
«Ես սիրում եմ կյանքն իր ամեն ինչով, սիրում եմ մարդկանց՝ ոմանց շատ, ոմանց՝ քիչ»: Տողերի հեղինակը Վարդան Ամալյանն է: «Ինքնաբնութագիրս» վերնագրով նրա պատմվածքից իմանում ենք, որ նա եղել է թաղի լավագույն ֆուտբոլ խաղացողներից ու շատ սիրել է ռեպ-հիփ հոփ: Վարդանը հերոսացավ 44-օրյա պատերազմում:
«Անվերնագիր». այսպես է կոչվում Վարդան Ամալյանի պատմվածքների ժողովածուն, որը պատերազմից հետո տպագրվեց երկրորդ անգամ, արդեն՝ հետմահու: Այդ պատմվածքների հիման վրա ներկայացում է բեմադրվել «Մետրո» թատրոնում: Վարդան Ամալյանը երգահան Դավիթ Ամալյանի որդին է, որի անունը հայրը դրել է ի հիշատակ Վարդան Դուշամանի:
«Մետրո» թատրոնի բեմում ներկայացում է՝ բեմադրված Վարդան Ամալյանի պատմվածքների հիման վրա: Վարդանը 44-օրյա պատերազմի հերոսներից է:
«Ապրեցնող երկխոսություն Վարդան Ամալյանի մտքերի հետ». այսպես է ներկայացում-զրույցը անվանել երիտասարդ ռեժիսոր Էդգար Մեհրաբյանը։ Սա դասական ներկայացում չէ։ Եթե ծանոթ չես Վարդանի պատմվածքներին, ներկայացումը կծանոթացնի: Չիմացողին կթվա, թե հեղինակը մի ամբողջ կյանք է ապրել, մինչդեռ կյանքի փիլիսոփայության մասին Վարդանը գրել է ընդամենը 11 տարեկանում։
Երիտասարդ ռեժիսոր Էդգար Մեհրաբյանն ասում է, որ ներկայացմամբ փորձել է ցույց տալ իր Վարդանին, այնպես, ինչպես ինքն է ճանաչել նրան. «Խնդիր կար հայացքը ոչ թե երկրային կյանքին ուղղելու, այլ մեկ այլ տեսանկյունից նայելու: Այնպես, ասես, այդ տղաները կան, պարզապես մաս են կազմում ուրիշ գոյության»։

Ներկայացումից հետո զրուցում եմ երգահան Դավիթ Ամալյանի հետ: Սկսում ենք Վարդանի՝ «Ինչպես բոլորը գիտեն» պատմվածքից, որը գրել է 14 տարեկանում: Պատմվածքում կան թվեր, որոնք համընկնում են Վարդանի ապրած տարիների հետ։ Վարդանը գրել է մի մարդու մասին, որը մահից հետո հայտնվել է հոգիների մաքրազատման լաբորատորիա-գործարանում։ Մի հատված՝ պատմվածքից.
«- Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, և հիշողությունները ջնջվում են լիովին։
-Լսիր, իսկ դա ցավո՞տ է։
— Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն 20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը…»
Դավիթ Ամալյանը որդու մահից հետո է միայն այդ թվերին ուշադրություն դարձրել։ Ասում է.
«էդ ժամանակ, որ կարդացի, ասացի՝ «Վարդան, էս մեկը շշել ես»: Քթի տակ ժպտաց, ու վերջ: Բայց թվերին ուշադրություն չէի դարձրել: Ընկերս՝ Արսեն Ղազարյանը, զանգեց, հարցրեց՝ ուշադրություն դարձրե՞լ ես այդ թվերին։ Ասաց՝ նորից կարդա: Կարդացի ու սարսռացի: Իսկապես նա ապրեց 19 տարի»։

