ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն մայիսի 10-ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում վարչապետի ընտրությունն է

Մայիսի 10-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է:

Մայիսի 3-ին կայացել էր ևս մեկ հատուկ նիստ: Առաջադրված էր միայն մեկ թեկնածու: «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին: ԱԺ-ն այդ նիստում 1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ ձայներով վարչապետի պաշտոնում չէր ընտրել Նիկոլ Փաշինյանին:

Ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, հանրապետության նախագահն ընդունել էր Կառավարության հրաժարականը:

Վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Սպասվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։

Կարդացեք նաև

Back to top button