
Քաշաթաղը Թումանյանի թանգարանում է։ Տնօրեն Անի Եղիազարյանն ասում է, որ մինչև մայիսի 28-ն այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Քաշաթաղի մշակութային բացառիկ կոթողներին։ Տասը օր թանգարանում դասախոսություններով հանդես կգան պատմաբաններ, հնագետներ, քաղաքագետներ և ճարտարապետներ՝ ներկայացնելով Արցախի պատմական այս տարածքի էթնիկ առանձնահատկություններն ու պատմությունը։
«Ի սկզբանե մեր մրցույթում հաղթած տարածաշրջան պետք է գնայինք՝ ծանոթանալու տեղի հուշարձաններին։ Հաղթեց Քաշաթաղը, բայց կյանքի բերումով այսօր չենք կարող գնալ այնտեղ, և Քաշաթաղը ժամանակավորապես՝ լուսանկարների տեսքով, տեղափոխել ենք թանգարան»,- ասում է Անի Եղիազարյանը։
«Հայկական Քաշաթաղը» խորագրով լուսանկարների շարքի հեղինակը Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանն է։ Օրը միայն թանգարաններինը չէ․ 92 թվականի մայիսի 18-ին Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձոր քաղաքն ազատագրվեց։ Վերջին երեսուն տարիներին այս օրը տեղի բնակիչները նշում էին շուքով։ Այսօր այդ տարածքում քիչ տներ են կան, որտեղ մարդիկ են ապրում:

«Հետաքրքիր են այն տապանաքարերն ու խաչքարերը, որոնք հարյուրներով ցրված են Քաշաթաղի անտառներում ու ձորերում։ Ազատագրելուց հետո մեր բնակիչները շատ ուշադիր էին, երբ մի տեղ նոր կոթող էին հայտնաբերում, ասում էին, գնում լուսանկարում էինք։ Ինձ նաև երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի աշխատությունն է օգնել, որտեղ նա դեռ խորհրդային տարիներին արված լուսանկարներն ու ուսումնասիրություններն է հավաքել։ Դա ահռելի աշխատանք է, հիմա այդ ամենը կրկնապատկվել է նաև մեր աշխատանքի արդյունքում»,-ասում է Զոհրաբ Ըռքոյանը։
Այս տարի թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշերը» անցնում է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրով։ Թանգարաններն այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ են՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Նրա խոսքով՝ մշակութային կենտրոններից դրանք վերածվում են կրթական ոչ ֆորմալ հարթակների:
«Գլոբալ իմաստով մենք լրջագույն խնդիրներ ունենք մեր արժեքների կոնսերվացման գործում։ Առաջիկայում որոշ վերաբաշխումներ կանենք, մշակույթի ոլորտին տրվող ֆինանասավորման տրամաբանության մեջ փոփոխություններ պետք է արվեն՝ նպաստելով մեր արժեքների պահպանմանը և հանրայնացմանը։ Ազգային պատկերասրահի 100–ամյակին ընդառաջ մենք նոր ծրագիր ունենք՝ «Հիշողության կերպարանքները», կտավներ վերականգնողներ են ժամանելու Հայաստան, և փորձի փոխանակման հնարավորություն ենք ունենալու»,-ասում է Արա Խզմալյանը։

Ազգային պատկերասրահում սպասվող նոր ծրագրի մանրամասները տնօրեն Մարինա Հակոբյանն է ներկայացնում․ «Մենք որոշել ենք բացել հազար կողպեքի տակ փակված բաժինները, որոնց փակ լինելու պատճառով մարդիկ չգիտեն, թե թանգարանցիներն իրականում ինչով են զբաղվում, ինչ ֆոնդ ունենք։ Նաև վերականգնված ցուցանմուշներն ենք ներկայացնելու այցելուներին։ Այսօր մեր առաջին ցուցահանդեսն է՝ Բաշինջաղյանի, Սարյանի, Կոջոյանի վերականգնված կտավներն են ցուցադրվելու, ներկայացնելու ենք փաստավավերագրական հարուստ նյութով, ունենալու ենք նաև արվեստանոցի անկյուն, որտեղ այցելուները բացառիկ հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչպես են վերականգնվում կտավները»,-ասում է Մարինա Հակոբյանը։
100 տարեկան թանգարանների շարքում է նաև Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։ Տնօրեն Կարո Վարդանյանը կարծում է, որ համավարակի ծանր շրջանը թանգարանները կարողացան հաղթահարել, թեպետ դրանց բացվելուց հետո մտահոգությունները շատ էին:
«Երբ ամեն ինչ փակ էր, մենք, մի կողմից, ոգևորվել էինք, որ հանրությունն ապավինեց թանգարանների առցանց աշխատանքին, մեր էջերը տասնյակ հազարավոր դիտումներ գրանցեցին, բայց նաև մտահոգություն ունեինք՝ արդյոք կարո՞ղ ենք վերականգնել այցելուների հոսքը, բայց հիմա, երբ 2019-ի տվյալների հետ համեմատում ենք, գրեթե չկա տարբերություն, դա նշանակում է հանրությունը վստահում է թանգարանին»,-ասում է Կարո Վարդանյանը։

Այդ վստահությունը փաստվում է նաև վիճակագրությամբ․ 2020 թվականին թանգարանների պաշտոնական կայքերում հավանումների թիվը գերազանցել է 1 միլիոնը, դիտումներինը՝ 20 միլիոնը։ Այսօր արդեն այցելուները կայքի հղումով անցնելու փոխարենկարող են այցելել թանգարան․ «Թանգարանների գիշեր»-ը ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար կընդունեն այցելուներին։




