ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ցուցարարները հանդես են եկել հայ ռազմագերիների արձակման պահանջով

Մայիսի 18-ին Փարիզում ֆրանսահայերը հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ գերության մեջ գտնվող հայ զինվորներին ազատ արձակելու, Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինվորներին դուրս բերելու պահանջով:

Ելույթ են ունեցել  ֆրանսիական համայնքի ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը: Վերջինս շեշտել է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ արձագանքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ սադրանքին ու հստակ է արտահայտվել։

Աթալն ասել է, որ կշարունակեն աշխատել հիմնական առաջնահերթություններով. պահպանել հայկական տարածքի ամբողջականությունը, որը նոր ներխուժման է ենթարկվել՝ միջազգային իրավունքի խախտմամբ, լուծում գտնել այն հայ բանտարկյալների համար, ովքեր այժմ անտանելի պայմաններում պահվում են Ադրբեջանում։ «Այսօր մենք ուզում ենք առաջ շարժվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում»,-նշել է Գաբրիել Աթալը։

Ֆրանսիայի խորհրդարանականները՝ Պիեռ Ուզուլյասը, Վալերի Բուայեն, Դանիել Կազարյանը, Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Գի Թեսյերը դատապարտել են հայ երիտասարդ զինվորների նկատմամբ կատարված ոճրագործությունները, ինչպես նաև Բաքվի ռազմավարի այգին։ Գի Թեսյերը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Մինսկի խմբին, ԵԱՀԿ-ի նախագահությանը և Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանից պահանջել անհապաղ կիրառել պատերազմի միջազգային օրենքները:

Կարդացեք նաև

Back to top button