ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍՆ-ն ու ԵՊՀ-ն լեզու չեն գտնում․ նախարարը՝ գիտխորհրդում

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ՝  նրանց հարցերին պատասխանելու և բուհում առաջացած ճգնաժամից՝ կառավարության  առաջարկած  ելքը պարզաբանելու նպատակով։ Իսկ այդ ելքը գործադիրն առաջարկել էր որոշման նախագծով, որով  փոփոխվում է   բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը։  Բուհերում առաջարկը ելք չեն համարում։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ առանց ԵՊՀ ներկայացուցիչների․ այսպես է ցանկանում տեսնել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Մայր բուհի կառավարող մարմինը։

«Խորհրդում չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ։ Իհարկե, մեր երկրում դժվար է գտնել նրանց, ում ես պատկերացնում եմ, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություններ անել այդ հիմնադրամում»։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հիշեցնում է՝ Դումանյանը նախարարի պաշտոնը զբաղեցնում է այն քաղաքական թիմի շնորհիվ, որն իշխանության էր եկել խոստումով՝ բուհերում ռեկտոր պետք է ընտրվի ուսանողների և դասախոսների որոշմամբ։

Կառավարության՝ մայիսի 4-ին ընդունած որոշմամբ փոփոխվել է պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը: Կրճատվել է կառավարման խորհուրդների անդամների թիվը․  32-ի փոխարեն` 20, սահմանվել է, որ խորհրդի կազմի 55 տոկոսը առաջադրելու իրավունքը վերապահվում է հիմնադրին՝ կառավարությանը։

«Ժամանակը չէ՞ որ այս ձևականությունները դադարեցնեք եւ հայտարարեք, որ ուզում եք ԵՊՀ-ում ուղղահայաց կառավարում իրականացնել, նշանակովի ռեկտոր ունենալ»

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի դիտարկումը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիպման ժամանակ անպատասխան մնաց։ Բայց նախարարը ներկայացրեց՝ ինչու և ինչպես է Մայր բուհը հասել այդ վիճակին և ինչու է նման որոշում կայացնելն այդքան հրատապ եղել։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում էին գրել։ Խորհուրդը լուծարվել էր։

«Մթնոլորտն այնքան էլ լավը չէր, և երբ երկրորդ նիստը հրավիրվեց, զարմանալիորեն մի քանի հարց կար օրակարգում, որտեղ բացակայում էր գլխավոր հարցը` խորհուրդը նախագահ չունի: Դա տարակուսանք առաջացրեց, և մարդիկ իրոք ցանկություն չունեին մասնակցելու այդ նիստին, իսկ ես չէի կարող խնդրել, բարոյական ճնշում գործադրել գործընկերներիս վրա, որպեսզի նրանք գային խորհրդի նիստի, որտեղ չկար գլխավոր հարցը…»

ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Մենուա Սողոմոնյանի հարցին՝ արդյոք 11 անդամի հրաժարականները չեն  եղել ուղղորդված, նախարարը պատասխանեց՝ որոշումը քննարկվել է:

«Համարեք, որ, այո,  գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել։ Բնականաբար, անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է, և դա կարծում եմ, որ պարզ է»,

Կառավարության ընդունած որոշման նախագիծը տեղադրված էր e-draft-ում և ենթադրում էր հանրային քննարկում՝ մինև մայիսի 14–ը։ Սակայն Կառավարությունն այն ընդունեց նախանշված  ժամկետի ավարտից 10 օր առաջ։ Դումանյանն ընդունում է՝ ժամկետը խախտվել է, ինչը  թույլատրելի է բացառիկ դեպքերում՝ հրատապությունից ելնելով։

Իսկ գիտխորհուրդն արդեն որոշել է՝ որոշման իրավաչափությունը վիճարկվելու է։ Դիմելու են  Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում կառավարության որոշման սահմանադրականությունը  վիճարկելու խնդրանքով։ Մտադիր են որոշման իրավաչափությունը վիճարկել նաև Վարչական դատարանում։

Կարդացեք նաև

Back to top button