
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն այս տարին սկսել է հագեցած խաղացանկով: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշել է, որ մտավախություն է ունեցել , թե ներկայացումներին հանդիսատեսն ինչպես կարձագանքի համավարակի և հետպատերազմյան շրջանում։
Սակայն դահլիճները լեփ-լեցուն են եղել բոլոր ներկայացումներից հետո:
Կարո Շահբազյանն անգամ հանդիսատեսի շրջանում կարոտ է նկատել թատրոնի հանդեպ:
Նոր խաղացանկում ընդգրկված է 25-ից ավելի ներկայացում:
Առաջիկա ծրագրերում իրենց տեղն են ունենալու նաև մանկական ներկայացումները: Թատրոն է հրավիրել Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը․ առաջիկայում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Քաջ Նազարը» ներկայացումների առաջնախաղը կլինի: Վերջինի երաժշտությունն, ի դեպ, գրում է կոմպոզիտոր, դաշնակահար ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
Թատերական ներկայացումներին կներգրավվեն 100-ից ավելի մասնակիցներ՝ դերասանական կազմ, երգչախումբ, մենակատարներ, նվագախումբ, բալետային խումբ՝ ասել է թատրոնի տնօրենը:
«Մի շատ կարևոր ծրագրի մասին ևս կուզենայի ասել: Դեռ 2020 թվականին նախատեսում էինք թատրոնում բացել Երվանդ Ղազանչյանի անվան փոքր թատերասրահ, սակայն, համավարակով պայմանավորված, բացումը հետաձգվեց: Այդ տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է, ձեռք ենք բերել նոր գույք, ձայնային, լուսային սարքավորումներ: Ամեն ինչ գրեթե պատրաստ է, նախատեսում ենք, որ այս տարի կանենք նաև այդ թատերասրահի բացումը»,-ասել է Կարո Շահբազյանը։