Մեր կապը ընկերական էր, մարդկային՝ հիշում է հայրը: Խոհափիլիսոփայական զրույցներ երբեք չեն ունեցել, տղայական շփում էր: Հայրենասիրությունից էլ երբեք չեն խոսել։
Դավիթ Ամալյան. «Միշտ ասում եմ, ընկերներս էլ վիճում են հետս. Վարդանս, ես, ընկերներս՝ Դուշմանը, ընդհանրապես հայրենասեր չենք: Դուշմանը պատրաստված մարդ էր, որ գիտի՝ ինչի համար է կռվում և ինչ է անում։ Նժդեհի գրվածքներում հայրենասիրությունը չի շահարկվում։ Հայրենիքը ոչ թե պիտի սիրենք, այլ զգանք։ Մորը կարո՞ղ է պարտադրում են, որ սիրես։ Եթե սովորեցնում ես, թե ինչպես սիրել մորը, ուրեմն, խաբում ես։ Ես վախենում եմ հայրենասիրության քարոզողներից: Եթե սկսում են քարոզել, հասկանում եմ, որ հայրենիքից մի բան չեն հասկացել»։
Հիմա Դավիթի բոլոր մտքերը ծնվում են Վարդանի հետ ենթագիտակցական զրուցներից: Վարդանի ընկերներն էլ դարձել են իր ընկերները:
Պատմում է. «Ռաֆո անունով մի ընկեր ունի: Վարդանի հուղարկավորության օրը նրա զանգելու ժամին զանգեց, Վարդանի համարի նման համար էր, մի տեսակ սարսռացի։ Հետո, որ խոսեցի, ասաց՝ «Հոպար, էս ժամին զանգեցի, քանի որ Վարդանն էդ ժամին էր զանգում»։

Անհնար է զրուցել Դավիթ Ամալյանի հետ ու չխոսել նրա ընկերներից՝ Դուշման Վարդանից, Վոժդից, Կարենից, Ցուլից։ 30 տարի անց պատմությունը կրկնվեց, նոր հերոսները եկան ու ընկեր դարձան Դավիթին: Նրանց շարքն ամբողջացնում է որդին՝ Վարդանը։
«Ցավոք, պատմությունը չկրկնվեց: Կրկնվեց պատերազմի և ավելի վատ պատերազմի տեսքով, ավելի վատ արդյունքով։ Ինձ միշտ այս հարցերը մտահոգում են, ու պատասխանները դեռ չեմ գտնում: Իմ ընկերները կփաստեն, որ այս սերունդն ավելի ուժեղ էր: Զինատեսակներով էլ Ադրբեջանն էն ժամանակ մի քանի անգամ ավելի էր զինված։ Չհասկացա՝ այս պարտությունն ո՞վ կազմակերպեց։ Չեմ ուզում վրեժ փնտրել, դավաճան փնտրել, բայց իրականում դավաճան գոյություն ունի՝ օդում, չմարմնավորված» ։
Ամալյանը հիշեցնում է Խաչիկ Մանուկյանի բանաստեղծության «Բարձունքը մերն է,տղերքը՝ չկան» տողը ու ցավով արձանագրում՝ չկան ո՛չ տղերքը, ո՛չ բարձունքը։
«Նժդեհն ասում է. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, հայրենիքը՝ նրա մշակույթն ու ժողովուրդը»։ Եթե մենք մշակույթ ու ժողովուրդ ենք զոհում պատերազմի ժամանակ, հայրենիքն էլ հետն ենք կորցնում։ Հա՛մ տարածք չունենք, հա՛մ մարդ չունենք։ Խաչիկի բանաստեղծությունը գողացան։ Էդ գործն ամեն կարդալուց իմ մեջ կշռում էի՝ բարձունքն էր պետք, թե՞ Դուշմանը։ Մեծ առումով՝ ավելի լա՞վ չէր՝ Դուշմանը, Վոժդը, Կարենը, Ցուլը մնային ու սերունդ դաստիարակեին: Միգուցե մեր հասարակությունն այսպիսին չլիներ»։
Թատրոնից դուրս եմ գալիս, մտքումս՝ Դավիթի Ամալյանի տողերը. «Սակայն ես ինքս մի ստեղն եմ կյանքի, ու ինձ էլ, ասես, կյանքն է նվագում»։
Ձեռքիս Վարդանի ներկայացման հրավիրատոմսն է, վրան՝ Վարդանի միտքը. «Սա գրածիս վերջն է, բայց նոր կյանքի սկիզբը»։




