ԿարևորՀասարակություն

Ի՞նչ կտա գերիների հարցում միջազգային ակտիվությունը․ փաստաբանները լավատես են

Կառավարության նիստում այսօր անդրադարձել են գերիների ցավոտ խնդրին։ Վարչապետը հուսադրող և լավատեսություն ներշնչող է համարել Եվրամիության երեկ տարածած հայտարարությունը, որով կառույցը կոչ է անում ապահովել բոլոր  ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից։ Կառույցը նաև հորդորում է Բաքվին ՄԻԵԴ–ի պահանջած տեղեկատվությունը լիարժեք ներկայացնել։ Այս շեշտադրումն արվում է, քանի որ Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին ծանուցել է, որ Ադրբեջանը խախտում է տեղեկություններ տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները և ընդհանրական տեղեկատվություն  է ներկայացնում։

Գերիների վերադարձի հարցը դառնում է միջազգային օրակարգի հարց՝ այսօր կառավարության նիստում ասել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Եվրամիության երեկ ընդունած հայտարարությանը։ կառավարության ղեկավարն այն կարևոր հայտարարություն է համարում։

 «Երեկ Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում կոնկրետ և հասցեական արձանագրվում է , որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում` անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարվածների վերաբերյալ հայտարարությամբ Եվրամիությունը  կոչ է անում ապահովել «մնացյալ  ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։ Այս ամրագրումը կարևոր է , քանի որ Ադրբեջանում պահվող անձանցից  56-ին, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, Բաքուն ռազմագերիներ  չի համարում և պնդում է, որ նրանք  «ահաբեկիչներ և դիվերսանտներ» են:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ Ադրբեջանը հաստատել է 72 հայի գերության և պահման փաստը։

«Ունենք 70 ապացուցված դեպք, ունենք հիմնավոր ենթադրություններ, որ շուրջ 50 անձ էլ ենթադրյալ գերիներ կարող են լինել»։

Եվրամիությունը հայտարարությամբ Ադրբեջանին նաեւ կոչ է անում ներկայացնել գերեվարված անձանց մասին ՄԻԵԴ-ի պահանջած  ամբողջ տեղեկատվությունը։ Այս շեշտադրումն արվում է, քանի որ Եվրոպական դատարանը ծանուցել է Նախարարների կոմիտեին իր կողմից կիրառված  միջանկյալ միջոցների մասին՝ ընդգծելով, որ  Ադրբեջանը խախտում է սահմանված ժամկետները,  ընդհանրական ու սահմանափակ տեղեկատվություն է տրամադրում։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ԵՄ-ի հայտարարության մեջ ՄԻԵԴ–ի  հիշատակումը քաղաքականից բացի նաև իրավական բովանդակություն  է.

«Վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»։

Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ կառույցների շատ ավելի լայն շրջանակ է  ներգրավված գործընթացում, ինչը հույս է ներշնչում, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի  հարցում  հնարավոր է դրական տեղաշարժ ։   

 «Այս պահին պրոցեսը սառը վիճակում է։ Մենք կարճաժամկետ հեռանկարում դրական տեղաշարժ չենք ակնկալում, բայց գործընթացը  բազմագործոն է, որտեղ գերակշիռ են նաեւ քաղաքական գործոնները, չենք բացառում՝ որոշակի կառույցների, պետությունների վերադիրքավորման արդյունքում  լինի տեղաշարժ։ Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում գերիների վերադարձի հարցում  դրական տեղաշարժ հաստատ տեղի է ունենալու»։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիների վերադարձի հարցով վերջին անգամ հանդիպել են շուրջ մեկ ամիս առաջ, ինչը չի նշանակում, թե դրանից հետո հաղորդակցություն չի եղել՝   այսօր խորհրդարանում ասել  է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան  Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շարունակվում են բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության կառույցների ղեկավարների միջև։

 «Հանդիպումները պարբերաբար արվում են, բնականաբար, գերիների հարցին լուծում տալու համար։ Անմիջական հանդիպումներից բացի նաեւ հեռախոսային կապ գոյություն ունի»։  

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման հարցով միջազգային մի շարք կառույցների նամակով դիմել է նաև   Հայաստանի  նախագահը։ Արմեն Սարգսյանը ԵԽ գլխավոր քարտուղարին և Եվրախորհրդին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը կոչ է արել միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:

Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Պատերազմից հետո հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն էին, այլև Արցախում քրեական հանցագործության համար դատապարտված  երկու ադրբեջանցի։ Հայաստան է վերադարձվել հայ գերիներից  69-ը։ Տարբեր տվյալներով՝ Ադրբեջանի տարածքում շուրջ 200 հայ ռազմագերի ունենք։

Կարդացեք նաև

Back to top button