 4-րդ  զանգվածի բակերից մեկում տեղադրված ցայտաղբյուրը ջուրը խմողին հիշեցնելու է 44 –օրյա պատերազմի ու հերոս Արման Բադոյանի մասին։ Արմանը նոր էր զորակոչվել բանակ, երբ սկսվեց  պատերազմը։ Նա երազում էր երգիչ դառնալ, բայց բոլոր երազները մնացին կիսատ: Սիրած երգ ուներ՝ «Կյանք ու կռիվը»: Մարտի դաշտում Արմանը կռիվ տվեց հանուն կյանքի:  

Նա բոլոր տվյալներն ուներ՝ լավ երգիչ դառնալու։ 9 տարի սովորեց   Ասլամազյանի  անվան  երաժշտական դպրոցում, հետո Երգի պետական թատրոնում՝ երգչուհի Մարտա Կիրակոսյանի դասարանում։  Արման Բադոյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է։ Ծառայում էր Մարտակերտում։  Կռվեց մեկ ամիս: «Այստեղ կյանք ու կռիվ է, մամ,-հերթական զանգերից մեկին ասել էր Արմանը.

«Մենք միասին էինք  կինոթատրոնում  այդ ֆիլմը  դիտել: Չէր պատմում ոչ մի բան: Մի անգամ  զանգեց, ասաց. «Մա՛մ, կյանք ու կռիվ կինոն հիշու՞մ ես։ Այստեղ հենց կյանք ու կռիվ է։  Արմանս միշտ այդ երգը երգում էր»։

Միայն զոհվելուց հետո մայրը ընկերներից իմացավ , որ որդին ձայնագրած մի քանի երգ ունի, բայց  ռեպ ոճում։  Ձայնագրվել էր մինչև զորակոչվելը.

«Էդ երգերում էսպիսի խոսքեր կան. կասկեն քեզ չի փրկի, քեզ կտանեն։   Երևի կախազգում  էր։ Իր  մահից հետո, որ երգը  լսեցի, էլ չզարմացա»։

Արմանը ծնողների միակ զինվորը չէր. Քրիստինա  Կարապետյանի   մյուս որդին՝  Վազգեն  Բադոյանը, կամավոր է մեկնել ճակատ։  Վազգենն  ասում է՝ ուզում էր կռվել Ջրականում, որտեղ ծառայել էր ու գիտեր ամեն մի անկյուն: Եղբոր համար Վազգենը հանգիստ էր, մտածում էր, որ 47 օրվա  զինծառայողին ճակատ չեն տանի: Պատմում է.   

« Չէի ուզում դիրքրեից գալ: Եղբայրս ու ընկերս պատերազմի դաշտում էին, ու ես չէի կարող հանգիստ խղճով հետ գալ»։

Վազգենը կռվեց մինչև նոյեմբերի 5-ը, Ասկերանում: Ջրական չտարան:  

«Շատ  եմ ափսոսում, որ Ջաբրայիլը այլևս մերը չէ…: Վերջերս էլ իմացա, որ եկեղեցին քանդել էին: Շատ ազդվեցի։  Ոչ մի զորամաս այդպես սարքած չէր, ինչպես մերը։ Որ  առավոտյան ու երեկոյան  կանգնում էինք  ռազվոդի, խաչը մեր գլխավերևում էր»։

Պատերազմի դաշտում  եղբայրներ չհանդիպեցին: Երբ Արմանը զոհվեց, Վազգեն կռվի դաշտում էր: Եղբոր սխրանքների մասին իմացավ նրա զինակից ընկերներից.

 «8 հոգանոց խմբով  վերացրել են հակառակորդի ծանր զրահատեխնիկան: 8 հոգին էլ զոհվել են ԱԹՍ–ի հարվածից։ Եղբորս նշանակել  էին  ավագ: Հրամատարությունն  իր վրա է եղել»։

Վազգենը կռվից եկավ միայն մոր՝ անբուժելի հիվանդության մասին իմանալուց հետո: Եկավ, պարզվեց՝ լուրը ճիշտ չէ, մայրն էր հորինել՝ Վազգենին կռվից տուն բերելու համար, որ վերջին  հրաժեշտը տա եղբորը:  Վազգենը կռվի դաշտում նաև հրաժեշտի նամակ էր գրել.

«Ամեն առավոտ լուսադեմից մինչև 7-8 կռիվ էր գնում, հիմնականում օդային։ Այդ ժամանակ մտածեցի՝ հնարավոր է,որ գնդակը կպնի նաև ինձ։ Ու նամակ գրեցի, դրեցի գրպանս։ «Մա՛մ ջան, կյանքը ինձանով չի սկսվում ու ավարտվում։ Դու ունես Արման, պայքարի Արմանի համար, ու ինչ-որ  չեմ կարողացել անել Արմանի համար, դու անես»:

Նոր Նորքի  4-րդ զանգվածի բակերից մեկում երեկ Արմանի հիշատակին ցայտաղբյուր տեղադրվեց:

Կարդացեք նաև

Back to top button