ԿարևորՀասարակություն

Արմավիրի զբոսայգում կպտտվեն նոր կարուսելներ. մանուկների համար նոր կենտրոն է կառուցվում

Արմավիր քաղաքի զբոսայգում մանկապատանեկան հանգստի գոտի է կառուցվում: Այնտեղ լինելու են ժամանակակից խաղեր, կարուսելներ: Կարուսելներ քաղաքում այսօր էլ կան, բայց ընդամենը երկուսը և հնամաշ: Նոր կենտրոնի աշխատանքները մոտենում են ավարտին: Նախաձեռնողները հույս ունեն, որ ամռանն արդեն փոքրիկները կարող են օգտվել իրենց ծառայություններից:  

Արմավիր քաղաքի զբոսայգում մանկական զվարճախաղերի  ու հանգստի կենտրոն է կառուցվում: Տարածքը  շուրջ 2600քմ է. որից 1600 քմ  վարձակալության է տրվել 25 տարով՝ 1 քմ-ի համար սահմանվել է տարեկան 300 դրամ վարձավճար:

Մնացած հատվածը, որտեղ գտնվում է ավտոդրոմը, տրվել է ենթավարձակալության: Ավտոդրոմի օգտագործման համար Արմավիրի  ավագանին սահմանել է 5000 դրամ ամսավճար՝ տարվա միայն 7 ամիսների ընթացքում՝ ապրիլից-հոկտեմբեր: Ենթադրաբար, դրանք այն ամիսներն են, երբ եղանակը թույլ կտա շահագործել ավտոդրոմը:

Մանկապատանեկան կենտրոնի ստեղծման համար անհատ ներդրող Արթուր Շիրվանյանը 250-300 միլիոն դրամ ներդրում կանի: Երկու տարի առաջ, 2018-ի ավարտին  կենտրոնի կառուցման շուրջ համաքաղաքացիների կարծիքը լսելու համար Արմավիրում հանրային քննարկում էր կազմակերպվել: Նախագիծն իրականացնողները վստահեցրել էին, որ մանկական խաղակենտրոնի տարածքում բարձրահարկեր չեն կառուցվելու. 

«Բացարձակապես,  քարե ոչ մի շինություն, ոչ մի կապիտալ շինարարություն չի նախատեսվում: Լինելու են կարուսելներ՝ նախատեսված 2 տարեկան երեխայից մինչև 30 տարեկան մարդկանց համար»:

Մանկապատանեկան զվարճանքի ու հանգստի  կենտրոնը   կառուցվում է Արմավիրի թեմի առաջնորդարանի և սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարևանությամբ: Այգու այդ հատվածում տարիներ առաջ ծառեր են հատվել, փոխարենը նորն է տնկվելու, իսկ զբոսայգում «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն  100 ծառ տնկվել է: Արմավիրի քաղաքային զբոսայգու տնօրեն Դավիթ Պետրոսյան.

«10 նոր տեսակի թուփ ու դեկորատիվ ծառեր տնկվեցին՝  սաֆորա, օճառածառ, հացենի, կատալպա: Վնասատուների դեմ պայքարելու նպատակով բոլոր ծառերը կրապատվել են»:

Մանկապատանեկան հանգստի գոտում  առաջին 4 տարում  տեղադրվելու է 4 կարուսել, հետո թիվը կավելացնեն՝ մինչև 10-ը:

Քաղաքի զբոսայգում հիմա 1 կարուսել է գործում,  մեկ խաղահրապարակ՝ 2-7 տարեկան երեխաների համար, և սթրիթ-վորք աութի   մարզասարքեր: Օրվա բոլոր ժամերին այգու խաղահրապարկը  մարդաշատ է: Զրուցում եմ մի քանիսի հետ.

«Երեխաներին մանկական սրճարան էինք տարել, հետո որոշեցինք բերել այգի, կարուսել նստեն: Հույս ունեին, որ նոր կարուսելներն արդեն բացված կլինի, բայց չէ: Երբ բացվի, երեխաներն էլի կգան, ժամանակ կանցկացնեն, մենք էլ կհանգստանանք, կնստենք, իրենք էլ՝ կխաղան»:

«Կուզեինք, որ երեխաների համար սրճարան լիներ, ավելի հետաքրքիր կարուսելներ»:

«Լավ կլիներ, որ ծայրամասերում էլ կառուցվեր, հարմար վայր ընտրվեր, քանի որ  մարդիկ երբեմն  հեռավորության պատճառով դժվարանում են երեխաներին այգի բերել»:

Մանկապատանեկան կենտրոնի կառուցման աշխատանքները պիտի ավարտվեին անցած ձմռանը, բայց ծրագրերը փոխվեցին, չհասցրին: Պատմում է շինաշխատանքների  պատասխանատու Սահակ Շիրվանյանը.

«Լողավազանն ավելացավ,  թեպետ նախատեսված էր, բայց նպատակը փոխվեց մանկական խաղերի համար, ոչ թե լողալու: Ձմռանն այն կծառայի որպես սահադաշտ: Որոշեցինք նաև ավտոդրոմը վարձակալել և նորացնել, ավելի ժամանակակից դարձնել, էլեկտրական հոսանքալարերի փոխարեն մեքենաները կշարժվեն էլեկտրական մարտկոցներով»:

Մանկապատանեկան  զվարճանքի և հանգստի կենտրոնում հիմա տեղադրվում է ժամանակվոր սրճարան՝ բացօթյա տաղավարներով: Մինչև ամռան սկիզբը կենտրոնը կբացի դռները փոքրիկ այցելուների առջև:

Կարդացեք նաև

Back to top button