
Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաքարը, հուշապատը և 5 դասարան անվանակոչվեց զոհվածների անուններով: Հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էր վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Կրթության նախկին նախարարը այսօր դպրոցին հանձնեց ԿԳՍՄ նախարարության ոսկե մեդալը, որի հրամանագիրը նա ստորագրել էր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի սխրանքների մասին լուրը լսելուց հետո:
Յոթ զոհ, մեկ անհետ կորած, բոլորն էլ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից: Հերոսների գյուղը փառքով պսակվեց, երբ ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանին՝ կատարած սխրանքների համար, Արցախի նախագահը արժանացրեց Արցախի հերոսի կոչման: Դավիթ Գրիգորյանը 15 տանկ և հետևակային մարտական մեկ մեքենա էր ոչնչացրել: Հերոսի հայրը՝ Լյովա Գրիգորյանը, որդու առաջնագծում լինելու մասին տեղեկացել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից, երբ ռադիոկապով հնչեցրել է հրամանագիրը՝ նրան բարձրագույն պարգև շնորհելու մասին. «Խոր ցավ եմ ապրում բոլոր զոհվածների համար, ի թիվս՝ Դավիթի: Տղաները զոհվեցին գիտակցաբար, մտածելով, որ երկիրը պետք է ճիշտ ուղղությամբ ապրի ու բարգավաճի, ունենանք հզոր բանակ: Պատերազմի ժամանակ միշտ խոսացել ենք Դավիթիս հետ, բայց չենք իմացել, որ առաջնագծում է: Հոկտեմբերի 4-ին, երբ տվեցին «Արցախի հերոս»՝ հենց այդ օրն ենք իմացել: Դավիթս զոհվեց հանուն հայրենիքի»:
Հերոսների գյուղում այսօր հիշատակի օր էր: Հերոսներ ծնած դպրոցի բակում բացվեց Արցախյան 2-րդ պատերազմում զոհված հերոսների անուններով հուշաքար, որն օրհնվեց Սարդարապատի եկեղեցու հոգևորականի ձեռամբ: 7 զոհից 6-ը հայրենասիրության դասերը քաղել էին այս դպրոցից: Զինղեկ, մայոր Ռուստամ Պողոսյանը հպարատանում է իր սաների հայրենիքի նկատմամբ տածած սիրով ու անվախությամբ.
«Ինձ բախտ է վիճակվել 5-ին ուսուցանելու, բանակ ճանապարհելու: Գործի բերումով ես բոլորին կոչ եմ անում, իմ հոգու պարտքն է՝ ուղղորդել զինվորական ծառայության: Պատահական քայլ չէր: Նրանց արարքը այս զինվորական նախապատրաստվածության առարկայի ուսուցմամբ արված լիարժեք քայլեր էին»:
Ավետիս Ավետիսյանի 2-րդ որդին ծնվել է նրա մահից 3 շաբաթ անց: Առաջնեկը 10 տարեկան է: Կինը՝ Արմինեն, նայում է փոքրիկին և արցունքների միջից ժպտալով ասում՝ որդիներին դեռ շատ բան է պատմելու զինվոր հոր մասին:
«Պատերազմի ժամանակ տանն էր, արձակուրդում: Լսեց ու շտապեց, չսպասեց մեքենային: Ինքն իրենով գնաց, հասավ այնտեղ: Բարի, հոգատար, շրջապատին նվիրված, իր գործին՝ առավել ևս»:
Սարգիս Պողոսյանը ավագ լեյտենանտ էր, պահեստազորի սպա: Նա պատերազմի առաջին օրերին է զոհվել՝ սեպտեմբերի 29-ին: Վիրավորվել էր, բժիշկները 10 օր պայքարել էին նրա կյանքի համար.
«Խմբին էր ուղեկցել, գնացել էր, որ վերադառնար, բայց որոշել էր մնալ: Անօդաչուի պայթյունից էր վիրավորվել՝ սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը: Վնասվածքները շատ մեծ էին ու բարդ: Հարվածը գլխին էր ստացել»:
Սպարտակ և Դավիթ Մարտիրոսյաններ, եղբայրները ժամկետային զինծառայողներ էին: Սկզբում Դավիթն էր մեկնել, մեկ տարի հետո՝ Սպարտակը: Եթե պատերազմը չլիներ հուլիսի 9-ին Դավիթը կզորացրվեր: Հորաքրոջ աղջիկն է պատմում.
«Դավիթս գնացել էր եղբորը տեսնելու: Երկուսն էլ զոհվել էին միասին, անօդաչուի հարվածից»:
Հերոսացած տղաների մասին դժվարությամբ խոսեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա առաջարկով պատերազմ մեկնող կամավորականների մեկ վաշտ անվանվել էր «Սարդարապատ».
«Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցանք ահռելի մեծ ու ցավալի կորուստներ: Մեր եղբայրները կյանքի ու մահու կռիվ տվեցին, անմնացորդ ծառայեցին և ծառայության ընթացքում հայրենիքին զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Իրենց սխրանքներով աշխարհին ապացուցեցին հայի արժանապատիվ տեսակը: Ապացուցեցին այս հող ու ջրում ապրելու և արարելու իրենց արդարացի իրավունքը: Սիրելի մայրեր, սիրելի ուսուցիչներ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ մեր եղբայրներին հայրենասիրական դաստիարակություն տալու համար»:
Այսօր Վարչապետի գլխավոր խորհրդական, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը Սարդարապատի դպրոցին հանձնեց նախարարության ոսկե մեդալը: Հրամանագիրը նա ստորագրել էր Դավիթ Գրիգորյանին Արցախի հերոս բարձրագույն կոչում շնորհելուց հետո.
«Նման սխրանքներ երբ գործում են, գործում են այն ուսումնական հաստատությունների շնորհիվ, որտեղ նրանք կրթվել են, շնորհիվ այն ուսուցիչների, որոնք տարիներ շարունակ աշխատել են նրանց հետ և այդ տարիները հենց այնպես չեն անցնում: Նրանց սխրանքները պետք է մեզ ստիպեն աշխատել, շենացնել, ուժեղացնել մեր պետությունը, որպեսզի մենք նորովի վերաիմաստավորենք նրանց նահատակությունը, նրանց հերոսությունը»:
Սարդարապատի դպրոցում դասարանները անվանակոչվեցին նորօրյա հերոսների անուններով, իսկ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հովանավորությամբ բացվեց նաև սարդարապատցի հերոսների անուններով հուշապատ:
















