
Բաքվի խաղաղասիրական պատրաստակամության կեղծ լինելու ամենավառ ապացույցներից մեկը Բաքվում Արցախյան վերջին պատերազմի թեմայով բացված պուրակն է, որտեղ ռազմավարի կողքին ցուցադրված են հայ զինվորների կերպարներ՝ արժանապատվությունը խոցող վիճակում: Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանին սա ամենից առաջ Այգեկցու հայտնի առակն է հիշեցնում և «գառները՝ ողջ, գայլերը կուշտ» ձևակերպման անհնարինությունը։ Խաղաղասիրությունը պետք է համահունչ լինի պետական շահին և չոտնահարի ժողովրդի արժանապատվությունը՝ շեշտում է Գևորգյանը։
«Մտքիս է գալիս Վարդան Այգեկցու «Այծերը և գայլերը» հայտնի առակը, որի ավարտն ավելի քան խոսուն է, գայլերը այծերին հոշոտում են, իսկ այծերին պաշտպանող հովիվները, հովվաշները և գելխեղդներն այդ ժամանակ էլ չկային։ Մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների պարագայում ժամանակավրեպ և կեղծ խաղաղասիրական է վերը նշված օրակարգը։ Պատմական անցյալից դասեր է պետք քաղել, պարոնայք, խաղաղությունը չեն մուրում, դատապարտված է խաղաղություն մուրացող ժողովուրդը և պետությունը», — ասել է Գևորգյանը։

Ադրբեջանի նախագահը Բաքվում հայտարարել է, թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։ Մինչդեռ խորհրդարանում այս հայտարարությունը հակընդդեմ սուր մեկնաբանություններ է առաջացրել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից պատգամավոր Արման Աբովյանն ընդգծում է՝ աներկբա է՝ Ադրբեջանն ու Թուրքիան թշնամի են և միշտ էլ ձգտելու են հայերի ֆիզիկական ոչնչացմանը․ դա նրանց պանթյուրքական վաղեմի քաղաքականությունն է։
«Կարելի է դիսկուրսը ավարտված համարել՝ արդյո՞ք թշնամի են Թուրքիան և Արդբեջանը։ Այո, թշնամիներ են, վաղեմի թշնամիներ։ Այո, բարբարոս պետություններ են։ Իրենց գաղափարախոսության հիմնասյունը ոչ միայն Հայաստանի և Արցախի քաղաքական մեկուսացումն է, այլև հստակ, պարզ հայ ժողովրդի ոչնչացումը», -նշել է Աբովյանը։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի համար միանշանակ է՝ Ալիևն անկեղծ է ու անկեղծորեն էլ արտահայտում է թշնամական իր մտադրությունները։
«Ըստ էության՝ նա խոստանում է ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռևանշի մասին։ Նա հայտարարել է, որ այսքան տարի բանակցություններ է վարել մի նպատակով, որ անհրաժեշտ սպառազինություն կարողանա ձեռք բերել, տնտեսությունը վերականգնել և վրեժ լուծել հայերից»,- ասել է Բաբաջանյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարակուսում է՝ ի՞նչ կտա հայերեն լեզվով, հայկական ամբիոններից Ալիևին դատապարտելը։ Արդյունավետ լոբբինգ է պետք՝ ցույց տալու աշխարհին, որ գործ ունենք իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության վարք ունեցող պետության հետ, հակառակ դեպքում պատմությունը կրկնվի։
«Ձեզ թվում է՝ դուք հայերենով այստեղ Ալիևին շան տուր եք տալիս, դա ինչ–որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա։ Ու՞ր է միջազգային դիվանագիտական աշխատանքը։ Պետք է գործ արվի։ Պետք է ամբողջ աշխարհը տեսնի՝ ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Ինչ արհավիրք է թուրք–ադրբեջանական տանդեմը»,-շեշտել է Մարուքյանը։

«Իմ Քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը հակադարձում է Մարուքյանին ու հիշեցնում՝ Եվրախորհրդարանում գերիների վերադարձի հարցով կազմակերպված քննարկմանը ՄԻՊ-ի հետ համատեղ անդրադարձել են թեմային, երբ պուրակի մասին տեղեկությունը դեռ նոր էր համացանցում։ Իմքայլական պատգամավորը կոչ է անում, անկախ ներքաղաքական տարակարծություններից, միասնաբար գործել արտաքին դաշտում։
«Այդ աշխատանքը արվում է, պարոն Մարուքյան, խնդրում եմ Ձեզ և մեր բոլոր գործընկերներին՝ արտաքին դաշտում միասնական գործենք։ Եկեք մեր արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքաղաքական հաշիվներ լուծելու համար, մենք դրանով պետությանը որևէ օգուտ չենք տա»,-ընդգծել է Եղոյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օրակարգին անցնելուց առաջ նախ հայտարարում է՝ կիսում է այս մոտեցումները։
«Հարգելի գործընկերներ, չեմ կարող չհամաձայնել հնչած բոլոր ելույթներում առկա ձևակերպումների առնվազն մեծ մասի հետ, այնուամենայնիվ, ստիպված եմ վերադառնալ մեր ընթացակարգային հարցերին»,-ասել է Միրզոյանը։

Կոշտ հայտարարություններ միայն խորհրդարանում չէ, որ հնչել են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Բաքվի քայլը ֆաշիստական ցինիզմ է անվանում։ Արցախի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին առավել զարմացնում է ոչ այնքան բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
«Ալիևը դրանով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհվածների, անհետ կորած ու գերեվարված անձանց հարազատներին»,- գրված է Արցախի ՄԻՊ–ի տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Բաքվի՝ այսպես կոչված պուրակի բացման քայլը որակում է ոչ այլ ինչ, քան Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ այդ երկրի ցեղասպան քաղաքականության վկայություն։ Դա հաստատում է Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը և թշնամանքի քարոզը։ Արման Թաթոյանի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․
«Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար»,-հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:




